Գարշահոտ կաթիլներ տեսլացավերին


Երկնասլաց բանաստեղծությունը պետք է, որ չլուսարձակեր գետնաքարշ կեցության թանձրաձանձրույթից սևակնած այս նեղլիկ հետնախորշում£ Այս համոզմունքդ անխախտ է, երբ ՀԹԳՄ նորաբաց թատրոնի փոքրիկ սրահում, Վասիլի Սիգարևի «Ֆանտոմային ցավեր» (բեմադրիչ` Գրիգոր Խաչատրյան) ներկայացման կամերային տիրույթում ներգրավվելով, ակամա ներկա ես գտնվում գործածությունից դուրս եկած վագոնում կենտրոնացած տրամվայի դեպոյում հերթապահող երկու անծանոթ տղամարդկանց հանդիպմանը£ Հավելյալ վաստակի հանապազօրյա անհրաժեշտությամբ գիշերային պահակություն ստանձնած ճարտարապետականում ուսանող նորեկը, գուցե տղամարդկային արժանապատվության թելադրանքով, ստիպված կուլ է տալիս անմաքուր ապակե տարայով հնաբնակի մատուցած պղտոր թրմօղին£ Վերջինս, պարզվում է, ուրիշ հետաքրքրություն չունի բացի իրեն գերագույն բավականություն պարգևող այդ ըմպելիքի համար հարկավոր դրամը հայթայթելուց£ Չնչին աշխատավարձին կցմցում է վագոններից թռցրած պղնձալարերի հասույթը և երջանկանում հարևան պառավից «նոր ներարկման» հնարավորություն ունենալով£ Որոշակի լիցքավո րումից զվարթացած` ըստ իրեն, զվարճալի պատմություններ է անում նորեկին դեպոյի կյանքից£ Լպիրշության աստիճան անկեղծանում£ Անսովոր խմիչքի ներգործությամբ` նորեկը, կարծես, հարմարվում է դեպոյի գարշաբույր միջավայրին£ Արյան եռքը խաղաղեցնող էգի ցանկություն հայտնում£ Եվ, միանգամայն անսպասելի, մեռնող կյանքի ընդհանրական-խորհրդանշական արժեքավորում ստացող հոգեսպան այս վագոն-իրականության արգահատելիության չափ պրոզայիկ մթնոլորտում թարթում է եթերային լույսը£ Ավա¯ղ, կույր տրամվայներին պատահաբար (գուցեև` ոչ) զոհ դարձած դստեր ու ամուսնու կորստյան ցավից խենթացած մանկամարդ կնոջ ուրվականային հայտնությամբ£ Դեպոյի հնաբնակի կողմից, բանաստեղծ ամուսնու աներևույթ տեսիլքին զուգակցված, մանրակրկիտ անամոթությամբ ծաղրուծանակվելուց հետո£ Սիրելիներին պատուհասած մահացու նույն փորձությանը, ճակատագրի հեգնանքով, ենթարկվելուց անմիջապես առաջ£ Միջանկյալ միակ մխիթարությունը կարող էր լինել նորեկի հախուռն ընդվզումը դեպոյի անասնաբարո տղամարդկանց հավաքականության դեմ£ Բայց մթագնած ուղեղն այլևս անզոր էր որպես փրկօղակ այն ընկալել£ Եվ մեռնող քաղաքի կարծրամաղձ երկնակամարում, որպես չհասկացված մի գողտրիկ բանաստեղծության էլեգիական վերջաբան, բոցավառվում է սիրելիներին միացած դեպի անէություն ընթացող կնոջ ընտենական դիմանկարը£ Տեսանելի` նույնիսկ ամենաապականված բնակիչներին, որոնց հոգիներում, այնուամենայնիվ, գուցե պատահաբար, մնացել է մանանեխի հատիկի չափ մաքուր մի անկյուն… Սյուրռեալիստական էլեգիա «Չեռնուխայի» և «նոր դրամայի» յուրօրինակ համաձուլվածքով, արդի թատերգության մոդեռն մղումներով գրված այս մեկ գործողությամբ պիեսի հայերեն տարբերակն այս ողբերգական ներազդու բեմավորումը չէր ստանա, եթե «Ֆանտոմային ցավեր» ներկայացման ստեղծագործական երիտասարդ կազմը անմնացորդ նվիրումով չնպաստեր բեմադրական մտահղացումների հոգեբանորեն հիմնավորված ու կենսականորեն արդարացված իրագործմանը£ Սկսած Հովհաննես Թեքգյոզյանից, ում գեղարվեստական թարգմանությամբ կոնկրետ գրական հիմնավորում է գտնվել բեմադրիչի` համամարդկայնացման նպատակամղվածության համար£ Պիեսի գլխավոր ասելիքի մարմնավորումը թոթափվել է զուտ ռուսական ինչ¬ինչ բնորոշիչներից£ Անվանազրկված հերոսների մարդկային ընդհանրական նկարագրերի կենդանացումը անհամեմատ հեշտացնելով` դերակատարներին հնարավորություն է ընձեռել իրենց խաղացած կերպարներին նույնանալու, ներքին զգացողություններով հարստացնելու£ Խոցելի է միայն հնաբնակի լեքսիկոնը£ Թեմատիկ ոգեշնչվածությամբ ծնվել է սյուրռեալիստական զարմանալիորեն տարողունակ «Աշունը` սառնասիրտ, մարդասպանի նման» բանաստեղծությունը£ Լեյտմոտիվային-ռեֆրենային տեղին կիրառությամբ ծառայել է երեք հերոսների ներաշխարհները ավելի խորը բացահայտելուն, զգացական ազդեցությունը ուժգնացնելուն£ Բեմական տարածքի հնարամիտ ընդարձակակումն ու լակոնիկ ձևավորումը (նկարիչ` Հայկ Գևորգյան), հոգեբանական անցումները շեշտադրող երաժշտական միջարկումները, հանգուցյալ «Հոմերոսի» մարդկային նկարագրի ուրվագծմամբ կնոջ հոգեվիճակի ողբերգականության լուսաստվերային նրբամիտ լուծումները միասնաբար նպաստում են դժոխային քավարանում ասես ակամա մեկտեղվածներին անձնավորող դերակատարումները£ «Վերջին լապտերն էր փախչում» Սոցիալականի կրունկի տակ ճզմելով կյանքի հատակում վերջնականապես դիմազրկված հոծ զանգվածների ամենաբնութագրական հատկանիշների կրողն է Վահագն Գալստյանի «հնաբնակը»£ Նրա աշխույժ ներկայությունը առաջին իսկ տեսարանից իր վրա է կենտրոնացնում հանդիսատեսի ուշադրությունը£ Ինքնամոռաց տրվելով թրմօղու պաշտամունքով պայմանավորված չորեքթաթ հաճույքների փնտրտուքով երկրային օրերը մաշող այս գռեհկազվարթ տիպի կոլորիտային մեկնաբանությանը` գերակտիվ բեմական վարքագծով մշտապես աչքի ընկնող դերասանը, հանձնվելով ինքնահատուկ գերախաղի տարերքին, տեղ¬տեղ «սայթաքում» է ներկայացման նախանշված ընթացքից£ Այդուհանդերձ, «Հոմերոսից» «ժառանգած» ակնոցը կրելու բարեպատեհությամբ նրա խենթացած կնոջ հատուկ վերաբերմունքին արժանանալու ցավագին պատմությամբ մի պահ հավաստում է հետնախորշի ճահճուտում է օրավուր ավելի խորը սուզվող իր հերոսի հոգում մարդկային վսեմ հատկանիշների փշրանքների գթաշարժ գոյության մասին£ Հաստատված անասնակենցաղում բացառվելով` դրանք հետին պլան են մղվել, բայց, փառք Աստծո, իսպառ չեն կորսվել£ Ներկայացման ասելիքի շրջանակներն ընդլայնվում, կատարսիսի մղող քնարական շունչ ու համամարդկային շեշտադրումներ են ստանում առավելապես Արտաշես Մխիթարյան-Լուսինե Կոստանյան զուգախաղով£ Զուսպ ու հավասարակշռված խաղաոճով է կարևորում Մխիթարյանը իր հերոսին վերագրված մարդասիրական առաքելությունը ֆիզիկական կործանման անդունդի եզրին կանգնած «Հոմերոսի» կնոջ, առհասարակ մեռնող քաղաքի խորհրդանիշ դեպոյի կյանքում£ Խորթ միջավայրին հարմարվելու պատրաստակամությունից հրաժարվում դժբախտ կնոջ հետ հանդիպման ծանր փորձությամբ£ Իրավիճակի ողբերգականությամբ, տեսիլացավերով աստիճանաբար կրակվելով` խանդաղատանքով է լցվում կյանքի հարվածներից անգիտակից գոյատևման դատապարտված, դեպոյականների իգածարավը հագեցնող խամաճիկի վերածված անօգնական էակի հանդեպ£ Ըմբոստանում, ջանում պաշտպանել կանացի մարդկային արժանապատվությունը£ Ուշ է£ Լուսինե Կոստանյանի հերոսուհին, վաղաժամ խաթարված ընտանեկան երջանկության վերհուշի բնազդային առաջնորդությամբ «գարշահոտ կաթիլների ցավից շնչահեղձ» քաղաքում դեգերելով, այլևս չի գտնի կենսափթիթ վերընձյուղման ապրեցնող խթաններ£ Նորեկի ուշահաս կարեկցանքը կյանքի մայրամուտին ծնված սառը քամի է ընդամենը` անցյալին բացիկներ առաքող, քանզի անզոր է սթափեցնելու տեսլացավերից բզկտված միտքը, ազատագրելու անբուժելի հոգեգարության կապանքներից£ «Վերջին աղոթքի շշունջ` մեռնող ամռան դեմքին»£ Դերացանկում ունենալով նույն հիվանդության զոհը դարձած երկու հաջողված կերպավորում (Սառա Քեյնի «Հոգեգարություն 4.48» և Լուկաս Բերֆուսի «Մեր ծնողների սեքսուալ նևրոզները» ներկայացումներում¬բեմադրիչ` Սուրեն Շահվելդյան)` շնորհաշատ դերասանուհին, խուսափելով կրկնվելուց, ունեցած փորձի համոզչականությամբ կարողանում է առանձնացնել, անհատականացնել նրանց բախտակից նոր հերոսուհուն£ Դինամիկ հոգեբանական անցումներով, կենսական ոգեսպան հանգամանքների-կոնկրետացմամբ, ներքին զգացողություններին համարժեք վարքագծի փոփոխականությամբ ոչ թե խաղում, այլ վերապրում է «Հոմերոսի» կնոջը բաժին ընկած դաժան կյանքի պատմությունը£ Մերթ թռվռան աղջնակ է, մերթ ամուսնուն խնամող ու գայթակղող սիրատենչ կին, մերթ կորցրած զավակի կարոտից տոչորվող մայր£ Սիրած տղամարդու հետ միասին լիարժեք երջանկանալու հույսը չի լքում այս հմայիչ էակին, ինչն անամոթաբար չարաշահվում է անասնացած դեպոյականների կողմից£ Դերասանուհու խոսքի հուզական և իմաստային շեշտադրումների փոխներթափանցված ներդաշնակության լավագույն դրսևորումը «Հոմերոսի» բանաստեղծության խորունկ, բառաքանդակ վերապրումն է£ Երբ, մանկասայլակի մեջ ընտանեկան երբեմնի հովվերգության ատրիբուտները տեղավորելով, գնում է իր անխուսափելի կործանմանն ընդառաջ, կսկծալի հուզմունքից սեղմվում է սիրտդ տրամվայի գծերի վրա մորթված ընտանեկան երջանկության ցավից£ Եվ, վայրենի ծեծկռտուքից սթափված տղամարդկանց կողքին մտովի ծնկած, սփոփանք ես փնտրում` գերբնական լույսով տիեզերական խավարում ուրվագծված տեսլապատկերում նրա ընտանեկան երջանկությունը նորոգված տեսնելով£ Առավոտյան այն կտարալուծվի մեռնող քաղաքի վրա տեղացող արցունքների մեջ` գուցե մասամբ չեզոքացնելով դրանց գարշահոտը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ