ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԱՐՎԵՍՏԱՄԵԾԱՐ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ

«ՖՐԵՍԿՈՆ»... կայացավ

Չէ, «կլիմայական աճպարարությունները» չխաթարեցին արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի նորաստեղծ միջազգային փառատոնի երկրորդ ընթացքը: Սանկտ Պետերբուրգի «Քամի, ավազ» անիմացիայի ստուդիայի հիմնադիր Դարյա Կոտյուխի սահուն մատնահպումներով ծորուն ավազին` հայկական հանրածանոթ թեմատիկ պատկեր-խորհրդանիշերն, ասես, ծնվում էին մեկը մյուսից, նպատակասլաց ամբողջացնում 2015-ի մեր գլխավոր ասելիքն աշխարհին: Մայր Աթոռի օրհնությանն արժանացած «Ֆրեսկոն» երգ ու պարով դիմագրավեց անակնկալ տեղատարափի փորձությանը: Տիրոջ բարեհաճությամբ և կազմակերպիչների ընտանեկան միակամ նվիրումով հյուրընկալեց կինոսերներին` քաղաքամայր Երևանի Կարապի լճի տարածքում:

Առափնյա խոտածածկույթին «Ֆրեսկո» բարձերին բազմեցնելով առանց բացառության բոլորին: Եվ 600 հայտերից հատուկ ընտրված 53 ֆիլմերի ցուցադրություն -քննարկումներով, հարակից հանդիսանքային միջոցառումներով բացօթյա կինոսրահում շարունակեց կաթիլ առ կաթիլ պատվաստել համամարդկային վեհ, անանցողիկ գաղափարներ: «Ֆրեսկոն» վերադարձավ, որպեսզի իր ստանձնած աստվածահաճո առաքելությամբ ուղղորդի մարդկանց փնտրտուքը` արդի ֆիլմարվեստի յուրատիպ ընտրանու և «Հավատ առանց սահմանների» լուսանկարչական ցուցահանդեսի միջնորդությամբ:

Նորովի հոգեցունց ներկայացավ Աստվածաշնչի Ժողովողի Գիրքը 90-ականներից Թել Ավիվում հաստատված հանրահայտ լրագրող, բարձրարվեստ լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի «ֆոտոթարգմանությամբ»: Դուդուկի սրտառուչ նվագակցությամբ արտասովոր տպավորիչ էր հնչում հեղինակի անսեթևեթ ընթերցանությունը: Թևավոր խոսք դարձած «Ունայնություն ունայնությանց» արտահայտությունը և սահմռկեցուցիչ, աստվածաշնչյան ճշմարտությամբ ներթափանցված անօրինակ մենախոսություն-խոստո վանանքի հորդորները վերաիմաստավորվում էին իրարահաջորդ նկարաշարով...

Հիրավի, Երուսաղեմը Բրիկմանի համար չուներ կրոնական ու ազգային տարանջատում. չքնաղակերտ հոգևոր մի հանգրվան էր այն: Այդպես էլ վերնագրված էր նրա շքեղ գիրք-ալբոմը` «Երուսաղեմն ամբողջական քաղաք է», որում զետեղված լուսանկարների մեծամասնությունը տեղ էին գտել Ժողովողի իմաստասիրություն-ինքնախոս տովանության «լուսանկարչական թարգմանության» սլայդ-շոուում:

- Չեմ ուզում վերլուծություն կատարել,- ասում է երկրորդ «Ֆրեսկոյի» հոգևոր պատասխանատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը,- բայց արվեստն իր բնույթով, խորքով, ներքին բովանդակությամբ ինքնին հոգևոր է, չէ՞: Այս ֆիլմարվեստը գործիք է` հասնելու համար մարդկանց սրտերին, մտքերին, հրատապ հարցադրումներ անելու: Կարծում եմ, որ այս փառատոնի նպատակներից մեկը նաև հենց այդ փնտրտուքի ճանապարհը հարթելն է, Տիրոջ նմանությամբ ու պատկերով արարվածներիս այսօրվա տարագույն աշխարհի ինքնամեկուսացումից դուրս բերելը այնպիսի տարածք, տիրույթ, որտեղ մարդն իր նմանին անհամեմատ դյուրությամբ կգտնի, փոխհարաբերություն ների նոր հայեցակարգ կմշակի: Ու, իմ համոզմամբ, իր ճանապարհն անվարան կուղղորդի դեպի կատարյալը, դեպի Աստված: Եվ պետք չէ արհեստականորեն հոգևոր-կրոնական բաժանարար անհեռանկար գիծը դնել:

Օրավուր առավել ստվարացավ հետաքրքրասերների բազմությունը, առավել թանձրացավ կինոպատումների ներգործուն ուժը: Փառատոնային հանդիսասրահների հավաքական կարծիքով` տարաժանր և տարածավալ մրցութային 53 ֆիլմերից առավել տպավորվեցին Անդրեյ Լեսկինի «Մարթան երբեք չի իմանա», Սոֆյա Չերնիշովայի առաջնեկը` «Դարաշրջանի վերջը», Տոֆիղ Ամանիի «Մրջյունների բնակարանը», Վաղինակ Բալայանի «Արջի լեռը», Նատալյա Անգլիչանինովայի «Առաջ և հետո», Ռոբերտ Ջեննի «Աստված և Մարդ», Սանյոնգ Բեկի «Դիստոպիա», Ազար Մանսուրիի «Ութերորդ նոտա» և «Կանգառ», Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա», Ռուիզ եղբայրների «Ես քեզ չեմ ճանաչում», Ռուբեն Սանզի «Համաճարակ», Կարլոս Մելիմի «Սերֆինգամոլը»: Մանկական անմիջականությանը բնորոշ ցայտումներով առանձնակի սրտառուչ ընկալվեցին Գյուզել Սուլթանովայի «Ձյան փաթիլը», Խավի Նավարոյի «Ես հենց նոր երազ տեսա», Այնուր Ասկարովի «Թող քամին տանի իմ խոսքերը», Յուլիա Սապոնովայի «Դդում», Ֆատեմեհ Սոհանիի «Օդափոխիչ» կինոժապավենները:

«Ֆրեսկոյի» գլխավոր հերոս դարձած, Հայաստան աշխարհով խանդավառված Դմիտրի Բրիկմանի վաստակած ժողովրդականությամբ` չծրագրված հավելում արվեց փառատոնային ֆիլմացանկին: Կարապի լճում տիրաբար վեր խոյացված մեծադիր կինոէկրանից հեռարձակվեց Բրիկմանի «Երուսաղեմի աղոթքը» ֆոտոթարգմանությունը: Երուսաղեմի Տիրոջ դամբանի հայ առաքելական եկեղեցու վանահայր, գերաշնորհ վարդապետ Հայր Սամուելի` Սամվել Աղոյանի խորագետ ներկայացմամբ բացօթյա կինոսրահում զարմանալի, անբացատրելի վերերկրային տրամադրություն հաստատվեց: Բացօթյա կինոսրահին անդավաճան անդամագրվածները խոնարհումով գնահատեցին առաջին անգամ մեր փոքրիկ հայրենիքում գտնվող Երկիր մոլորակի քաղաքացու «Ձոն հայկական դրոշին» «ֆոտոակնարկը»` ստեղծված Բաղրամյան պողոտայում ծավալվող իրադարձություններին եռօրյա անմիջական մասնակցությամբ:

Համերգային ելույթներով և ավազանկարչության նորաստեղծ հայահենք կենդանի պատկերներով «համեմված» եռօրյա բացօթյա կինոդիտումները զուգահեռաբար հագեցան ռուսաստանյան ֆիլմաշարով` «Ռուսպետհամագործակցության» հարկի ներքո և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կինոսրահում 2015-ի որևէ կարևորագույն տարեդարձ, հոբելյան ստվերում չմնաց: «Ֆրեսկոյում» ներգրավված բելոռուս կինոռեժիսորների խումբը յուրովի նշանավորեց ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակը` Մեծ Հայրենականի մասին նորահայտ վավերագրերով պատմող ֆիլմերով, որոնց հանդիսատեսն էին նաև երկրորդ աշխարհամարտի մի խումբ վետերաններ:

Հատկանշական է, որ այս անգամ միայն Հառիճավանքում հաստատված երկօրյա կինոճամբարից «Ֆրեսկոն» վերադարձավ ոչ թե մայրաքաղաք, այլ հայաստանյան գլխավոր սրբավայր` Էջմիածին: Մայր տաճարի կամարների ներքո, Գևորգյան ճեմարանին հարակից տարածքում անցկացնելով ավարտական հանդիսությունը: Հոգևոր-բարոյագիտական կորսվող արժեքների շուրջ ֆիլմարվեստի միջնորդությամբ, տարաժանր երգ ու պարով համաժողովրդական տոնախմբության շուքով 9-օրյա զրույցներ ծավալած երկրորդ «Ֆրեսկոյի» տոնական վերջին ակորդներին սիրով մասնակցում էին նաև Էջմիածնի հարյուրավոր բնակիչներ:

Վերջիններս մեծ խանդավառությամբ էին հետևում արտասովոր բեմահարթակում «Նուբար» և «Զանգակներ» համույթների ելույթներով «համեմված» մրցանակաբաշխության ընթացքին: Մեծադիր պաստառից մատուցվող սեղմ տեսանյութերով որոշակի գաղափար կազմելով արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնի բովանդակութ յան մասին` առանձնակի ցնծությամբ էին ընկալում Դարյա Կոտյուխի հայաշունչ ավազապատկերները:

Ներկաները փորձում էին մտապահել «Ֆրեսկոյի» 5 անվանակարգերում լավագույն ներ ճանաչված 12 ֆիլմերի անուններն ու հեղինակներին: Ավելի քան վստահ, որ հաջորդիվ, համացանցային պրպտուքով, առավել հստակ պատկերացում կկազմեն «Հանդիսա տեսի համակրանքին» արժանացած «Ժողովողի» (Դմիտրի Բրիկման, Իսրայել), «Հավատ» ուղերձի ջահակիրներ «Աղջիկը լուսնի վրա» (Արեն Մալաքյան, Հայաստան), «Մարդասպա նի սիրտը» (Քեթրին Մաքգիլվրեյ, Իտալիա), «Ոգին շարժման մեջ» (Սոֆիա Գևեյլեր, Ջուլիա Բիվշևա, ՌԴ) ֆիլմերի մասին: Կջանան խորամուխ լինել «Հույս» ուղերձի մրցանակա կիրներ Ռաուլ Մանչիլյայի («Անձայն մարդասպանը», Իսպանիա), Մահմուդ Յազդանի Բահրամաբադի («Ցնցումից հետո», Իրան), Նոնա Սիսակյանի («Մայիս. 1945», Բելառուս) կինոպատումներում: Ապա ջանասիրաբար կորոնեն «Սեր» և «Խաղաղություն» ուղերձների «հասցեատերերին». «Ես հենց նոր երազ տեսա» (Խավի Նավարո, Իսպանիա), «Մեծ տղա» (Յուրի Սոլոդով, ՌԴ), «Կոկտեբելյան խճաքարեր» (Անդրեյ Օսիպով, ՌԴ) և, իհարկե, «Զգայարաններ» (Խոսե Վեգա, Իսպանիա), «Ռանգան 99» (Թիյամ Յաբանդե Ջահրումի, Իրան), «Մրջյունների բնակարանը» (Տոֆիղ Ամանի, Իրաք): Անշուշտ չեն շրջանցի փառատոնի նախագահի մրցանակին արժանացած Դարյա Կոտյուխին և կփորձեն ամբողջացնել սանկտպետերբուրգյան «Քամի» թատրոն-ստուդիայի հիմնադիր գեղարվեստական ղեկավարի արտիստական դիմանկարը: Առաջին 2 փառատոներով «Ֆրեսկոյի»հաղորդակցվածներն, անշուշտ, սրտի թրթիռով կսպասեն 2016-ին ծրագրված հաջորդ մեկնարկին:

Ներկաներն ու մասնակիցներն, անշուշտ, ըստ արժանվույն գնահատեցին Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների վարպետացման հավաստիք նորաոճ արձանիկ-մրցանակները: Հիմա արդեն շատ շատերը սրտի թրթիռով կսպասեն Բարու այս աննախադեպ միջազգային կինոհամաժողովի հաջորդ` 2016-ին ծրագրված մեկնարկին:                                                       

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ