«Մեր առաջին թշնամին մեր ներսում է»


Սա վարչապետ Տիգրան Սարգսյանի հակիրճ պատասխանն էր հակակոռուպցիոն պայքարի հիմնախնդիրներին նվրված հուլիսի 2-ի խորհրդաժողովին մասնակցող լրագրողների այն հարցին, թե «կոռուպցիայի դեմ հայտարարված պատերազմում կոռումպացվածների կողմից ճնշումներ կա՞ն, արդյոք»: Իհա°րկե կան, և չեն կարող չլինել: Վարչապետի պատասխանն անկեղծ էր և վկայում էր, որ նա, ինչպես ասում են, «լուրջ է կպել գործին»: Քանի որ նույն խորհրդաժողովում Վարչապետը ամենայն լրջությամբ կարևորում էր ԶԼՄ-ների անաչառ լուսաբանման դերը այդ չարիքի դեմ մղվող պայքարում, հարկ ենք համարում Վարչապետի և մեր հասարակական լսարանի ուշադրությունը հրավիրել երկրի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու մի քանի` արտաքուստ մանր, իսկ իրականում չափազանց մեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների վրա: Խոսենք օրինակներով, որոնց հասցեատերերի անունները պատրաստ ենք նշել` եթե անհրաժեշտություն ծագի: Քաղաքացին գնացել է որևէ պետական կամ ոչ-պետական հիմնարկ` որևէ հարցով դիմելու կամ որևէ խնդրով բողոքելու: Նրան ասում են` տեղեկանք բեր, որ դու տվյալ համայնքի բանկիչն ես: Քաղաքացին ներկայացնում է անձնագիրը կամ անձնագրի լուսապատճենը, ուր սևով սպիտակի վրա նշված է, թե նա հաշվառման է վերցված տվյալ համայնքում: Հղփացած, լկտիացած չինովնիկի համար դա…«հիմք» չէ. նրան, պատկերացնու՞մ եք, մարդու անձնագիրը չի¯ բավարարում` համատիրության տեղեկա¯նքն է պահանջում: Գնում է համատիրություն` տեղեկանքի: Հրաժարվում են տրամադրել, թե, ասենք, աղբահանության կամ սպասարկման վարձի պարտք ունես: Բայց պարտքն ի՞նչ կապ ունի այն հարցի հետ, թե մարդն ապրու՞մ, թե՞ չի ապրում այդ համայնքում կամ հասցեում: Պարտք ունի` դատական կարգով գանձիր, բայց քեզ ո՞վ է իրավունք տվել բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք չտրամադրել: Կոպիտ կամայականությու՞ն է: Անշու°շտ: Ենթատեքստը ո՞րն է: Մեկ-երկու հազար դրամ կաշառք տուր` տեղեկանքդ կստանաս... Ինչպե՞ս վերացնել կոռուպցիայի այս սողանցքը: Շատ հեշտ` Վարչապետի ստորագրությամբ հրահանգ իջեցնել անխտիր բոլոր պետական ու մասնավոր հիմնարկներին` պահանջելով վերջ տալ բնակության վայրի մասին տեղեկանք պահանջելու անհեթեթությանը և ամենուրեք հիմք ընդունել քաղաքացու անձնագրային հաշվառումը: Մեկ այլ օրինակ. քաղաքացին դիմում է կադաստրային վարչության տեղական ծառայության պետին` իրեն պատկանող այս կամ այն անշարժ գույքի մասին սեփականության վկայագիր ստանալու: Համայնքապետի տված համապատասխան փաստաթուղթը կա, տվյալ անշարժ գույքի համար տարիներ շարունակ պետությանը մուծած հարկերի վճարման կտրոններն առկա են, բայց կադաստրային վարչության պետը… մերժում է սեփականության վկայագիր տալ: Ինչու՞: Որովհետև հասկանում է, որ տվյալ քաղաքացին իրեն օրինականորեն պատկանող անշարժ գույքը վաճառելու կամ օտարելու մտադրություն ունի: «Արդեն գնորդ ճարե՞լ ես,-կհարցնի, -որ վաճառեցիր` իմ բաժինն ինչքա՞ն է լինելու»: Նախապես կտա՞ս նրա «բաժինը»` սեփականության վկայագիրը կստանաս: Չե՞ս տա` ամիսներով կտանի-կբերի, պատճառաբանություններ կհորինի, նորանոր «փաստաթղթեր» կպահանջի, դռնեդուռ կգցի, կհրաժարվի իր պաշտոնական պարտականությունը կատարելուց: Նույնիսկ սեփականության վկայագիր տալուց հրաժարվելու առթիվ դիմումիդ մերժման մասին գրավոր պատասխան չի տա, որ իր հանցավոր անգործության, իր բյուրոկրատական քաշքշուկի առթիվ հայցով դատարան դիմես: Ասենք, եթե նույնիսկ դիմես` պակաս բյուրոկրատական քաշքշուկի չես հանդիպի նաև դատարանում: Դատավորն էլ իր հերթին սեփական «բաժինը» կակնկալի` կադաստրային ծառայության պետի դեմ քաղաքացիական հայցիդ օրինական ընթացք տալու փոխարեն: Որովհետև մեկը մյուսի հետ կապված են, միասին են «գործ անում»` կաշառք շորթում: Եղբայր, դատավորի կամ կադաստրի պետական վարչության չինովնիկի ի՞նչ գործն է` իմ անշարժ գույքը վաճառելու մտադրություն ունե՞մ, թե՞ չունեմ, արդեն գնորդ գտե՞լ, թե՞ չեմ գտել: Իմ պահանջն օրինական է, ես ուզում եմ ինձ պատկանող գույքի սեփականության վկայագիրն ունենալ: Քե՞զ ինչու պիտի «տեսնեմ»: Այս երևույթն ինչպե՞ս վերացնել: Դարձյալ շատ հեշտ` ստուգել քաղաքացիների դիմումների մերժման օրինականությունը և բռնել բյուրոկրատ չինովնիկի օձիքից` անգամ եթե այդ քաշքշուկից տուժած քաղաքացու գրավոր բողոքը չկա, և տվյալ չինովնիկին ուղղակի դուրս շպրտել պետական կառավարման համակարգից էլ, դատական մարմիններից էլ: Մի երրորդ, համատարած դժգոհությունների տեղիք տվող երևույթի մասին ևս: Մարդը կենսաթոշակի պիտի գնա, դիմում է կենսաթոշակ նշանակող համապատասխան տարածքային ծառայություն, ներկայացնում է աշխատանքային գրքույկը: Ասում են` գնա տեղեկանք բեր, որ այն հիմնարկը, ուր դու այսինչ թվից մինչև այսինչ թիվն աշխատել ես` բարեխղճորեն կատարել է իր սոցիալական վճարումները: Ինչու՞ պետք է քաղաքացին այս դեպքում նույնպես դռնեդուռ ընկնի, տեղեկանքներ հավաքի: Կենսաթոշակ նշանակող հիմնարկի համապատասխան չինովնիկը չի՞ կարող ինքը պաշտոնական հարցումներ կատարել կամ համակարգչային ցանցի միջոցով ակնթարթորեն ստանալ իրեն հետաքրքրող հարցի պատասխանը: Ինչու՞ է իր պարտականությունը բարդում…դիմողի ուսերին: Կամ, ասենք, տվյալ պետական կամ մասնավոր հիմնարկը, ուր ըստ աշխատանքային գրքույկի` նշված տարիներին աշխատել է դիմող քաղաքացին, իսկապես իր սոցիալական վճարումները բարեխղճորեն չի կատարել: Պետությունը, պետական վերահսկողական ծառայությունները իրենք պիտի ժամանակին պատշաճորեն վերահսկեին, որ տվյալ գործատուն չարամտորեն խույս չտար սոցիալական վճարումները կատարելուց: Քաղաքացին ի՞նչ մեղավոր է սեփական հիմնարկի պետի կամ գործատուի անբարեխղճության համար: Ամեն մի այսպիսի դեպքում, իսկ դրանք ամենևին էլ քիչ չեն, տուժողը պետք է լինի ոչ թե քաղաքացին, որի ընդհանուր աշխատանքային ստաժը պակաս է հաշվարկվում և կենսաթոշակն էլ քիչ է սահմանվում, այլ «էն գլխից» այսպիսի հանցագործություն թույլ տված անձինք: Ընդսմին, այդպիսիները դատարանի առաջ պետք է կանգնեն անկախ այն բանից` հիմնարկը արդեն լուծարվա՞ծ է, թե՞ ոչ, այն ժամանակվա պաշտոնյաները հիմա պաշտոնավարու՞մ են, թե՞ ոչ, պետությանը ժամանակին խաբած գործատուները հիմա գործատու՞ են, թե՞ ոչ: Եվ պետությունը նրա°նց գրպանից պետք է բռնագանձի բոլոր այն տարիների համար հաշվարկվող կենսաթոշա կային գումարները, որոնք այժմ հեշտ ու հանգիստ… հանո¯ւմ է քաղաքացու ընդհանուր աշխատանքային ստաժից: Հարկավոր է վերից վար մաքրել մեր պետական ապարատը, մեր պետական իշխանության բոլոր մարմինները` այդպիսի վայ-պաշտոնյաներից` մեկընդմիշտ ազատվելով Վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշած` «մեր ներսի առաջին թշնամիներից…»:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ