ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պատանիների ու աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության գո


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պատանիների ու աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների ու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Երևանի թիվ 158 դպրոցի զինղեկ, մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի ուսումնական հաստատությունների ավագ զինղեկ, գնդապետ Դանիել Արմենակի Թադևոսյանն արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանը: Թալինի շրջանի Մաստարա գյուղում ծնված պատանին մանկության տարիներին բազմաթիվ անգամներ լսել էր հոր պատմածներն այն մասին, թե ինչպես 1918 թվականին թուրքերը, Շիրակի հարթավայրի մեծ մասը գրավելով, հասել էին Մաստարա, գյուղի ողջ բնակչությանը լցրել Ձիթհանքով գյուղի մարագներն ու այրել, իսկ ինքը սողեսող փախել էր սարերն ու փրկվել: Լսել էր նաև համագյուղացիների պատմածները թուրքերի գազանությունների մասին: Լսել էր, ատամներն ամուր սեղմել իրար ու ինքն իր հետ վերլուծել աշխարհի չարն ու բարին: Իսկ երբ արդեն հերթը եվրոպացի թուրքերին էր հասել, ինքն արդեն հասուն պատանի էր ու, առանց վարանելու, որոշեց զինվորական դառնալ, պաշտպանել իր հողն ու ջուրը, տունուտեղը: 1948 թվականին զորակոչվեց բանակ, հագավ զինվորական համազգեստն ու, ինչպես ինքն է սիրում կրկնել, արդեն 60 տարի համազգեստը հագից չի հանել: Արդեն 33 տարի զինվոր-մանկավարժ Դանիել Թադևոսյանն իր կյանքը կապել է Երևանի թիվ 158 դպրոցի հետ, դպրոցի զինղեկն է, զբաղվում է սիրած գործով` երեխաներին նախապատրաստում է բանակում ծառայելուն, նրանց հայեցի դաստիարակելուն զուգընթաց նաև սովորեցնում է դիմակայել դժվարություններին, կարողանալ ճիշտ կողմնորոշվել անելանելի թվացող իրավիճակներում, իսկ անհրաժեշտության դեպքում անգամ կյանքը չխնայել հայրենիքի համար: Բոլորովին էլ պատահական չէ, որ նրան աշակերտել են նաև ՀՀ Ազգային հերոս, 1990 թվականի հունվարին Երասխավանում քաջի մահով ընկած Մովսես Գորգիսյանն ու Եռաբլուրում ամփոփված Արտյոմ Սահակյանը, աշակերտներից 43-ը սպաներ են, 3-ը սովորում են Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, մնացած տղաներն էլ զինվորական գործին տիրապետող, կարգապահ ու պարտաճանաչ զինվորներ են, քանզի հայրենասիրության ու տղամարդկայնության դասեր են առել Դանիել Թադևոսյանից: - Շա՞ տ է, թե քիչ մեկ մարդու, շարքային մանկավարժի համար: - Ես իմ գործն եմ անում,- ասում է սիրված մանկավարժը,- շատն ու քիչը թող ուրիշները որոշեն, ամեն մարդ իր գործը պիտի անի, սիրի այն աշխատանքը, որ կատարում է, նվիրումով տրվի իր գործին, անընդհատ նորություններ մտցնի աշխատանքում, չլճանա, չբավարարվի ձեռք բերածով... Թե չէ, ինչի՞ է նման այն մարդը, որ տարրական գիտելիքներ չունի, բայց, ինչպես ասում են, քիթն ամպերն է վարում, մտքով արքայություն է անցնում ու, կարծելով, թե ամեն ինչ գիտի, չի աշխատում իր վրա, չի սովորում: Այդպիսիք վտանգավոր մարդիկ են, այդպիսի մեծամտական հակումները մարդու մեջ պետք է արմատախիլ անել փոքր հասակից: Դա ևս, ըստ իս, պետք է մանկավարժի ուշադրության կենտրոնում լինի, նա պարտավոր է սանին ցույց տալ նրա ուժեղ և թույլ կողմերը, հասնի այն բանին, որ երեխան դպրոցական նստարանից սկսած ինքնաքննադատաբար գնահատի սեփական գիտելիքները, ճիշտ կողմնորոշվի կյանքի բավիղներում, շրջապատի համար ընդունելի ու հաճելի մարդ դառնա, այդ դեպքում կշահեն թե° իրենք երեխաները և թե° հասարակությունն ընդհանրապես: - Անկեղծ ասած,- շարունակում է խոսքը գնդապետը,- ինձ շնորհված վաստակավոր մանկավարժի կոչումն ինձ ավելի շատ ուրախացրեց նրա համար, որ մեր երկրում, վերջապես, սկսեց կարևորվել զինղեկի դերը: Գաղտնիք չէ, որ մենք չհայտարարված պատերազմի մեջ ենք հարևան երկրի հետ, կրտսեր Ալիևը ռազմաշունչ հայտարարություններ է անում նույնիսկ միջազգային կազմակերպություններում ու դիվանագիտական հանդիպումների ժամանակ: Նրա միակ զսպաշապիկը մեր բանակի հզորությունն է, որը կարևորագույն նախապայման է խաղաղության ապահովման համար: Այդ հաշվեկշիռը հօգուտ մեզ, մենք պարտավոր ենք միշտ ու ամեն գնով պահպանել: Ահա այստեղ է, որ անփոխարինելի դեր ունեն կատարելու դպրոցներն ու դրանցում աշխատող զինղեկները: Իմ կարծիքով պետք է բարձրացվի զինղեկների կարգավիճակը` նրանց հասցնելով ռազմահայրենասիրական գծով դպրոցի փոխտնօրենի մակարդակի: Այո, ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա դպրոցի գերակա խնդիրը, քանզի դա է թելադրում մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը, ես համոզված եմ, ցավոք սրտի, երկար է շարունակ վելու... Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի պետի գիտական գծով տեղակալ Վատ օրենքները բռնակալության վատթար տեսակն են: (Է. ԲՅՈՐՔ) Երկրի կայունության կարևորագույն նախապայմանը ամուր հիմքերի վրա կանգնած օրենսդրությունն է, օրենքին խստորեն հետևելը: Իսկ աներեր օրենսդրության հիմքը օրենք օրինացն է` Սահմանադրությունը: Հայաստանի Սահմանադրությունը նոր է բոլորել 13 տարին, և ինչպես ամեն մի նորաստեղծ արժեք, կարծես թե դեռ չի ավարտել կատարելագործման գործընթացը: Այսուհան դերձ, ՀՀ Սահմանադրությունը ԱԻՄ նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԻ մեկնաբանմամբ` - Կարևոր է` որպես տվյալ ազգի ընդհանրական ծրագիր, կանոնադրություն և ազգային գաղափարախոսության գլխավոր հենարան: Սահմանադրության համար մենք արդեն անկախ Հայաստանում մինչև 1994 թ. ստիպված էինք կռվել, պայքարել, ցույցեր անել` մի պահանջով. Սահմանադրություն` սահմանադիր ժողովի միջոցով: Չնայած անկախության հռչակագրի ընդունմանը զուգահեռ Սահմանադրության մասին խոսակցություններ կային, բայց Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները Սահմանադրություն չէին ուզում: Իրենք իշխանությունը մի կերպ ստացել էին, Խթը-ից հրամանները ստանում էին: Իրենց Սահմանադրություն չէր հետաքրքրում: Սահմանադրությունը ընդունվեց` այդ ժամանակների իշխանական ուժերի քմահաճույքին համապատասխան. Լևոն Տեր-Պետրոսյանը գրում էր Սահմանադրություն` իր համար, որտեղ չէր ամրագրվում Ազգային ժողովի ձևավորման կարգը: Ի դեպ, ժողովրդի կողմից ընտրված նախագահ ունենալու հարցում մենք նույնպես տևական պաքար ենք մղել: Լևոն Տեր-Պետրոսյանին կարողացանք համոզել միայն այն ժամանակ, երբ նա արդեն զգաց, որ կարող է ինքը դառնալ այդ հզոր իշխանության տերը: Մինչ այդ ասում էին. «Չէ, մեզ ընտրովի նախագահ պետք չի. գերագույն խորհուրդ ունենք, նա էլ կընտրի իր նախագահին»: Մեր Սահմաանդրության մեջ անհեթեթություն կա. «Հանրապետության նախագահը սահմանադրական իրավունքների երաշխավորն է»: Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թ. չկարողացավ անգամ իր երաշխավորը լինել: Էդ ինչպե՞ս պետք է այդ իրավունքների երաշխավորը լիներ: Չնայած Սահմանադրությունը լիարժեքորեն չի բավարարում իմ պատկերացումներին, բայց այդ Սահմանադրությունն է, որ համենայն դեպս ճգնաժամային իրավիճակներում հենարան դարձավ մեր հասարակության համար: Հենց այդ պատճառով էլ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք Սահմանադրության մեջ առկա բացթողումներին: Վերջին տասնամյակում Սահմանադրական դատարանը անկախանալու փորձեր կատարեց: Սահմանադրական բարեփոխումներն էլ ինչ-որ չափով կարծես թե պալատական դատարանից Սահմանադրականի վերափոխվելու նախադրյալներ ստեղծեցին: Բայց չգիտեմ ի՞նչ պատճառներով, ի՞նչ հանգամանքների թելադրանքով` Սահմանադրական դատարանը ինքնակաղապարված է: Սահմանադրական դատարանը, ցավոք սրտի, գործոն չէ մեր հասարակական կյանքում: Ո՞վ է Սահմանադրական դատարանին դիմում ընթացիկ այս խնդիրներով: Իհարկե համամիտ ենք ԱԻՄ առաջնորդի որոշ նկատառումների հետ, բայց վերոնշյալ բարեփոխումներից մեկի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ կընդունի չորս կետերից որևէ մեկին համապատասխանելու դեպքում: Ինչի արդյունքում էլ, թերևս, քիչ է Սահմանադրական դիմողների քանակը: Այս առումով` Պարույր Հայրիկյանը կարծում է` - Բացառված չէ, որ ձեր բացատրությունը դրան նպաստող հանգամանքներից մեկն է, բայց գործերը ավելի արագ ընթացակարգով ավարտին հասցնելով` բացատրվեց փոփոխությունը: Էնքան խանդավառված չեմ, որովհետև ի վերջո սահմանափակում է պաշտպանվելու իրավունքը լրացուցիչ ատյանում: Բայց անմիջական կապը Սահմանադրական դատարանի հետ, ուղղակի դուք, որ ասում եք, մտածում եմ` գուցե հնարավոր է, բայց էդպես խորը չեմ ուսումնասիրել: Նախ և առաջ գործում է հիասթափության գործոնը. երբ երրորդ ատյանում նույնիսկ դռնից ներս չեն թողնում, որ հայցդ բավարարեն կամ մերժեն, բնականաբար քաղաքացու մեջ հղանում է ավելի բարձր օղակում մերժվելու մտավախությունը: Բարձր է կոռուպցիոն ռիսկը. «Հախը կտա, գործը վարույթ կընդունենք, չէ…»: Եվ բացի այդ, մեր դատական համակարգին մի տեսակ հակասահմանադրական հատկություն է հաղորդում (ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածով` բոլորը անխտիր հավասար են օրենքի առջև): Եթե մի քաղաքացու դատական կենսագրությունը ինչ-ինչ հատկանիշներով է օժտված, նշանակում է նա արտոնյա՞լ է: Բա էլ ուր մնաց օրենքի անկողմնակալությունը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ