Աճեմյանական թատերաստուդիայի «Այսորը»


Պատահականությո՞ւն էր: Ֆիլմերում նկարահանվող, փոքր դերեր խաղացող Ռազմիկ Արոյանին Վարդան Աճեմյանի բացած թատերական ստուդիայի ընդունելության քննություններին սատարելու նպատակով (մեծ էր ցանկացողների թիվը` մոտ 1000 դիմորդ) Սունդուկյանի անվան թատրոնում էր: Բարետես արտաքինով գրավում է Աճեմյանի ուշադրությունը, ով Արոյանին քննելուց հետո ներս է կանչում նրան էլ` կարծելով, թե դիմորդ է: Թյուրիմացությունը պարզելուց հետո, այնուամենայնիվ, որոշում է ստուգել ունակությունները, խնդրում ներկայանալ: Լսելով` Խոսրոև Ռազմիկ Նիկոդիմովիչ, Աճեմյանը մաքուր ասորերենով է ողջունում: Ժամանակի կուռքից` Սևակից արտասանելով, դուրս է գալիս թատրոնի երևելիներին մեկտեղած սենյակից առանց որևէ ակնկալության: Աճեմյանի կամքով էլ ընդգրկվում է նախադեպը այդպես էլ չունեցած թատերադարբնոցում` մկրտվելով հումորաշեն արվեստագետի կողմից «Այսոր» (ասորի) և «Շամիրամի թոռ»: Այդուհանդերձ դժվարանում էր բազմավաստակ թատերագործիչը գտնել բանալին «Այսորի» ներփակ ունակությունների վերհանման` վստահ, որ վաղը մեկ ուրիշ ռեժիսորի անպայման կհաջողվի դրան հասնել: Մասնագիտական գործնական հմտություններ ձեռք բերելով` ստուդիականները, մոսկովյան ու լենինգրադյան թատրոններում ի հայտ եկած նորաոճ գեղագիտությամբ գայթակղված հայ արվեստագետների Աճեմյանին հառված խեթ հայացքների ազդեցությամբ, վերապահությամբ էին ընդունում նրա դասերի արժեքավորությունը: Իր դեմ բարձրացվող պատնեշը դեռևս ճեղքելու ունակ` Վարդան Նիկիտիչը, բացառիկ արգասաբեր կրթահամակարգը զարգացնող նվիրյալ մանկավարժների համադաշնությամբ, շարունակում էր Մայր թատրոնի վաղվա օրը կռել ու կոփել: Պետությունն էլ լրջորեն մտահոգված էր յուրաքանչյուր մշակութային օջախի լիարժեքությամբ: Դրա կոնկրետ հավաստիքներից էր ստեղծագործական ճգնաժամ ապրող Կիրովականի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնին կենսական ուժ հաղորդելու կոչված երիտասարդ շնորհալիների խմբով սատարումը, որի կոմպլեկտավորմամբ զբաղվում էին մշակույթի նախարար (միակ արժանավորը եղածների մեջ) Կամո Ուդումյանը և Վարդան Աճեմյանը: Վերջինիս ղեկավարությամբ Մայր թատրոնում Սունդուկյանի «Ամուսինները» դիպլոմային աշխատանքը կատարած ռեժիսոր Վահե Շահվերդյանի գլխավորած խմբի կազմում ընդգրկվեց նաև աճեմյանական թատերաստուդիայի «Այսորը»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ