Սխալների տրագեդիա


Չգիտենք, թե հանձնաժողովը ինչպիսի վերջնական եզրակացություն կկազմի, բայց հասարակությունում մարտի 1-ից հետո շրջանառվում է այն տեսակետը, որ այդ դեպքերը երկու կողմերի գործած սխալների արդյունքն են: Եթե իշխանություններին անդրադառնանք, մասնավորապես Ռ. Քոչարյանը պետք է թույլ չտար, որ այդ ցույցերը իննօրյա շարունակականություն ունենային, և ցուցարարները համոզվեին իրենց ճշմարտացիության մեջ: Իսկ մոտալուտ հեղափոխական հաղթանակի ակնկալիքներ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, մի պահ իրենից բացի ժողովրդի մասին պետք է մտածեր և ոչ թե ավելի սրելով ամբոխի գրգռվածությունը` նրան ուղղորդեր ծայրահեղ քայլերի: Որոշակիորեն համակարծիք լինելով դիտարկման հետ` պատգամավորն ավելացրեց. - Այս առիթով հիշելով, ասեմ, որ ժամանակին առիթ եղավ հանձնաժողովի անդամներին կողմնակալության մեջ մեղադրել: Բայց ասեմ, որ և° Դաշնակցությունը` իր հայտարարություններով, և° անձամբ ես, և° Արծվիկ Մինասյանը միշտ այդպիսի կարծիք են արտահայտել` իհարկե, իշխանության լուրջ թերացումները եղել են այս հարցում: Թերացումներ, որոնք նույնպես պատճառ դարձան այս ողբերգական իրադարձությունների: Օրինակ` ես ուզում եմ հարցնել. եթե զինված մարդիկ են եղել, եթե զենք է ստեղծվել, պահվել, բերվել ապա ո՞ւր էին այդ մարմինները. եթե կրակոցներ են եղել, ինչպես ասում են, թե եղել են, հրազեն է գործածվել ընդդիմության կողմից, արդյո՞ք հայտնի չէին այն շրջանակները, որոնք որ էդպիսի զենք ունեին և այդ շրջանում էդպես ակտիվացել էին: Կարելի է խնդիրները տարբեր տեսանկյուններից դիտել: Օրինակ` իշխանությունը բավարար փորձ արեց` ընդդիմությանը հրավիրելու, ներքաշելու երկխոսության մեջ: Արդյոք իրավապահ մարմինները ճիշտ կատարեցին իրենց խնդիրները: Կատարվածը ավելի խորը արմատներ ունի: Լա°վ, քաղաքական ուժը, իր նպատակներից ելնելով, դուրս եկավ, կազմակերպեց հանրահավաքներ և այլն: Իսկ ժողովո՞ւրդը: Իրենք` Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները խոստովանում էին, որ հրապարակում շատերը չեն ընդունում Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց դուրս են եկել հրապարակ: Էստեղ լուրջ խնդիր կա: Ուրեմն անցյալ տարիների ընթացքում եղել են բացթողումներ, որոնք հանգեցրել են սրան: Հիմա այդ բացթողումներին արագ-արագ անդրադառնում են նոր իշխանությունները: Անշուշտ երկկողմանի սխալներ են և պետք է կարողանալ անաչառորեն այդ երևույթներին նայել, առաջ գնալ, չծածկել, մեկ կա°մ մյուս կողմի դիրքերը չամրապնդել, որովհետև էդպիսի խնդիր չկա: Այստեղ կա հասարակության խնդիրը: Իշխանությունները գալիս-գնում են, հասարակությունը մնում է:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ