ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐ


Երկրի տնտեսական կյանքում ընդգծվող բաժանարար գծերը բազմակի ընկալումներ են ունենում: Եվ վերաբերմունքի հակասականության հիմնական դրդապատճառն այն է, որ մինչև այսօր ընդհանրական ձևակերպմամբ կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարն այնքան խորհրդանշական բնութ է ունեցել, որ հասարակությանը չի հաջողվել անգամ նկատել դրա արդյունքները: Պարզ ասած` անզեն հայացքը դժվարացել է այդ տեղաշարժն արձանագրել: Հենց դրա համար էլ նոր իշխանության գործնական և աստիճանաբար նաև տեսանելի քաղաքականությունը այդչափ հակասական վերաբերմունքի է արժանանում: Արտառոցն այստեղ խոշոր հնարավորություններ ունեցող, բայց իբրև հարկատու այդպես էլ համեստ մնալու մարտավարության ստիպողական վերափոխումն է: Հանրությունը վարժվել է մեծերի ու փոքրերի համահարթեցված գործառույթներին և ներկայում, երբ փորձ է արվում իրապես զանազանել դրանք, դժվարանում է վերափոխել հասարակության ավանդական պատկերացումները: Ի վերջո, հեշտ չէր լինի կարծելը, թե մի օր հնարավոր կդառնա հատկապես խոշոր գործարարների` մեծաքանակ հարկեր վճարելու ծրագիրն իրականություն դարձնել: Մինչդեռ հիմա արդեն ոչ միայն, ինչպես ասում են, աչքի տեսածին պետք է ապավինեք, այլ զուգահեռաբար նաև վարժվենք, որ վերջապես գալու էր պետության առջև գործարարների ունեցած պարտավորությունների լիարժեք կիրառման ժամանակը: Այդ ժամանակն ամեն կերպ ձգտում է իրականության վերափոխել հենց նոր իշխանությունը: Ի վերջո, նոր բարեփոխումների միջոցով պետք է արմատախիլ արվի այն կարծրատիպը, թե նախընտրական ծրագրերը գրվում են ոչ թե ընտրողին շողոքորթելու, այլ ընտրական հաջողության դեպքում ամենայն մանրակրկիտությամբ կյանքի կոչվելու համար: Ահա թե ինչու են անհանգիստ նոր իշխանության քաղաքական կուրսի հակառակորդները, ովքեր ճարահատյալ պնդում են, թե իշխանությունը զոհասեղանին է դրել հանրապետության ողջ օլիգարխիկ հատվածը: Իրականում, սակայն, լինի օլիգարխ, թե մեկ այլ ոք, օրինավոր քաղաքացու` նրանից ակնկալվող-պահանջվող կարգավիճակը միայն խեղված հոգեբանությամբ և աշխարհայացքով մարդիկ կարող են դեպի զոհասեղան քարշ տալ ու հետ շպրտել: Այլ հարց է, որ տեսանելի բարեփոխումների արդյունքում նույն այդ իշխանության հանդեպ հասարակական վերաբերմունքի արդարացված վերափոխումը ձեռնտու չէ առանձին քաղաքական շրջանակների: Իսկ կարևորը ոչ թե գնահատականներն են, այլ գործնական քայլերը: Փաստն այն է, որ վերջապես կոնկրետացվել են անելիքները` այս կամ այն ոլորտում տարիներով արմատավորված արատավոր երևույթների դեմ: Եթե գերեզմանատներում, բուժհիմնարկներում կամ էլ թեկուզ հենց կրթական հաստատություններում ծավալվող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը հրապարակային ու թափանցիկ է դարձել, անշուշտ դա ոգևորում է հանրությանը: Առավել ևս, որ նման օղակների հետ հասարակության ցանկացած անդամի շփումը պարզապես անխուսափելի է: Սակայն ցանկացած բարեփոխում նպատակային է դառնում, երբ մարդը դրա արդյունքները սեփական մաշկի վրա է զգում: Ասել է թե` պայքարի մեկնարկը որքան էլ նշանակալի լինի, կարևորն ավելի շատ դրա տևականությունն է, վերջնարդյունքը: Հակառակ պարագայում հասարակական հիասթափությունը էապես կարող է վնասել իշխանության վարկին: Մեկ-երկու կաշառակերի պատժելը շոշափելի արդյունքներ չի կարող ունենալ, իսկ ժողովրդի ակնկալիքը ոչ այնքան մի քանի մարդու քավության նոխազի դերում տեսնելն է, այլ հասարակական արատների լիարժեք ապաքինման խնդիրը լուծված տեսնելը: