ԴԵՌԵՎՍ «ՈՂՆԱՇԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ» ՈՒՆԵՆՔ


Բազմաբնույթ ու բովանդակալից է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ և կազմակերպությանը կից նախապատրաստական անվճար ֆակուլտետի հիմնադիր, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, ՀՀ վարչապետին առընթեր կանանց խորհրդի անդամ, Միգրացիայի և հայրենադարձության խորհրդի անդամ, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Գրետա ՄԻՐԶՈՅԱՆԻ գործունեությունը£ «Զինվորի մայր»-ը գործում է արդեն 20 տարի` իրականացնելով շուրջ 40 խոշոր ծրագրեր: Քարոզչական, լուսավորչական, խորհրդատվական, հրատարակչական և հետազոտական միջոցներով նպաստել է զինակոչիկների ու նրանց ծնողների իրավական գիտելիքների ձեռքբերմանը, բնակչության իրազեկության բարձրացմանը, պետական կառույցների աշխատանքների թափանցիկությանը: Արցախյան գոյամարտի սկզբից ևեթ կազմակերպության ստեղծումն անհրաժեշտություն էր: Հենց այդ ժամանակ նրանց շուրջը համախմբվեցին հերոս կանայք: Երկու տարի շարունակ հիվանդանոցներում խնամում էին վիրավորներին, իսկ հետո արդեն իրենք էլ մարտադաշտ գնացին: - Կազմակերպությունն իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում աջակցել է Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը` անմիջական մասնակցություն ցուցաբերելով բանակի ձևավորման ու կայունացման գործընթացին և պայքարելով ազգային բանակում տեղ գտած բացասական երևույթների դեմ: Փորձում ենք հասարակության մեջ խաղաղասիրություն ու հանդուրժողականություն սերմանել: Միգուցե հիմքն այնքան կայուն էր, որ ստեղծվեց ուժեղ կազմակերպություն, որովհետև նրանք, ովքեր մեզ միացել էին, մինչև այսօր մեզ հետ են: Հարկ է նշել, որ դեռևս 1993 թվականին «Զինվորի մայր»¬ը սովից ու մահից փրկել է 209 որբ երեխայի` տեղափոխել Իրան և ժամանակավորապես հայ ընտանիքների խնամակալությանը հանձնել` մինչև կգտներ երեխաների ազգականներին: - Այդ տարիներից սկսած` անհանգստացրեց նաև սևազգեստ մայրերի, իսկ հետո նաև հաշմանդամ ազատամարտիկների խնդիրները: Կազմակերպությունն իրականացրել է նաև հրատարակ չական, քարոզչական աշխատանքներ: 1994-ից կազմակերպությանը կից գործում է նախապատրաստական անվճար ֆակուլտետը` զոհված և վիրավոր զինծառայողների երեխաների համար. այստեղ մեկ տարի պատրաստվում են բուհ ընդունվելու համար: Մեզ մոտ դասավանդում են բարձր որակավորում ունեցող դասախոսներ: Մեր սաներից 528-ն արդեն բարձրագույն կրթություն են ստացել: Ասեմ, որ պայմանավորվածություն ունենք ՊՆ հետ, որպեսզի աջակցի` այդ երեխաներին աշխատանքով ապահովելու հարցում: 35 տարի դասախոսելով Մանկավարժական համալսարանում Գ. Միրզոյանն անմնացորդ նվիրվածությամբ սեր, ջերմություն է փոխանցում իր սաներին` կյանքի ճիշտ հուն բացելով նրանց համար: Մանավանդ զոհված ու վիրավոր ազատամարտիկների երեխաներից խոսելիս, անսպառ ջերմությամբ էր պատմում նրանց մասին` թվարկելով անուններ, ովքեր այսօր հրաշալի մարդիկ են դարձել£ Իսկ հետո հավելեց. - Այդ երեխաների բախտը չպետք է ձախողվի, դա է ինձ անհանգստացրել, որ նման ծանրություն ենք ստանձնել, ինչը բավականին հաճույքով ենք կատարում: Չէ՞ որ գործ ունենք դժվարություն ու դառնություն տեսած ընտանիքների զավակների հետ£ Անշուշտ, մեզ համար առաջնային է հոգեբանական ճիշտ մոտեցումը: Այստեղ նրանց սիրում ենք, սիրելով կրթում: Մեկ տարի անց այստեղից թևավորված են դուրս գալիս` ամբարելով հարուստ գիտելիք ու անկոտրում կամք: Այսօր բանիմաց սաներով է համալրվում մեր բանակը: Բոլորովին վերջերս` 2010 թ. հունվար-ապրիլ ամիսներին, իրականացրել ենք Զինծառայողների ընտանիքների սոցիալական շահերի պաշտպանության ծրագիր, որի նպատակն էր մի շարք մարզերում կատարված հարցումների, ինչպես նաև համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումների ու բանավեճերի միջոցով հստակեցնել զինծառայողների ընտանիքների սոցիալական շահերի պաշտպանության ոլորտում տեղ գտած օրենսդրական և օրենքի կիրառման մեխանիզմների թերությունները: Ծրագրի շահառուներն էին Ազգային բանակի զինծառայողների ընտանիքները: Կրկին համոզվեցինք, որ նրանք համարյա անտեղյակ էին իրենց սոցիալական իրավունքներից: Ինչպես նշեցի արդեն, նաև տպագրել ենք մի շարք գրքեր ու ձեռնարկներ` նպատակ ունենալով բարձրացնել բնակչության իրազեկությունը, տեղեկատվությունը, նպաստել նրանց մասնակցությանը որոշումների կայացման գործընթացին: Հատկապես ուզում եմ խոսել «Մեր որդին և ազգային բանակը» գրքի մասին (լույս է տեսել 1998 թ., տպագրվում է արդեն 5-րդ անգամ). մատչելի լեզվով զինակոչիկներին ու նրանց ծնողներին ներկայացնում ենք զորակոչին վերաբերող օրենքները` ներառյալ` հիվանդությունների ցուցակը, զինակոչիկների իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Զինվորը պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականությունները. մեր հրատարակած շատ գրքեր բանակի համար են, որոնք բաժանում ենք զորամասերին: Մինչև 1997 թվականը համարյա ամեն օր զորամասերում էինք: Այսօր մեր բանակն ավելի կայուն է դարձել, շտկվում են բացթողումները: Հիմա մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք օրենսդրական փոփոխություններին, տպագրական գործունեությանը: «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանի գնահատմամբ` այսօրվա բանակն ունի դրական լուրջ տեղաշարժ, կայունացել է փոխվստահության մթնոլորտը, ինչը կարևոր է և° զինծառայողի, և° ծնողի համար: Սակայն, ըստ նրա, մտահոգիչ է երիտասարդների հոգեբանության մեջ արմատացած եսասիրությունը: - Մեր զինվորը դեռևս նա չէ, ում կցանկանայի տեսնել… Անելիքներ կան: Թերևս ուղիղ ենք կանգնած, բայց «ողնաշարի» հիվանդություն ունենք… Ողջունում եմ զորամասերում սպայական կազմի համալրումը: Մտահոգիչ է նաև Հայաստանից դուրս գտնվող զինվորական օրենսդրության հետ գործ ունեցող երիտասարդների հարցը: Ըստ Գ. Միրզոյանի` հրատապ էր «Զինվորական ծառայությունը և միգրացիայի հիմնախնդիրները» գրքույկի լույսընծայումը: Շուրջ 300 երիտասարդ արդեն կարգավորել է իր հարցերը: Զինվորների ու զորակոչիկների ծնողների բազմաթիվ նամակներ ստացել են անհրաժեշտ պատասխաններ: - Զինապարտությանը վերաբերող (և առհասարակ) ցանկացած խնդիր լրջորեն քննարկում ենք և բազմաթիվ առաջարկություններ լսելի ենք դարձնում համապատասխան մարմիններին` զինծառայողներին ու նրանց ընտանիքներին (և ոչ միայն) ցուցաբերելով բարոյահոգեբանական, սոցիալական ու իրավական օգնություն: Երկու տասնամյա գործունեության ընթացքում «Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունը հասցրել է բազմաթիվ հանրաշահ ծրագրեր կյանքի կոչել, սակայն ինչպես Գրետա Միրզոյանը վերջաբանեց` դեռ շատ անելիքներ կան…

Ն. ԲԱԴՈՅԱՆ