Ամենակարևորը` վերագտնել միասնականության ոգին


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆԻ հետ մեր զրույցը ծավալվում է Արցախում իրականացվելիք մշակութային ներկա մարտավարության շուրջ` յուրովի նախապատրաստելով արդի հայ երաժշտարվեստում առկա տխուր իրավիճակը լուսաբանող զրուցաշարը: - Տիկին նախարար, Հայաստանում արագ-արագ Մշակույթի նախարար փոխելու գործընթացն ավարտվել է: Վերջին երկու տարում ԼՂՀ-ում Մշակույթի չորս նախարար է փոխվել: Դուք արդեն մոտիկից ծանոթացե՞լ եք մշակութային խնդիրներին: - Ժամանակի հետ փոխվում են նաև խնդիրները, և այսօր արդեն մշակույթը առանձնացվել է կրթությունից (նախկինում ԼՂՀ-ում կրթությանը և մշակույթին սպասարկում էր մեկ նախարարություն-խմբ.) ու աշխատանքները համակարգվում է առանձին գերատեսչությամբ: Սա նշանակում է, որ մեր պետությունն արդեն առաջնային է համարում մշակութային խնդիրները: Ես մոտավորապես երկու ամիս է, ինչ պաշտոնավարում եմ և արդեն ուսումնասիրություններն ավարտել ու ծանոթացել եմ խնդիրներին, որոնք քայլ առ քայլ լուծելու ենք: - Առաջիկա ժամանակների համար ԼՂՀ-ն ունի՞ մշակած մշակութային «ռազմավարություն»: - Ծրագրված է ակտիվացնել շրջանների մշակութային կյանքը, սկսելու ենք շրջանային կենտրոններում ու մեծ գյուղերում հիմնադրել արվեստի դպրոցներ: Նույն շրջաններում խրախուսելու ենք ինքնագործ գեղարվեստական խմբակների գործունեությունները, հրավիրելու ենք տարբեր մասնագետների, կազմակերպում ենք վարպետության դասեր և այսպես շարունակ: - Որպես ոլորտի նորանշանակ պատասխանատու, ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք: - Դժվարությունները կապված են միջոցների հետ: Մշակույթը մյուս ոլորտների պես ներդրումների կարիք ունի, որը միայն պետության միջոցներով հնարավոր չէ կյանքի կոչել: Մենք փորձելու ենք զարգացնել մշակութային մեկենասությունը և ուզում ենք ստեղծել հիմնադրամ, որի հայթայթած միջոցները կուղղվեն մշակույթի զարգացմանը: - Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը փլուզվե՞լ է: - Չի փլուզվել, բայց մեր թատրոնն ուներ գեղեցիկ ու արժեքավոր ավանդույթներ, որոնցից այսօր հեռացել է: Շատ ցավալի է, սակայն փաստ է: Մարդիկ այսօր կարոտ են զգում թատրոնի հանդեպ: Եթե առաջ կարևոր մի իրադարձության մասնակցելու պես էին նախապատրաստվում ու հաճույքով, ակնածանքով էին մտնում թատրոն, ապա այսօր դա բացակայում է, և դրանում մեղավոր են թե° թատրոնի շենքի վատթար վիճակը, թե° թատերախումբը, թե° բեմադրությունների մակարդակը: Իհարկե, թատրոնը գործել է, սակայն ներկայացումների որակը հանդիսատեսին չի հրապուրել: Հիմա մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի վերականգնենք լավ ավանդույթները և սա իրագործելու համար համագործակցելու ենք Հայաստանի Հանրապետության հետ: Մայր հայրենիքից հրավիրելու ենք դերասաններ, ռեժիսորներ ու տարբեր մասնագետներ` վերականգնելու լավագույն ավանդույթները: - Շնորհակալություն: Քանի որ Դուք նիստի եք շտապում, ավարտենք մեր զրույցը. մեր թերթի էջից ի՞նչ կցանկանայիք ուղղել հայ ժողովրդին: - Ամենակարևորը` վերագտնել 1988-ի միասնականության ոգին, որպեսզի որևէ ուժ չկարողանա խաթարել Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնությունը: Մենք պատերազմում հաղթել ենք միակամ լինելու շնորհիվ: Արցախում, Հայաստանում, Ջավախքում կամ ցանկացած գաղթօջախում որևէ ագրեսիա` ագրեսիա է համայն հայության դեմ: Կցանկանայի նաև, որ յուրաքանչյուր հայ գոնե մի անգամ այցելեր Արցախ և իր աչքերով պատկերացում կազմեր գոյապայքարից մինչ պետականություն կերտած ԼՂՀ մասին:

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ