ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՄԵՐ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ


ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ հուշահամալիրը բացվել է 1950 թ. նոյեմբերի 29-ին` Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ի. Ստալինի 17 մետր բարձրությամբ պղնձակոփ արձանը: 1962-ին Ի. Ստալինի արձանը հանվել է և 1967 թ. տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ վեր խոյացող ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ արձանը:

Հուշահամալիրը նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 52 մետր է:

1970 թ. բացվել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թթ.» թանգարանը, որը 1995 թ. վերանվանվել է ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ զինվորական թանգարան` ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո: Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա` Հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ աշխարհամարտին և Արցախյան ազատագրական պատերազմին:

Թանգարանի անտարանջատելի օրգանական շարունակությունն է հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը, Հերոսների, Մարշալ Բաղրամյանի, ռուս սահմանապահների ծառուղիները, զինատեսակների բացօթյա ցուցադրությունը:

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ զրույցը անդրադարձ է մեր հիշողությունների յուրօրինակ մարմնացում դարձած այս թանգարանի առօրյային:

- Ովքե՞ր են թանգարանի հիմնական այցելուները:

- Անցյալ տարվա տվյալներով 75 պետությունից ունեցել ենք 65 հազարից ավելի այցելու: Ինչ խոսք, արտասահմանից հյուրերի այցելությունը կարևոր է մեր ժողովրդի ռազմական հաղթանակները հավուր պատշաճի ներկայացնելու նպատակով, սակայն մեր թանգարանի դռներն առաջին հերթին բաց են հայաստանաբնակ պատանիների և երիտասարդների առջև, ովքեր ապագա պաշտպանները և տերերն են մեր երկրի:

- Հիմնականում ո՞ր կազմակերպությունների հետ եք համագործակցում: Ռազմահայրենասիրական ի՞նչ գործունեություն եք ծավալում:

- Հնարավորինս համագործակցում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ, որոնք կարևորում են երիտասարդների շրջանում ռազմահայրենասիրական քարոզչությունը: Սակայն, բնականաբար, առաջնահերթը վետերանների, ազատամարտիկների, երիտասարդական կառույցների և կրթական հաստատությունների հետ փոխգործակցությունն է: Ռազմահայրենասիրական գործունեությունը հիմնականում հետևյալ ուղղություններով ենք ծավալում. ցուցադրություններ (թանգարանում, զինվորական և ուսումնական հաստատություններում), քարոզչություն և համապատասխան տեղեկատվության տարածում` տարաբնույթ ԶԼՄ-ների, համացանցի միջոցով, տարաբնույթ միջոցառումների իրականացում:

- Իսկ ի՞նչ հաճախականությամբ եք միջոցառումներ կազմակերպում և ի՞նչ բնույթ են դրանք կրում:

- Հասկանալիորեն, միջոցառումները որպես կանոն գերազանցապես կրում են ռազմահայրենասիրական բնույթ: Այսինքն` մեր թանգարանի գործունեության ուղղվածությանը համապատասխան` նվիրված հայոց ռազմական պատմության նշանակալից իրադարձություններին, անվանի գործիչներին: Կազմակերպվում են նաև ռազմական թեմաներով գրքերի շնորհանդեսներ: Պարտք եմ համարում շեշտել հատկապես մեր միջոցառումներին դպրոցականների և կուրսանտների ակտիվ մասնակցությունը, ինչն ամենից ուրախացնողն է և հպարտություն է ներշնչում:

- Հաճախ են դժգոհություններ հնչում, թե գնալով նվազում է սերը մշակույթի հանդեպ, ի՞նչ դեր կարող է ունենալ թանգարանը` մեծացնելու հետաքրքրութ յունը արվեստի նկատմամբ:

- Ինքս ամենևին հակված չեմ նման տեսակետի: Ինչ խոսք, գլոբալացման պայմաններում, միանգամայն օբյեկտիվ պատճառներով, երիտասարդության շրջանում գուցե և նկատելի է մշակույթի նկատմամբ որոշակի հետաքրքրության նվազեցում: Սակայն, այն հանգամանքը, որ թանգարանի այցելուների գերակշիռ մասը հենց մեր ներկա սերունդն է` վկայում է, որ այդ դժգոհություններն այնքան էլ տեղին չեն: Հիշեցնեմ, որ վերջին տարիների ընթացքում կյանքի գնով երկրի սահմանները պաշտպանած տղաները մեր ներկա սերունդի ներկայացուցիչներն են: Թանգարանն իր հերթին ձգտում է իր աշխատանքով հնարավորինս հետաքրքրություն և հպարտություն սերմանել հայ ժողովրդի մշակույթի` կոնկրետ ռազմական պատմության նկատմամբ:

-Այս տարի նշվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը. ի՞նչ յուրօրինակ ու հետաքրքիր ցուցադրությամբ ներկայացաք ձեր այցելունե րին:

- Այս տարվա ընթացքում միջոցառումները բազմաթիվ էին, սակայն դրանցից առանձնապես կցանկանայի շեշտել Մոսկվայում «Նացիզմի դեմ պայքարում մենք եղել ենք միասնական» խորագրով միջազգային ցուցադրությունը, որտեղ ՀՀ ազգային ցուցասրահի պատրաստումը, մոնտաժումը և ներկայացումը վստահվել էր հենց մեր թանգարանին: Ցուցասրահը կազմակերպվել էր բարձր մակարդակով, ըստ արժանվույն ներկայացված էր հաղթանակի գործում հայ զորավարների և մարտիկների ունեցած կարևոր դերակատարությունը: Բոլոր ներկաների` հատկապես ցուցադրությունը բացած ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի կողմից ՀՀ ազգային ցուցասրահն արժանացավ առանձնահա տուկ բարձր գնահատականի:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ