Հա՞ որ..


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ճգնաժամը, ինչպես և կարելի էր կանխատեսել, լրջագույն հարված է հասցրել նաև աշխատաշուկային: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում աշխարհում շուրջ 7 միլիոնով ավելացել է գործազուրկների թիվը: Այն եթե իհարկե մոլորակի բոլոր երկրների վրա «բաշխենք», ապա միգուցե առանձնապես սարսափազդու և մտահոգիչ չթվա, բայց խնդիրն այն է, որ նախքան ճգնաժամն էլ գործազուրկներն ահռելի թվով էին հաշվվում, իսկ ընթացիկ տարին փաստորեն է°լ ավելի մռայլ վիճակագրական տվյալներով է առանձնանում: Ճիշտ 7 տոկոս են կազմում նաև մեր երկրում գրանցված գործազուրկները: Զբաղվածության պետական գործակալության հավաստմամբ` իրենց կազմակերպությունում գրանցվածների մի ստվար հատվածին անցնող ամիսներին հաջողվել է աշխատանքով ապահովել: Սակայն ճգնաժամը չի շրջանցել նաև մեր հանրապետության աշխատաշու կան, ու այստեղ նույնպես նախորդ տարիների համեմատությամբ գրանցված ու աշխատանք որոնող քաղաքացիների շեշտակի աճ է արձանագրվել: Մի բան պարզ է. պաշտոնական տվյալներով` մեր երկրում գործազուրկների թիվը 100 հազարից մի փոքր ավել է: Մինչդեռ ակնհայտ է, որ այս թիվը իրականության մի մասն է ամբողջացնում` հաշվառելով, թերևս, միայն այս գործակալությունում գրանցված աշխատանք որոնողներին… Իսկ իրականում աշխատազուրկ և որոնումների ու սպասումների տրված մեր հայրենակիցների թիվը մի քանի անգամ ավելի շատ է: Հետևաբար, երբ աշխարհը սարսափով է ներկայացնում 7 միլիոն անգործ դարձածների մասին վիճակագրությունը, ապա կարելի է ավելի ուշադիր նայել մեր իրականությանը ու ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքարելով հանդերձ` աշխարհում դրա հետևանքներին ավելի թեթև վերաբերվելով: ՃԻՇՏ էլ վարվեց Հանրապետության երկրորդ նախագահը, երբ հարմար առիթն օգտագործելով` ինքն իր գլխի ճարը տեսավ: Աշխատանք չունենալու հոգեմաշ գերխնդրից ազատված Ռոբերտ Քոչարյանը հիմա նույնիսկ ազատ ժամանակը տնօրինելու խնդիրն ունի: Իսկ ԼՂՀ անկախության տոնին Ստեփանակերտ այցելելով` նա հայտարարել է, թե հնարավոր չէ քաղաքականությունից վերջնականապես հեռանալ… Պարզ է, որ խոսքն անկախության տոնին իր անմիջական մասնակցությանը չի վերաբերում, ու ով` ով, բայց հայրենի քաղգործիչներն այս պարագաներում որքա¯ն լավ կհասկանան երկրորդ նախագահին: Չէ՞ որ քաղաքականությունն անբուժելի հիվանդություն է: Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի նման կամային գործիչը չկարողացավ ստվերում մնալու գայթակղությունը զսպել ու Մատենադարանի հարթակին հայտնվեց: Հիմա Ռ. Քոչարյանն, ըստ երևույթին, որոնումների շրջան է ապրում և հավանաբար իր անելիքն ու հենարանը հստակեցնելու պարագայում, շատ չանցած, ինչ-որ նոր տեղում ու նոր կարգավիճակում կհայտնվի: ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՆ, իհարկե, հեշտ չէ: Ահավասիկ, եթե մեծ է հավանականությունը, որ երկրորդ Նախագահի քաղաքական հենարանի դերում Դաշնակցությունը հայտնվի, ապա հաստատ տարբերակներից լավագույնը ընտրված չի լինի: Այս կուսակցության կազմակերպած հանրահավաքին ավելի քիչ մարդ էր հավաքվել, քան մինչ այդ տպագրված ու մայրաքաղաքը հեղեղած պաստառների թիվն էր: Ընդամենը մի քանի հարյուր համակիրների ներկայությունը փաստում է, որ ԼՂՀ խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՅԴ առաջադրած մոտեցում ների հանդեպ հանրությունն անտարբեր է կամ էլ դրանք չի ընդունում: Ի դեպ, նույն «չափորոշիչով» էլ հանրության վերաբերմունքը կարելի կլինի գնահատել առաջիկայում Կոնգրեսի հրավիրելիք նույնաբովանդակ հանրահավաքից հետո նույնպես: