«Ցամաքեցված» լճի լեգենդի մունետիկը


Նորածնի ճիչը մահվան ազդականչ Անքննելի են գործերն Աստծո… Եվ որևէ հասարակ մահկանացու չէր կարող կանխագուշակել երկրային առաքելությունը մի մանկան, որի առաջին ճիչը, փաստորեն, ազդականչն էր ծննդավայրի «խաղաղ» բնաջնջման: Գյոլայսորցի 87-ամյա մի ծեր կնոջ վկայությամբ` իրենց գյուղը քանդվեց այն օրը, երբ ծնվեց ասորի Կադոյի տղան: 1949 թվականի մայիսի 3-ին, ասորիների նկատմամբ ստալինյան միակ ռեպրեսիաների օրերին, Պարսկաստանի Սալմաստ գավառից Չիմանքյանդի շրջան (այժմ` Արտաշատի մարզի տարածքում) գաղթած 140 ասորական ընտանիք, առանց գեթ խորհրդանշական փոխհատուցման, տեղահանվեց ու վերաբնակեցվեց Արարատյան դաշտավայրի գյուղերում: Ընդամենը 15 օրում ցամաքեցվեց «ասորիների լիճը»` Գյոլայսորը. վերացվեցին, նախ, "ԸրրՌՐՌռրՍՌռ րպսՖրՏՉպՑ"-ը, ապա` միջնակարգ դպրոցն ու եկեղեցին: Կադոյին արգելափակեցին, հայուհի կնոջը` Արփինեին, ուղարկեցին Վեդի, որտեղ իր 7 երեխաների հետ նա ծվարեց Օրունջ անունով մի թուրքի տրամադրած փոքրիկ սենյակում: Դատապարտված չարքաշ գոյատևման` եռամյա որոնումներից հետո ամուսնու հետքը գտավ Երևանի բանտում: Կադոյի Ռազմիկ որդին առաջին անգամ հանդիպում է հորը, երբ մայրը, 3 տարեկան մանչուկին բերդի քանդված անցքից ներս մտցնելով, նրա միջոցով ուտելիք է ուղարկում ամուսնուն` միաժամանակ գոտեպնդելով ընտանիքի նվիրվածության փաստով: 1955-ին միայն արդարացվելով` Վեդիում նա վարպետ հողագործի համբավ է ձեռք բերում: Իրեն որպես տարբերանշան դաջված «ասորի» պիտակում պատենավորված, ինքնամփոփ բնավորությամբ Ռազմիկը դժվարությամբ էր մերվում շրջապատի հետ: Սահմանափակ էին, գրեթե չկային մշակութային իմպուլսներ տեղի առօրյայում: Եվ առաջին հանդիպումը մշակույթի հետ կայացավ Կաթի գործարանից մինչև Ստալինյան ջրանցք ձգվող բամբակի դաշտերում, 2 փարթամ չինարիների հովանու ներքո: Ֆրանսիայից հայրենադարձված ջութակահար Կոնտուրջանյանը երբ բացեց իրենից անբաժան գործիքի պատյանը, թվաց` նախաճաշն է հանում. Վեդին նույնիսկ երաժշտական դպրոց չուներ: Ծերուկ ջութակահարի նվագը շուտով կլանեց ապշահար տղային, միախառնվեց համատարած ծաղկած փշատենիների բույրին` մշտապես այդուհետ հնչելով հոգում որպես մանկության ամենահիշարժան մեղեդի: Հրաշալի մանկավարժներ ունեցավ դպրոցում: Գրականության խորիմացությամբ ակնառու ընկեր Սողոմոնյանից լսելով Համլետի հայտնի մենախոսությունը («Երանի այս պինդ, խիստ պինդ մարմինը հալվեր, լուծվեր, վերածվեր ցողի, Կամ Անվախճանը դյութած չլիներ իր պատվիրանը մարդասպանի դեմ…»)` միակ բանը, որ հասկացավ, հայերեն լինելն էր: Հետո Վեդին փոքր-ինչ «քաղաքակրթվեց»: Ժողթատրոն բացվեց, որին նա երբեք չմասնակցեց: Ընդհանուր ստեղծագործական մթնոլորտի հագեցմամբ հարստացավ և նրա ներաշխարհը: Հոգևոր պահանջ դարձան մշակութային փոխշփումները: Արփա-Սևանի շինարարության Ջերմուկի երկրորդ կետում աշխատելիս եռօրյա հանգստի ժամանցավայր եղավ ստեղծագործական լիցքերով հարուստ Երևանը, որտեղ ուսանում էր նաև` պոլիտեխնիկականին կից բացված «սառը մետաղների» բաժնում: Չորս մտերիմ Ռազմիկներով գլխովին սուզվել էին մայրաքաղաքային մշակութային կյանքի հորձանքում: Խնջույքների ժամանակ Արոյանի նման արտասանում էր, պարոդիաներ անում` չմտածելով, որ երբևէ դերասան է դառնալու: Այն օրերի համար պատկառելի աշխատավարձ էր ստանում` 120 ռուբլի, տասը զավակներով սեղան նստող ծնողների հոգսը թեթևացնելով` երիտասարդական հաճույքներից էլ զուրկ չէր մնում: Բայց… Անքննելի են գործերն Աստծո…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ