ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔԻՆ` ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՈՒ ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ՂԵԿԱՎԱՐ


Ողջունելով Հանրապետության նախագահի կադրային քաղաքականության դրական միտումները, մեր անկեղծ շնորհավորանքն ենք հղում ազգային և համամարդկային ավանդույթներ ու փորձառություն կրող, պետության կառուցման գործում իր հաստատուն ներդրումն ունեցող մի Մարդու` Հրանուշ Հակոբյանին, ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ նշանակվելու կապակցությամբ£ Լավ Հայ, որի նշանակումը կարելի է համարել բազմակողմանիորեն գնահատված խելամիտ ու հուսադրող քայլ` Համասփյուռքյան Երկրի պահպանման ու զարգացման գործում£ Դատելով տեղական և սփյուռքային արձագանքներից, կարելի է վստահաբար նշել, որ այս նշանակումը նոր ոգևորություն և հույսեր է արթնացրել հայ հանրության, ինչպես նաև սփյուռքի հիմնախնդիրներով զբաղվող անձանց, կառույցների շրջանում£ Դրա պատճառները պարզ են. ի դեմս Հրանուշ Հակոբյանի, տեսնում ենք սփյուռքի հարցերը համակարգող մի ղեկավարի, որն ունի պետականության զգացում և մտածողություն, որը փայլուն գիտի Սփյուռը և դրա բազմաշերտությունը` իր խնդիրներով, որն ունի ազգային մտածողություն, ղեկավարման մեծ փորձ և այս ամենը` հոգու թելադրանքով և գիտական հենքով£ Հավատացած ենք, այս բացառիկ պաշտոնյան իր գիտական, կիրառական ու արժեքային համակարգի ամբողջության արդյունքում կկարողանա Հայաստանն ու Սփյուռքը համախմբել£ Սիրելի Հրանուշ Հրանտի, մաղթում ենք ներուժ, հաջողություն և Աստծո ապավինություն` ապագա նորաստեղծ Սփյուռքի նախարության հիմքերը, սփյուռքահայերի մասնակցությամբ նաև, ճիշտ հենքի վրա դնելու գործում£ Սիրով և Հավատով` «ԱՎԱՆԳԱՐԴ» - Ո՞րն է լինելու Ձեր խնդիրը` Սփյուռքի հետ Հայրենիքի կապերի սերտացման աշխատանքում: - Պայմանականորեն ծրագիրը կարելի է անվանել «Դեպի հայրենիք», ինչը կարծում եմ, արդեն իսկ հուշում է ստեղծվելիք նոր նախարարության գերխնդիրը: Մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է: Սակայն ինձ համար հստակ է, որ այս գերատեսչության գերխնդիրը հայապահպանությունը պետք է լինի, իսկ դա հարկ է սկսել աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների` Հայրենիքի հետ շփումները գործնական դարձնելով, հատկապես երիտասարդների հայացքը դեպի Հայրենիք ուղղելով: Բացի այս, ու հենց այս նպատակի իրագործման համար, նախարարությունը պետք է դառնա տեղեկատվական տեխնոլոգիաների հզոր կենտրոն, որպեսզի վայրկյանների ընթացքում աշխարհի ցանկացած անկյունից մարդիկ կարողանան տեղեկանալ հայաստանյան բոլոր իրադարձություններին: Նույնքան կարևոր է նաև, իհարկե, հետադարձ կապը` սփյուռքահայ գաղթօջախների հետ նպատակասլաց աշխատելու համար: Եվ, ի վերջո, մենք պետք է փորձենք ազգովի ձերբազատվել այն հոգեբանությունից, թե «մենք մի փոքր ածու ենք», «մենք քիչ ենք, բայց մեզ հայ են անվանում»: Ընդհակառակը, արժանապատվորեն պիտի կարևորենք, որ մենք 10 միլիոն ենք, և 10 միլիոնանոց կազմակերպված ազգի արժանապատիվ գիտակությամբ պետք է խոսենք աշխարհի հետ: