ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ


Արմատական ընդդիմությունը դարձյալ իր երիտասարդ գվարդիան է նետել փողոց: Ամառ է, արդեն կարելի է գիշերել դրսում: Դե, ջահելներն էլ տեղ են փնտրում, որտեղ կարելի կլինի առավել հրապարակային գոռգոռալ, որ իրենք լավ նահագահ չեն ուզում, այլ`անպայման արտահերթ ընտրություններով ընտրված նախագահ են ուզում: Այս դեպքում` նախագահի որակը էլ չի հուզում: Արմատականացված ջահելների հիմնական առաջադրանքն, այնուամենայնիվ, ոստիկաններին հունից հանելն ու ինչ-որ էքսցես առաջացնելն է: Դե իսկ մեր իրավապահները, բոլորին է հայտնի, որ առանց այդ էլ պատկերացում չունեն հունավորված ծառայության նասին ու դժվար են որևէ հունի մեջ տեղավորվում: Ահա և «վերևները` չեն կարողանում, ներքևները չեն ուզում» բանաձևը: Հեղափախության համար բոլոր նախադրյալները, ըստ ՀԱԿ-ի, այսպիսով լիովին ապահովված են: Հենց իրենք էլ պաշտոնական հայտարարություններ են տարածում, թե հասարակությունը, և, որ առավել կարևորն է` միջազգային հանրությունն իմանա` իրենք կանգնել են հեղափոխության ճանապարհի վրա: ՀԱԿ-ի վերջին հայտարարության վերջին հատվածն ուղղակի է տեղեկացնում. «Հայ ազգային կոնգրեսը ապօրինի իշխանությունների միակ գերեզմանափորն է»: Նույնիսկ չցանկանալու դեպքում, ակամայից հիշում ես շղթաներից բացի կորցնելու ոչինչ չունեցող պրոլետարներին: Մի տեսակ տհաճություն ու ցավ ես զգում, որ ընչազուրկ ու խելազուրկ գերեզմանափորի երիտասարդ ու անփորձ ուրվականն է ցանկանում շրջել մեր քաղաքի փողոցներում ու հրապարակներում : Ստիպված փորձում ես հասկանալ, թե սա ինչն ու ինչպես է ցանկանում փոխել մեր երկրում: Արդի քաղաքագիտական միտքը, հատկապես` հասարակական զարգացումների պատճառներն ու հետևանքներն ուսումնասիրող արևմտյան մասնագետներն արդեն հեղափոխությունը հեղաշրջումից հստակ տարբերակում են: Եթե ոչ ընտրական, արտահերթ քաղաքական միջոցառումների կամ հանրային խմբերի բողոքական դրսևորումների հետևանքով իշխանության էությունն ու կառավարման համակարգն է փոխվում, ապա դա հեղափոխություն է: Իսկ երբ ընդամենը մի իշխանավորին ոչ ընտրական մեխանիզմով փոխարինում է մեկ ուրիշը, ապա դա հեղաշրջում է: Հայտնի է, որ ՀՀՇ-ի ու, որ նույնն է, ՀԱԿ-ի ակտիվիստները ԼՏՊ-ին նախագահի աթոռին նստեցնելուց ու մյուս պաշտոնները մեջ-մեջ անելուց բացի այլ բան չեն էլ խոստանում: Ընտրությունների միջոցով դա անելու ոչ ցանկություն, ոչ էլ ներուժ սրանք չունեն. հետևաբար ոչ թե հեղափոխականներ, այլ հեղաշրջականներ են` լավագույն դեպքում: Թեև ակնհայտ է մերօրյա արմատականների ու անցյալ դարասկզբի բոլշևիկների էդենտիկ նմանությունը, բայց սա նույնպես` միայն ձևական հարթության մեջ: ՀԱԿ-ՀՀՇ-ի արմատական իշխանափոխության արդյունքում ոչ նախագահի ինստիտուտին, ոչ շուկայական հարաբերություններին ու լիբերալիզմին, ոչ պետակառավարման համակարգին, ոչ էլ պետության առջև ծառացած խնդիրները լուծելու մեխանիզմներին ու եղանակներին այլընտրանք չի առաջարկվելու: Պարզապես, արմատականներն ասում են, որ նույն համակարգով ու մեխանիզմներով իրենք դա ավելի լավ կանեն, քան մյուսները: Մերօրյա նեոբոլշևիկները չունեն նաև գվարդիական բոլշևիկների հեղափոխական կոփվածությունը: Ինչպես ամենուր, մեր արմատականները նույնպես, հեղաշրջման իրենց «հեղափոխական» ծրագիրն իրագործում են արտաքին ֆինանսավորմամբ, սակայն նրանց հետաքրքրում է պրոցեսը, ոչ թե` արդյունքը: Արդյունքի հասնելու հույս, արմատական նեոբոլշևիկները չունեն էլ, սակայն այս հանգամանքը նրանք խնամքով թաքցնում են ստնտուներից: Այսպես կարելի է «հեղափոխական» պրոցեսը երկարաձգել ևս մեկ-երկու տարով: Այս կերպ թեև զգալիորեն պակասող, բայց բավարար միջոցներ ապահովվում է` երեք ամիսը մեկ ցույցեր կազմակերպելու ու ջահելներին մինչև անձրևներն սկսելը փողոցում պահելու համար: Հենց սա է նրանց արմատական տարբերությունը ուղղափառ հեղափոխականներից: Հիշում ենք բոլորս, որ բոլշևիկներն իրենց գաղափարի համար բանտարկվում ու աքսորվում էին, իսկ հեղաշրջական նեոբոլշևիկները գաղափարներ չունեն, որոնց համար պետք է բանտ նստել կամ պայքարել: Կա միայն իշխանությունը ամբողջապես ու միանգամից վերցնելու նպատակ: Նեոբոլշևիկների ղեկավարները, եթե նկատել եք, մարտյան իրադարձություններից հետո խուսափում են հայտնվել հրապարակներում, փողոց են դուրս գալիս միայն ստերիլ պայմաններում ու իրավապահների հետ շփվում են` երբ իրավիճակը անհապաղ լարելու անհրաժեշտություն է առաջանում: Իսկ ընդմիջումներին փողոց են նետում ամեն ինչի պատրաստ, մաքսիմալիստ երիտասարդ ներին: Ու հարկ էլ չեն համարում սրանց մի կարգին բացատրել, թե հեղափոխական ազատությունն ինչի համար է, ինչ նպատակով է, գոնե ձևական, օգտագործվում, և իրենք, իբր, ինչից են դժգոհում ու ինչն են ուզում փոխել: Բնականաբար, էս ջահելները չգիտեն էլ, որ իրավունքի ուժով իշխանություն ուզելուց առաջ պետք է ուժի իրավունք վաստակած լինես, այլապես բապտիստներն ու աբվենտիստները քեզնից պակաս չեն: Իսկ այս ամենը հասկանալու համար պետք է իմանալ, որ կան քաղաքական ու քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ: Չեմ կարծում, թե նրանց ցանկացած իշխանության ժամանակ բոլորին թույլատրվելու է պլաստիկե շշով ուզած պահի հարվածել ոստիկանին կամ սպայի գլխարկը շպրտել գետնին: Այս մակարդակի հասնելու համար պետք է իրականում յուրացրած լինես ժողովրդավարական մտածողությունն ու գիտակցությունը, որ բոլոր նրանց, ով քեզ նման չի մտածում` համարես թշնամի:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ