Քաղաքը «շպարելը» չի լուծում օդի աղտոտվածության խնդիրը


Այն, որ մայրաքաղաքում ինտենսիվ կերպով ոչնչացվեցին կանաչապատ գոտիները` վերածվելով սրճարանների համար նախատեսված բետոնապատ տարածքների, իսկ մայրաքաղաքի «թոքեր»-ը փոխարինվեցին հսկայածավալ քարաշեն կառույցներով` ոչ մեկի համար գաղտնիք չէ: Ողջ այդ ընթացքում բնապահպանների արձագանք ները քաղաքի իշխանավորների կողմից անտեսվեցին, քանի որ մեկ թիզ հողն ավելի թանկ էր գնահատվում, քան սեփական երեխայի առողջությունը: Այսօր արդեն ունենք այն, ինչ ունենք. մայրաքաղաքի կանաչ զանգվածները 3 անգամ պակաս են մեկ շնչին ընկնող անհրաժեշտ չափաքանակից: Բայց որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, հասկացել են նաև քաղաքային իշխանությունները: Վերջին տարիներին մայրաքաղաքում, ինչ խոսք, ավելացել են ծաղկապատ տարածքները: Սակայն արդյո՞ք դա բավարար է` մայրաքաղաքում առկա օդի աղտոտվածության մակարդակը իջեցնելու համար, թե՞ այն ընդամենը կոսմետիկ «վերանորոգման» էֆեկտ ունի: Այս և մայրաքաղաքի կանաչ զանգվածների ներկայիս վիճակի մասին է «Ավանգարդ»-ի զրույցը Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

- Ձեր կարծիքով բավարա՞ր են արդյոք քաղաքապետարանի ձեռնարկած քայլերը մայրաքաղաքի կանաչ զանգվածները վերականգնելու առումով. կարծես թե օդի աղտոտվածության վիճակն, այնուամենայնիվ, մնացել է նույնը:

- Քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում միայն արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որը միայն աչքով է տեսանելի, բայց այն որքանո՞վ է ազդում քաղաքի էկոլոգիայի վրա, ցավոք սրտի, մենք չենք նկատում:

- Փաստորեն Երևանի քաղաքապետարանի ձեռնարկած քայլերը չեն լուծում մայրաքաղաքի օդի մաքրման խնդիրը:

Իհարկե չեն լուծում: Քաղաքապետարանը հսկայական գումարներ է ծախսում քաղաքի գազոնների ծաղկապատման վրա, իսկ ամենաանհրաժեշտ քայլը, որը անտառապաշտպան գոտիների վերականգնումն է, չի իրականացվում:

- Բայց քաղաքապետարանը պաշտոնական թվեր է հրապարակում այն մասին, թե գարնանը կամ աշնանը ինչքան ծառ է տնկվել և կարծես թե այդ թվերը խոսուն են:

- Մենք հարցում ենք արել քաղաքապետարանին և պատասխան ենք սատացել: Համաձայն որի` 2010-ից 2015 թվականների ընթացքում իրենք տնկել են մոտ 200 հազար ծառ և թուփ, որից մոտ 60 տոկոսը կպել է:

Այսինքն, այդ թվերի համաձայն այսօր Երևանում պետք է որ լիներ շուրջ 120 հազար ծառ և թուփ, բայց եթե որևէ մեկը կարողանա դրա գոնե կեսը ինձ ցույց տալ, հուշել, թե որտեղ են այդ ծառերն ու թփերը, ես շատ շնորհակալ կլինեմ: Դա բավական լրջագույն խնդիր է:

- Մայրաքաղաքի կանաչ զանգվածների քանակի և որակի մասին Ձեր հարցման պատասխանները ի՞նչ եզրակացության են հանգեցրել:

- Մենք հասկացանք, որ քաղաքապետարանը իրականում չի տիրապետում իրավիճակին և լուրջ վերահսկողություն չի իրականացնում, թե կոնկրետ ինչ գումարներ են ծախսվում ծառերի տնկման, էտման և բուծման վրա: Մեզ այդ մասին տեղեկատվություն չեն ներկայացրել և ստացվում է, որ այդ ոլորտը քաղաքապետարանի և հանրության վերահսկողությունից դուրս է:

- Իսկ մայրաքաղաքի փողոցների ծառերի էտի մասին ի՞նչ կասեք. դրանք կարծես թե դադարել են ծառ լինելուց և վերածվել են հոգեվարքում գտնվող սյուների:

- Մենք այդ մասին էլ էինք հարցում կատարել, և քաղաքապետարանի պատասխան նամակում նշված է, թե ինչ-որ հանձնաժողովի եզրակացություն կա, որ թեղիները պետք է խորը էտի միջոցով առողջացնել, քանի որ դրանք արդեն ծեր են: Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ծառերը տնկում այն հատվածներում, որտեղ հնարավոր չէ հետևել, ջրել և հասկանալ, թե դրանք դարձան ծառ, թե` ոչ: Փոխարենը կարելի էր այդ նույն թեղիների հարևանությամբ նոր և լավ որակի ծառեր տնկել և կամաց-կամաց այդ ծեր թեղիները փոխարինել նոր առողջ ծառերով, որոնք ֆունկցիոնալ նշանակություն կունենային օդի մաքրման համար:

- Իսկ ի՞նչ կասեք վերջին շրջանում Երևանում նկատվող քամիների ուժգնության մասին: Դրանք նո՞ւյնպես քաղաքի բուֆերային գոտիների` կանաչ զանգվածի ոչնչացման արդյունք են:

- Քամիները մայրաքաղաքում միշտ են եղել, քանի որ այն Հրազդան գետի հովտում է գտնվում: Այն կոչվում է լեռնահովտային քամի, և Երևանը միշտ էլ եղել է այդ լեռնահովտային քամու ազդեցության տակ: Պարզապես կլիմայի գլոբալ փոփոխություններով պայմանավորված` դրանք մի փոքր ուժեղացել են:

- Ո՞րն է Ձեր նախաձեռնության առաջարկը: Ի՞նչ պետք է անել` մայրաքաղաքում կանաչ զանգվածների ավելացման համար, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն 3 անգամ պակաս է մեկ շնչին ընկնող պահանջվող չափաքանակից:

- Մեր կարծիքով առաջնային պահանջը անտառաշերտերի վերականգնումն է, որը ժամանակին բուֆերի դեր է կատարել և պաշտպանել է քաղաքը քամիներից, որոնք իրենց հետ նաև փոշի են բերում: Այսօր մեր քաղաքի վերացված «թոքերը» վերականգնելու փոխարեն քաղաքապետարանը մայրաքաղաքի մակիաժով է զբաղվում: Ի դեպ, դա նաև շատ լավ բիզնես է, որը հնարավորություն է տալիս լավ ատկատներ ստեղծագործել և դնել տարբեր մարդկանց գրպանը: Երևի այդ է պատճառը, որ քաղաքապետարանը խուսափում է ֆինանսական հարցերին պատասխանել, որից մենք հասկանում ենք, որ այդտեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան: Կար լրջագույն ուսումնասի րություն, թե ինչ է պետք անել մայրաքաղաքը գրագետ կանաչապատելու համար, բայց ամեն ինչ արվում է այնպես, ինչպես իրենց ճաշակն է թելադրում: Ուստի մենք առաջարկում են քաղաքի մակիաժի վրա ծախսվող գումարները առաջին հերթին ուղղել մայրաքաղաքը գրագետ կանաչապատելու ուղղությամբ, որպեսզի վերականգնվեն և´ մայրաքաղաքի կանաչ զանգվածը և´ առողջ միջավայրում մարդկանց ապրելու իրավունքը:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ