«Ֆրեսկո» անունով Բարու տոնը


Ինժեներ-մեխանիկ, հանրային հարաճուն պահանջարկ ձեռք բերած «Մանկական ոչ մանկական հարցեր» բազմամյա ռադիո-հեռուստաշարի հանրահայտ հեղինակ Դմիտրի Բրիկմանը Խորհրդային Միության փլուզումից հետո վերաբնակվեց Թել Ավիվում: Շուտով, երբ հայտնվեց հեքիաթային Երուսաղեմում, պահանջ զգաց ըմբռնելու և հնարավորինս անվրեպ ձևակերպելու տեսածն ու զգացածը: Ֆոտոխցիկը նոր կյանքի ճանաչողության, «տեսածը տեսնելու» անփոխարինելի միջոց դարձավ: Համառ պրպտում ները գումարվեցին լուսանկարչական հմտությանն ու բազմերանգ փորձառությանը և ծնունդ տվեցին լրագրական ուրույն արտահայտչակերպերի` «ֆոտոթարգմանություն», «ֆոտոնոթագրություն»...

Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային երկրորդ փառատոնի բացօթյա կինոսրահում «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ» և «Երուսաղեմի աղոթքը» «ֆոտոթարգմանություններին» անմիջականորեն հաղորդակցվողներն ինքնաբուխ մտերմացան Կարապի լճի առափնյա խոտածածկույթին անբարդույթ իրենց կողքին բազմած Դմիտրի Բրիկմանի հետ: Տաքսիրտ բարեկամություն հաստատվեց «Ֆրեսկոյի» հայաստանցի մասնակիցների և առաջին պատվավոր հյուրի միջև:

«Բարեկամներին չեն ընտրում, նրանք հայտնվում են որպես երկնային պարգև»

- Առաջին անգամ ոտք դնելով հայկական հողի վրա` միաժամանակ հայտնվեցիք ֆիլմարվեստի տոնահանդեսի և Բաղրամյան պողոտայի սոցիալ-հասարակական ընդվզման 2 բևեռներում:

- Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանն ինձ գտան: Չգիտեի էլ, որ Հայաստանում Բարու այսպիսի փառատոն կա: Հեռակա լիակատար փոխըմբռնմամբ «Ֆրեսկոյի» նախօրեին հայտնվեցի Երևանում: Որևէ խորթություն չզգացի թե´ կազմակերպիչների, թե´ անծանոթ բազմաթիվ մարդկանց հետ փոխշփումներում: Անօրինակ հաճելի բարության մթնոլորտ էր տիրում ամենուր, նաև` Բաղրամյան պողոտայում: Դուք` հայերդ, իսկապե՞ս այդքան բարի եք:

- Հեղաբեկումները մեզ չեն չարացրել: Մենք շինարար ժողովուրդ ենք: Եղել և մնում ենք հյուրընկալ, խաղաղասեր, չնայած կռվել էլ գիտենք: Դուք հավատացյա՞լ եք:

- Հավատացյալ եմ, բայց ոչ կրոնամոլ: 50 տարեկան եմ, բայց փաստորեն անհայտ ծագման մի մարդ, քանի որ ծնվել եմ Խորհրդային Միությունում, Լենինգրադ քաղաքում, Կարլ Մարքսի փողոցում: Հայտնի հեղաբեկումների բերումով ինչպես աշխարհագրական քարտեզից, այնպես էլ պատմական ասպարեզից անհետացան և´ հայրենիքս, և´ ծննդավայրս, և´ փողոցս: Ամեն ինչ: 1991-ին տեղափոխվեցի Իսրայել, Թել Ավիվ: Անձնական այս դրաման արտերկրում մանրամասնելուց հոգնեցի. նրանց խորթ է այս ամենը: Իսկ ինձ մինչ այժմ էլ անհասկանալի է, թե ո՞վ եմ ես: Այդ հարցը հաճախ էի տալիս նաև իմ հաղորդաշարի երկակի, առերևույթ անհամատեղելի նկարագիր ունեցող հռչակավոր, երբեմն առեղծվածային հյուրերին: Վերջիններից էր երգիչ, բանաստեղծ, գրող և միաժամանակ խոշոր գիտնական Ալեքսանդր Գորոդեցկին: Նշանավոր լրագրող, «երկրի բոլոր խոշոր իրադարձությունների նավավար» Ալեքսանդր Մաքսիմովի հորդորներով «Ժողովողից» հետո հրատարակեցի երկրորդ գիրքս` «Աղոթքը»: Այն կարող է դասվել թե´ փիլիսոփայական ուսումնասիրությունների, թե´ ֆոտոալբոմների շարքին: Հավասարապես:

- Ինչո՞ւ` «Մանկական` ոչ մանկական հարց»:

- Նկատե՞լ եք, ամենախելացի, անսպասելի և անկեղծ հարցը միայն երեխան կարող է տալ... Աննախադեպ մեծ լսարան ձևավորեց այդ հաղորդաշարը, ուստի ռադիոյից տեղափոխեցին հեռուստատեսություն: Որքան հաճախ ենք ինքներս մեզ հարցնում` ինչու՞ եմ ապրում: Թվում է, թե մանկական է այս հարցը, բայց պարզագույն հնարավորություն է տալիս առանց գունազարդման բացահայտելու հանրաճանաչ անհատների մարդկային էությունը: Իրականում ի՞նչ է լուսանկարը: Տեսածը տեսնելու, էության մեջ խորամուխ լինելու հուսալի միջոց: Վստահ եմ, որ այս խառնակ ժամանակներում Երուսաղեմի միասնական աղոթքը Բարձրյալին, որը յուրովի ամփոփվում է «Հայր մեր»-ով, կգոտեպնդի իրենց հանապազօր պահանջների պաշտպանության ընդվզումից հյուծվող ազնիվ քաղաքացիներին: Ինքս արտասովոր տագնապ եմ զգում, աղոթում եմ, որպեսզի արդարացի բողոքը հանկարծ չարյունոտվի, չխեղվի բախտախնդիրների «թեթև ձեռքով»: Արդեն առաջին «ֆոտոնոթերս» եմ հրապարակել այս մասին` համադրելով գողտրիկ լուսավավերագրերս ինձ պատկառանք ներշնչած հայկական դրոշի ձոնին: Պետական դրոշները հենց այնպես չեն շրջում, չէ՞, բազմամարդ միտինգներով: Նրանց տակ, կողքին, մեջ մարդիկ են, անսովոր փայլող աչքերով մարդիկ: Հրաշալի մարդկանց շատ եմ հանդիպել իմ կյանքում: Այդ առումով բախտավոր եմ: Բայց միևնույն տեղում հավաքված այդքան չքնաղ մարդկային աչքեր երբևէ չէի տեսել: Հայի տրտմախոհ, բարեգութ, մաքառող, փոթորկուն աչքեր:

- Երկիր մոլորակի քաղաքացու Ձեր նորահայտ տեսակով ինքներդ էլ անմիջապես դարձաք մեզանից մեկը: Հեռուստատեսային մեն մի ելույթով ստվարացավ հայաստանցի Ձեր համակիրների լսարանը: Մենք էլ անհագուրդ պահանջ զգացինք Ձեզ լիովին բացահայտելու:

- Ճիշտ է, ժամանակը սուղ է` չափազանց հագեցած է «Ֆրեսկոյի» ծրագիրը, բայց պիտի ջանամ «տեսածը տեսնելու» լուսանկարչական փորձառությունս էլ հնարավորինս փոխանցել ինձ հարազատացած հայաստանցիներին: Ըստ իս, լավն է այն լուսանկարը, որում դրոշմված են զգացմունքներ: Չէ՞ որ մենք, նախևառաջ, տեսածը զգայարաններով ենք ընկալում: Ինչպես են բոլորը, ոչ միայն պրոֆեսիոնալները, լուսանկարում: Վերցնում են խցիկը, շրջում վայրից վայր, ընտրում իրենց համամարդկային հետաքրքրություններին սրտամոտ թեմա և չրխկացնում որոշակի սյուժեով: Ապա մանրակրկիտ զննում են արված լուսանկարները, փորձում հասկանալ, խմբավորել, իմաստավորել տեսածը:

- Արդյո՞ք կենդանի շփումն առավել նպաստավոր չէ մարդու հոգեկերտվածքի համակողմանի բացահայտմանը` նրա խոսքի իմաստավորված ելևէջումներով, ժեստերով, մտածողության ու հետաքրքրությունների շրջանակի չմիջնորդավորված, չսրբագրված ցայտումներով:

- Այդ ամենը կարելի է և որսալ: Հավատացնում եմ: Ես առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ձեր երկրով, որքան էլ տարօրինակ հնչի, հիվանդացել եմ Իսրայելում: Նախ, «Հյուսիսային լույս» ֆիլմում Ջիվան Գասպարյանի անկրկնելի նվագով հայտնագործեցի դուդուկի հրաշքը: Եվ, երբ երաժշտություն էի փնտրում «Ժողովողի» համար, դուդուկի սրտառուչ նվագից ավելի հարմար երաժշտական հենք չէի էլ պատկերացնում: Գասպարյանի համաձայնությամբ` բարձրակարգ դուդուկահար Իլյա Մազյան լրացրեց հնչական հարկավոր տևողության բացը: Հանգամանքների հրաշքով 5-6 տարի առաջ ճանաչեցի Երուսաղեմի հայկական Գողգոթան, Հայաստանն ինձ համար կարևորվեց Ղևոնդ Հովհաննիսյանի շնորհիվ: Հրաշալի մարդ, հմուտ լուսանկարիչ, «համատեղության կարգով» Հայկական առաքելական եկեղեցու վարդապետ: Երևանում ծնված լինելով, նա բավական հասուն տարիքում էր կրոնական սքեմ հագել. ուսանելու էր եկել Երուսաղեմ և... մնացել: Վաղուց: Հավատացնում եմ, բարեկամներին չեն ընտրում, նրանք հայտնվում են որպես երկնային պարգև, շնորհ... Երբ գալիս էի Երևան, ինձ թվում էր, որ հայերը բաժանվում են 2 մասի` նրանք, ովքեր արդեն գիտեն Ղևոնդ Վարդապետին, և նրանք, ովքեր այդ Հովվին ճանաչելու ուղիներ են որոնում: Մեկ այլ փնտրված, զարմանահրաշ Հովվի` Տիրոջ դամբանի եկեղեցու վանահայր Սամվել Աղոյանին ինքս պատահաբար հանդիպեցի Երևանում: Պատահաբա՞ր արդյոք: Նրա ներկայությունը, Խաղաղության, Սիրո և Բարու միասնական աղոթքիս տպավորիչ մեկնաբանութ յունը, կարծում եմ, Կարապի լճի հարևանությամբ շիկացող կրքերի խելամիտ ուղղորդման ամենահմուտ հոգևոր առաջնորդությանն արժանացավ: Փաստորեն «Ֆրեսկո» անունով Բարու փառատոնով ինձ իրապես հոգեհարազատացավ բարի մարդկանցով առանձնակի հարուստ Երևանը, Հայաստանը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ