ՀԱՅՐԵՆԻՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ


«Մեր արմատները թերևս խորն են ավելի, քան բարձր են մեր սաղարթները»: Պարույր Սևակ Լեռնակորով կամքով բանակաշինության աստվածընծա գործն է առաջ մղվում` առճակատելով իրականը անիրականին, բարին` չարին: Եվ այս հակասական-հակոտնյա ճանապարհների խաչմերուկում բացահայտումի ազգաշեն քայլերգ են ձոնել` զինվորին մարտակոչելով` հայրենիքն սկսվում է սահմաններից... Սկզբում զրուցեցինք զորամասի հրամանատար, գնդապետ Արայիկ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ, ապա հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Էդվարդ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ համակողմանի ներկայացրեց զորամասի` հագեցած, մշակութային հանդիպումներով լեցուն առօրյան, վերլուծեց առկա խնդիրները, որոնք կարոտ են համակողմանի ուշադրութ յան: - Եթե այսօրվա իրավիճակը վերլուծենք, կարող ենք հուսալ, որ ապագան այդքան էլ անհուսալի չէ: Եթե առողջ սերունդ է մեծանում, վստահաբար ասում ենք` ներկան` որոշյալ, ապագան` վստահելի… Բարեկիրթ երիտասարդների հետ գործ ունենալը դյուրին է: Չեմ ուզում շրջանցել վերջին զորակոչի ուշագրավ կողմերը` այս նորակոչիկներն ավելի պատրաստված են, ցանկություն ունեն սովորելու, ուրախ եմ, որ երիտասարդության մակարդակը բարձր է և հպարտ եմ, որ երիտասարդների տրամադրվածությունը զինծառայությանը դրական է: Տարիների ընթացքում արմատացած ձևականությունն աստիճանաբար մարում է: Այսօր շարունակում ենք ասել, որ բանակը նորաստեղծ օրգանիզմ է` անշուշտ, որոշակի թերություններից դեռևս չձերբազատված: Որպես նոր օրգանիզմ` բարեփոխումների, բարեկարգումների կարիք ունի: Վերջերս շատ է խոսվում դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվելու մասին: Երևույթն, անշուշտ, ողջունելի է, բայց ինչպես ցանկացած նոր բարեփոխում, ունի լավ և վատ կողմեր… Ավարտելուց հետո բոլորն անխտիր կզորակոչվեն, հետագայում խելացիներն իրենց տեղը կգտնեն կյանքում, իսկ բացասական կողմն այն է, որ ժամանակակից տեխնիկային տիրապետելու համար իմացության որոշակի մակարդակ է պետք, կրթված մարդիկ են պետք, խելացի, հասուն զինվորներ, որ կարողանան իրենց պարտականությունները ճիշտ կատարել: Այսօր տեխնիկան ավելի բարդ է, որը պահանջում է մասնագիտական որոշակի հմտություն: Ժամանակը ցույց կտա, թե որն է ճիշտ, նման փոփոխություններից հետո դրական տեղաշարժ լինելու՞ է, թե՞ ոչ… - Ի տարբերություն նախորդ տարիների` զորացրվելուց հետո հիմա շատերն են շեշտում, որ բանակը լավ դպրոց է: Այսուհանդերձ` դեռևս դժգոհություններ էլ են հնչում. դա գուցե պայմանավորված է հայի բարդ բնավորությա՞մբ: - Թերևս ճիշտ եք շեշտադրում` մենք բարդ բնավորություն ունենք: Ինչպես վերևում նշեցի, նորակազմ օրգանիզմը չի կարող կարճ ժամանակում ձերբազատվել թերություն -խոչընդոտներից: Խոսեմ մի ուրախալի փաստից. այսօր մեր զորամասում պայմանագրային զինծառայողների թիվն աճել է, զորամաս են վերադառնում մե'ր զինվորները: Սա խոսուն փաստ է: Ընդամենը երեք ամիս առաջ զորացրված երիտասարդը վերադարձել է` անցնելով պայմանագրային ծառայության: Սա խոսում է զորամասի առողջ մթնոլորտի մասին: Նրանք այստեղ գալիս են գիտակցաբար… Ըստ իս, երիտասարդին հասկանալու համար պետք է շփման ճիշտ եզրեր գտնել: Հասարակության գիտակցական մակարդակը խորն է: Այսօրվա երիտասարդին ճանաչելու համար պետք է նրանց հոգեբանությունը հասկանալ: Մեկ այլ երևույթի մասին եմ ուզում բարձրաձայնել. առաջ խիստ կարևորում էին ֆիզպատրաստությունը, իսկ այսօր չենք կարող աչք փակել տարիներ շարունակ ձգձգվող անուշադրությանը: Կարծեք սառույցը հալչում է, որոշակիորեն փոխվել է հոգեբանությունը: Թերևս այս զորակոչը նախկիններից տարբերվում է. ավելի առողջ ու խելացի նորակոչիկներ են: Վերադաս հրամանատարության կողմից խիստ է դրված նրանց բուժզննումը: Չնայած այդ ամենին` նորակոչիկների մոտ երբեմն զորամասի ծանրաբեռնված առօրյայից առաջ են գալիս ինչ-ինչ վիճակներ: Նորակոչիկները ¥և ընդհանրապես զինծառայողները¤ միշտ հսկողության տակ են, չէ որ նրանք պետք է անցնեն քաղաքացիական կյանքից տարբեր ռեժիմի: Կան հիվանդություններ, որ կարող են անհետանալ ֆիզպատրաստության միջոցով: Եթե խնդիրներ են առաջանում, անմիջապես ուղարկվում են բուժզննման: Չեմ կարծում, որ կլինեն հրամանատարներ, որ աչք կփակեն նման խնդիրների ժամանակ: Զորամասի առջև մարտական խնդիրներ կան դրված, հիվանդ զինվորներ մեզ պետք չեն: Նորաստեղծ բանակը կարճ ժամանակում կարողացավ բազում փորձություններ հաղթահարել: Այսօր Հայոց բանակը վստահ է իր ուժերի վրա: Ինչ լուրեր էլ տարածվեն, ոչ ոքի աչքերում վախ չեք նկատի, հոգեպես պատրաստ ենք` հիշելով մե'ր հաղթանակը: - Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը… - Այսօր որպես առողջ օրգանիզմ է բանակը` իր թերություններով հանդերձ: Մենք առողջ քննադատությունն ընդունում ենք: Իհայտ եկած բացասական երևույթի դեմ շտապ քայլեր են ձեռնարկվում: Ցավոք, պարապությունն ասեկոսեների համար պարարտ հող է ստեղծում: Պետք է խոսենք նաև դրական տեղաշարժերից: Մենք ¥և ոչ մի համակարգ¤ ապահովագրված չենք թերություններից. եթե օգնել չեն կարող, գոնե չխանգարեն… * * * - Պարոն Բաղդասարյան, ինչպիսի՞ն է զորամասի առօրյան, հագեցա՞ծ է մշակութային միջոցառումներով: - Լինում են բազմաթիվ միջոցառում-հանդիսություններ, նաև այցելություններ մշակութային օջախներ, ինչը զինծառայողներին շատ է հետաքրքրում: Առավել կարևոր ու օգտակար են զրույցները զինծառայողների ¥հատկապես նորակոչիկների¤ հետ: Նրանց համար թևավոր խոսք-խրախուսանք է դարձել «եթե ձեզ լավ չպահեք, ձեզ կռիվ չենք տանի» արտահայտությունը: Ֆիզիկապես տկար զինվորն սկզբնական շրջանում հոգեպես ընկճվում է, անշուշտ, խնդիրները քրտնաջան աշխատանքի շնորհիվ լուծվում են: Մեզ մոտ զինվորը յուրաքանչյուր կիսամյակում քննություն է հանձնում տարբեր առարկաներից, բայց առավել կարևոր է զինվորի ֆիզպատրաստության մակարդակը: Դյուրին է առողջ զինվորի հետ մարտական խնդիրներ իրականացնել: Մեզ համար էլ ավելի դյուրին կլիներ, որ նրանք թե' հոգեպես, թե' ֆիզիկապես լինեին ուժեղ: Ահա այստեղ իր քրտնաջան ու հանրօգուտ դերը պիտի ունենա դպրոցն ու ընտանիքը: Մեր զորամասին կցված են տասից ավելի դպրոցներ, չեմ ցանկանում քողարկել ու չբարձրաձայնել, որ ոչ բոլոր դպրոցներն են նախատեսված պլանի համաձայն համագործակցում մեզ հետ: Հիացած եմ մի քանի դպրոցների պատրաստակամությունից: Շաբաթը 2-3 անգամ այցելում են զորամաս, հանդիպումներ կազմակերպում, խորհուրդներ հարցնում: Այս կերպ համատեղ ջանքերով ձևավորելու ենք առողջ սերունդ` անցումային շրջանի կացնահարվածությունը մեկընդմիշտ թոթափելով: Վերջերս զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների խորհրդաժողովի ժամանակ հարց բարձրացրինք, որ ռազմագիտություն առարկան դարձնեն քննական առարկա: Դա էլ իր դրական ազդեցությունը կունենա զինծառայության ժամանակ: Գաղտնիք չի լինի, եթե ասեմ, որ այսօր հանդիպում ենք նորակոչիկ ների, ովքեր պարզ զինատեսակների օգտագործմանը չեն տիրապետում: Իսկ մենք երկու տարվա ընթացքում պիտի ամեն ինչ հասցնենք, բայց եթե նրանք որոշակիորեն լինեն բանիմաց, ապա մեզ համար գործը բավականին կհեշտանա: Երևույթի առկայությունը նաև ընտանիքից է գալիս: Ընտանիքում արդյոք խոսվու՞մ է հայրենի պատմությունից: Վանկարկում են ազգային գաղափարախոսության մասին, ովքե՞ր են գաղափարախոսության կրողները… Զինվորի առողջական վիճակը հրամկազմի գլխավոր մտահոգությունն է: Զորամասի բուժկետը բարվոք վիճակում է, բուժսպասարկումը բարձր մակարդակի է: Զինվորը 24 ժամ գտնվում է մարտական հերթապահության մեջ, լավ է հասկանում, որ իր գլխավոր նպատակը հայրենիքի պաշտպանությունն է: Համազգեստակիրը պետք է հարգի, սիրի իր հողն ու ջուրը: Չենք կարող փախնել մեր բախտից, սա է մեր երկիրը, սահմաններում «հարուստ» ենք թշնամիներով: Հայ պատանին դեռ ընտանիքում պետք է լսի, որ հայրենիքն սկսվում է սահմաններից… 89-ից, երբ շարժումն սկսվեց, մտածում էինք` թշնամին մեր հողն ու ջուրը չկոխկրտի: Մեր ազգը բազում փորձություններ է տեսել, բայց մենք դեռ պատերազմի իրական սարսափը չէինք ճաշակել: Առմիշտ պատրաստ պիտի լինենք սպասվող ու երբեմն անակնկալ փորձությունների ¥թերևս այսուհետ անակնկալները մեզ չեն կարող վախեցնել¤: Փորձություններ տեսած պատանին ուշիմ է լինում, անկարողությունն այլևս նրա համար չէ: Ահա այստեղ է ամբարվում մեր հավատն ու վստահությունը, որ անկարողությունից կարողություն համախմբվածությամբ, համագիտակցությամբ է լինում: Մենք ենք մեր ուժի տերն ու վկան, մեր զավակներն են այս երկրի ժառանգորդները: Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, մեզանից յուրաքանչյուրն իր անելիքն ունի այս երկրում, թող ոչ ոք չհուսա, թե իրենից ոչինչ կախված չէ, ո'չ… Վտանգի պահին պարտավոր ենք ցավակից լինել մեր հայրենիքին: Ավելի հարուստ ժառանգություն, քան հայրենիքն է, չի կարող լինել, վստահ եղեք… - Այսօր ավելի է սերտացել բանակ-հասարակություն կապը, դրա վառ ապացույցը դպրոցների տեղաբաշխումն է զորամասերին: Որքանո՞վ է դա նպաստել առողջ հոգեբանության ձևավորմանը: - Միանշանակ, երևույթն իր դրական կողմն ունի, եթե այդ կապը չլինի, ըստ իս, առաջընթաց մասամբ կակնկալենք: Չէ՞ որ գործ ունենք մատաղ սերնդի ներաշխարհի հետ: Նա պիտի իմանա, որ երկրի անվտանգությունը, սահմանների խաղաղությունը դրված է Հայոց բանակի ուսերին: Այո, զորամասերն ապահովագրված չեն արտակարգ պատահարներից: Հրամանատարության գլխավոր նպատակն է զորամասերում կանխել ինքնախեղումները, բացահայտել թերությունները: Եթե մեր հրամանատարական կազմի կողմից չլիներ օբյեկտիվ վերաբերմունք, զորացրված երիտասարդները ոտք չէին դնի այստեղ` որպես պայմանագրային զինծառայողներ: Մեր երկրին նվիրյալներ են պետք: Սրանից ավելի մեծ ուրախություն չի կարող լինել, աշխատանքի արդյունքն այստեղ է երևում: Ինչպիսին էլ նրանք լինեն, երկու տարի հետո նրանց դարձնում ենք ֆիզիկապես ու հոգեպես պատրաստված մարտիկներ: Մեր զինվորների մեծ մասը հավատում ու գիտակցում է, որ ծառայում է հայրենիքի, ընտանիքի փրկության, բանակի կայունության համար: Եթե համազգեստակիր է, ուրեմն հայրենասեր, բարեխիղճ հայ պետք է լինի և արժանի լինի իր համազգեստին: Խնդիրը չի կարող լինել մեծ կամ փոքր, յուրաքանչյուր հարց պետք է բերել քննարկման դաշտ: Դժվարին տարիներ հաղթահարեցինք` երկրաշարժ, հետո պատերազմ, ինքս մասնակցել եմ Ղարաբաղյան կռվին, եղբայրս` Ռուբեն Բաղդասարյանը, զոհվեց Մարտակերտի մարտական գործողությունների ժամանակ, իմ զավակներին նույն ոգով եմ դաստիարակել, սրանք լոկ խոսքեր չեն, պետք է օրինակ ծառայենք: Ոչ մի ազգ նման փորձություն ներից հետո չեր կարող մեջքն ուղղել և կռվում հաղթանակած դուրս գալ: Անկոտրում ոգի ունենք, ոգեղեն ուժը մե'ր բազկի, մե'ր արյան մեջ է: Ցավը կուլ տալով` նետվեցինք, զայրույթն` աչքերում, վրեժը` սրտում: Նախնյաց հերոսական ոգով առլեցուն` չերկմտեցինք: Սա է հայ լինելու մեծությունը, հայավարի կռվելու կամքը: Հաղթեցինք` ի փառս մեր ազատամարտիկների: Ամենից առավել և ամենից վեր մեր երկրին խաղաղություն եմ ցանկանում, զինվորներին մաղթում եմ բարի ծառայություն, երկրին` հզորացում:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ