«Այդ ոճիրը վաղեմություն չի ճանաչում»


- Ջո˜ւր, ջո˜ւր եմ ուզում...

- Հա˜ց տվեք, խնդրո˜ւմ եմ...

Հնամաշ, պատառոտված, կարկատած շորերով սովալլուկ «գաղթականները», հազիվ քարշ տալով իրենց գոյությունը, հառնում են տարիների խորքից` անակնկալի բերելով հանդիսատեսին:

...Անցյալն ու ներկան հատվեցին լռության րոպեի խորհրդում...

Եղեռնի 100-ամյա տարելիցի շրջանակներում ինքնատիպ էր Հրազդանի Պ. Սևակի անվան N 8 հիմնական դպրոցում (տնօրեն` Գ. Գրիգորյան) տեղի ունեցած միջոցառումը: 3 «բ» դասարանի երիտասարդ դասվար Լիանա Հարությունյանի պրպտուն միտքը, քամելով պատմության էջերը, ցեղասպանության առկա խնդիրը ներկայացրեց յուրովի` գեղարվեստական նուրբ ճաշակի ու իրողության մատուցման յուրատեսակ համադրությամբ: Նրա հետևողական աշխատանքի շնորհիվ աշակերտները գրեթե անթերի խաղացին իրենց դերը` օրվան համահունչ տրամադրությամբ ու դիմախաղով:

Հոգնատանջ մարմինների վրա կրելով ցեղասպանության կնիքը` «մազապուրծ գաղթականներն» իրենց հետ բերել էին ականատեսի խոսքը, կտտանքն ու զրկանքները: Նրանց մեջ էր նաև խելագարության հասած «Կոմիտասը», ում երգը փորձեց լռեցնել «թուրք զինվորը»` անխնա հարվածներ հասցնելով: «Կոմիտասն» ընկավ, բայց նրա երգը չլռեց, այլ աղոթք դարձած` հասավ մեր օրեր:

Սահուն անցումներով ներկայացվում էին նաև եղեռնի պատմական փաստերը` թուրք օսմանների ծրագրերից մինչև վրիժառուներ, մինչև մերօրյա ազդեցիկ գաղափարախոսներ, որոնցից մեկն էլ Հրանտ Դինքն էր:

Միջոցառման վերջում «1.500000+1», «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ», «Հիշում եմ և պահանջում» պաստառներով «գաղթականներն» ու «մերօրյա հայերը» ցեղասպանությունը ճանաչելու կոչով մոտենում են «ԱՄՆ-ի նախագահին»: Բ. Օբամայի դերակատարը, ի հեճուկս Թուրքիայի, իր փոքր-ինչ անվարժ անգլերենով արտասանում է «ցեղասպանություն» բառը` արդարացի լուծում տալով հայերի 100-ամյա պահանջատիրությանը:

Ողջագուրվող «գաղթականների» ցնծությանը միանում են հանդիսատեսի ծափահարություններն ու գոհունակ ժպիտը: Իսկ դահլիճի պատին մեծ պլանով ցուցադրվում են այն թուրք մտավորականները, ովքեր դատապարտում են իրենց նախնիների կատարած ոճրագործությունն ու ներողություն խնդրում հայերից:

Ինչպես իր խոսքում նշեց դասվար Լ. Հարությունյանը, այսօրվա համարձակ սերունդը հաստատակամ է ու լիահույս, որ ոչ հեռու ապագայում վերականգվելու է պատմական արդարությունը: Իսկ աշակերտներն ապացուցեցին, որ աշխարհն այլընտրանք չունի, և որ սա´ է լինելու աշխարհասփյուռ հայերի 100-ամյա պայքարի արդյունքը:

Բարձր գնահատելով դասվարի աշխատանքը` դպրոցի տնօրեն Գ. Գրիգորյանն իր ողջույնի խոսքն ամփոփեց այն համոզմամբ, որ եթե ԱՄՆ-ի նախագահը տեսներ ու լսեր «փոքրիկ Օբամային», առանց վարանելու կընդուներ ցեղասպանությունը:

ք. Հրազդան

Նարինե ՄԱԹԵՎՈՍՅԱՆ