ԱՍՈՒՄ ԵՔ ՄԵ°ՐԸ ԳՆԵ¯՞ՆՔ


Ինչպես հայտնի է` ճգնաժամի արդյունքում գնողունակությունը շեշտակիորեն նվազել է: Ապրանքների սպառման ծավալների անկումը համապատասխանաբար նաև արտադրության և ներմուծման ծավալների իջեցման, աշխատուժի պահանջարկի կրճատման ու մի շարք այլ նման անցանկալի հետևանքներ է ունեցել: Իսկ մեզանում հումքի որակի հաշվին ճգնաժամի վնասները վերականգնելու «հնարամտությունը» երբեմն նաև աղետալի կամ դրան շատ մոտ ավարտ է ունենում: Այսպես պատահեց նաև տեղական երշիկ արտադրողների հետ, երբ մի քանի շաբաթ առաջ պարզվեց, որ վերջիններիս կողմից Հնդկաստանից ներկրվող միսը ոչ թե այնտեղ անօգտագործելի կովերի «արտադրությունն» է, այլ` սատկած գոմեշների: Ինչ խոսք, հայկական «հնարամտությունը» երբեք էլ սահմաններ չի ճանաչել, բայց խնդիրն այն է, որ հայրենի դատախազությունն այդպես էլ ձեռնամուխ չեղավ մաքսային կոմիտեից ներկրող կազմակերպությունների տվյալները ճշտելու և քրեական գործեր հարուցելու` տվյալ դեպքում ամենակարևոր անելիքին… Երշիկեղենի խանութներում առկա խմբաքանակը չառգրավվեց, և ընդհանուր առմամբ երշիկային թեման կարծեք թե աստիճանաբար մոռացվում է: Մինչդեռ հայտնի է, որ շատ երկրներ ընդհանրապես արգելում են Հնդկաստանից մսի ներմուծումը` ելնելով այդ երկրում արտադրվող ապրանքի ոչ այնքան գոհացուցիչ որակական հատկանիշներից: Մեր պարագայում, սակայն, այդպես էլ անհայտ է մնում, թե երբվանի՞ց է սկսվել այդ կեղտոտ գործարքը, ու մինչև երբ են մեր երշիկաբաղձ գոմեշասերները հանուն սեփական գրպանի շարունակելու այդ աղբը ներկրել ու երշիկեղեն հիշեցնող ինչ-որ մթերք արտադրել: Չանտեսենք նաև, որ տարեսկզբից, երբ ողջ աշխարհում սկսեցին նվազել ամենատարբեր ապրանքատեսակների գները, մեր երկրում թափ առած անտրամաբանական գնաճը նաև մսամթերքի շուկայում լավագույնս արտահայտվեց: Ու այսքանից հետո հիմա էլ պարզվում է, որ սատկած գոմեշի մեկ կիլոգրամ մսի դիմաց, բերել-տեղ հասցնելով, մեր գործարարներն ընդամենը 450 դրամ են վճարել: Ահա թե ինչպես կարելի է միլիոնատեր դառնալ, հանուն որի լայն սպառման ապրանքատեսակը ասում են թե աղացած ստվարաթղթով ու անգամ գոմեշի առողջության համար վտանգավոր մի շարք անպետք նյութերով է համեմվում: Հետո էլ նշված գնից ամենաքիչը 1,5 անգամ բարձր արժեքով այս ամենը սպառողին է հրամցվում: Ու ոնց որ թե վատ էլ չի սպառվում… Հետո էլ ասում են` խրախուսենք տեղական արտադրությունը, մերը գնենք, որ առավել ևս ներկայիս վատթարացած տնտեսական պայմաններում մեր ընդհանուր գործին նպաստած լինենք: Բայց եթե մեր մյուս արտադրողներն էլ փորձեն իրենց շահույթներն ու եկամուտներն այս եղանակով ապահովել, ապա վստահաբար կարելի է պնդել, որ հայրենական արտադրություն կոչվածից ոչինչ չի մնա: Այնուամենայնիվ, լավատես լինենք ու հակառակ կարծիքին մնանք` հույսով, որ երշիկեղենի շուկայում բացահայտվածը լավ դաս կլինի բոլոր այն գործարարների համար, ովքեր եկամուտ ստանալու` նման անբարո եղանակների մասին նույնիսկ մտածում են: Չի բացառվում նաև, որ այս ողջ աղմուկը բոլորովին այլ` ոլորտի 100 տոկոսանոց մոնոպոլացման նպատակն ունենա. չէ՞ որ արտադրության լիարժեք վերահսկումը շուկայում մասնակի ներկայություն ունենալուց նախընտրելի է: Չէ՞ որ հանրահայտ ու անվիճելի է նաև այն իրողությունը, որ ճգնաժամից օգտվելու առիթը շատերը չեն կարողանում շրջանցել: Մինչդեռ մեզ նման գործարարներ ունեցողներին սատկած գոմեշի միս վաճառելով, թե, այնուամենայնիվ, ազնիվ ճանապարհներով` բնակչության թվով մոլորակի առաջատարը դառնալ պատրաստվող Հնդկաստանն արդեն իսկ ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարած լինելու մասին է հայտարարում: Թե երբ է մեր կառավարությունն էլ նման բարի լուր ավետելու` առայժմ դժվար է ասել: Համենայն դեպս, մեր հանրապետությունում տնտեսական դժվարությունների հաղթահարման կոնկրետ ժամկետ նշելուց բոլորն են խուսափում: Մյուս կողմից էլ, եթե որոշ տնտեսվարողներ այսքան անտարբեր կարող են գտնվել սեփական ապրանքանիշի հեղինակության ու որակի հանդեպ, ուրեմն կարելի է պատկերացնել, թե պետության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորություններին նրանք ինչպես կվերաբերվեն, և ինչու է այս թեման գործադիրի համար մշտապես արդիական: * * * ՀԴՄ կտրոններն, իհարկե, ինչ-որ բան փոխեցին, ու սա զարմացրել է նույնիսկ Պետեկամուտների կոմիտեի պատասխանատուներին: Բայց խնդրի հարթումը նույնիսկ այդ միլիոնավոր կտրոնները չեն հանգուցալուծի: Մանավանդ, որ կտրոնների դիմաց սպառողներին վճարելու խնդիրն է ակնհայտորեն բարդացել: Թեպետ սույն կոմիտեում խոստովանում են, թե այս գործն իրենք սիրով ու պատրաստակամությամբ են շարունակում իրականացնել, այնուամենայնիվ, նկատելի է, որ հեռուստաէկրաններից «հեռացել» է Հրանտ Թոխատյանն ու իր գովազդը, իսկ բոնուսների վճարման նպատակով հիմա էլ գործարարներին առաջարկում է կտրոնների դարձերեսներին գովազդ տեղադրել… Պարզ է, որ դա թեկուզ արդյունավետ, բայց այնքան էլ էժան չի նստելու տնտեսվարողների վրա: Իսկ ներկա պայմաններում, երբ ցանկացած ընկերություն տրտնջում է համապատասխան միջոցների բացակայությունից և շեշտակիորեն նվազեցրել է գովազդային բյուջեն, պարզ է, որ գոնե համեմատաբար խոշոր կազմակերպությունները ստիպված են լինելու գնալ նման քայլի` առնվազն հարկայինի հետ հարաբերությունները չփչացնելու մտավախությունից ելնելով: Կարճ ասած` Պետեկամուտների կոմիտեի ակնկալիքները չեն բավարարվել ու երկրորդ եռամսյակի համար վճարված շուրջ մեկ միլիարդ դրամի բոնուսը, ըստ երևույթին, գերազանցել է այս կառույցի ղեկավարների նախնական պատկերացումները: Ճիշտ է, վերջիններս խոստովանում են, թե շնորհիվ այս նախաձեռնության ստացված գումարները սպառողներին վճարվածից մի քանի անգամ ավելի են եղել, բայց այստեղ այնուամենայնիվ որոշվել է հետագայում վճարվելիք գումարները կազմակերպություններից գովազդ կորզելու հաշվին լրացնել: Գրեթե կասկածից վեր է, որ այն հաջողությամբ կպսակվի, բայց խնդիրը, մանավանդ երշիկային սենսացիայից հետո, նաև ազնիվ ճանապարհով արտադրություն կազմակերպելու, հետո նոր հարկերը վճարելու շրջանակում է:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ