Խաչատրյանի երաժշտագոհարների կենդանի հմայքը


Մեր մշակութային գանձարանը իրենց բարձրարժեք ստեղծագործություններով հարստացրած տաղանդաշատ արվեստագետներից քչերին է բախտ վիճակվել պահպանել հոգևոր կենսունակութ յունը մահկանացուն կնքելուց հետո£ Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ակադեմիկոս Արամ Խաչատրյանը (1903-1978 թթ.), փառք Աստծո, բացառիկ երջանիկներից է այս առումով£ Թիֆլիսարմատ, մոսկովաբնակ մեր հայրենակցի անզուգական երաժշտագոհարները շարունակում են հագեցնել միջազգային համերգասրահի մթնոլորտը իրենց ուրույն հոգեթովչանքով£ Բազմաժանր դասական ժառանգության նշխարներն են, ցավոք, զանգվածային ունկնդրի հետաքրքրության կենտրոնում մնացել£ Ինքնատիպ այցեքարտը դարձած «Սուսերով պարը» «Գայանե» բալետից, «Սպարտակ»¬յան մի քանի դրվագներ, Ջութակի և նվագախմբի կոնցերտը, Ջութակի, Թավջութակի ու Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները£ Հայ ազգային առաջին բալետի («Երջանկություն»-1939 թ.), սիմֆոնիայի, գործիքային կոնցերտների, կինոերաժշտության նախակարապետի իրական դերակատարությունը համաշխարհային երաժշտարվեստի պատմության մեջ մոռացության չմատնելու անհատական ջանադրությունը խթանելու և ընդլայնելու լավագույն առիթ դարձավ Արամ Խաչատրյանի ծննդյան հարյուրերորդ տարեդարձի տոնակատարությունը£ Խաչատրյանական երաժշտության շաբաթը ավանդականի հայտով ներկայացավ£ Միջազգային մրցույթի տիրույթում տարեցտարի մեկտեղելով նորանոր շնորհալի երաժիշտ կատարողների` բավականաչափ հանրաճանաչման արժանացավ£ Ներկայիս գերպրկված փառատոնացանցում այն առանձնակի կարևորելու անհրաժեշտության լրջմիտ գիտակցութ յամբ` անցյալ տարեվերջին նորացվեց հոգաբարձուների խորհուրդը` կազմված աշխարհահռչակ 21 արվեստագետներից£ ՀՀ առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի պատվավոր նախագահությամբ ու կայացնող հովանավորությամբ առավել համարձակորեն զարգացվեցին «իրավանախորդի»` Բելլա Քոչարյանի կողմից հաստատված գործնական լծակները£ ՌԴ ժողովրդական արտիստ Պավել Կոգանի գլխավորած Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգային ելույթով յուրովի հանրահռչակվեցին «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթի հեռանկարային նորամուծությունները£ Վերջիններիս կենսագործմամբ 2011¬ից մրցույթին կմասնակցեն ոչ միայն ջութակահարներն ու թավջութակահարները, այլև երիտասարդ կոմպոզիտորներն ու դաշնակահարները£ Սահմանված դրամական մրցանակները (առաջին տեղի համար` 15 հազար, երկրորդի` 10 հազար, երրորդի` 5 հազար, երրորդ փուլի բոլոր մասնակիցներին` երկուհազարական, լավագույն նվագակցողներին` հինգհարյուրական ԱՄՆ դոլար) առավել սրեցին մրցույթի գայթակղությունը` ապահովելով հայտերի անհամեմատ աճ հունիսի 6¬ից 14¬ը անցկացվող ութերորդ մրցույթում£ 21 երկրներից ներկայացած 59 ջութակահարներն ու թավջութակահարները կատարողական վարպետության մասին պատկերացում կտան մասնագիտական երկու հանձնախմբերին ու հետաքրքրասերներին մրցութային եռափուլ ծրագրի հնչեցմամբ` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (ջութակ) և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (թավջութակ)£ Իրենց հմտությունները դրսևորելով Բախի, Պագանինիի, Մոցարտի, Սեն¬Սանսի, Գրիգի, Շոստակովիչի, Բրամսի և այլ մեծանուն կոմպոզիտորների հայտնի երաժշտակտավների կատարումներով` Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, ԱՄՆ¬ից ու ԱՊՀ երկրներից ընդգրկված բոլոր երաժիշտները կկատարեն Արամ Խաչատրյանի գործերից («Պարը», «Պոեմը»)£ Մրցակցության եզրափակիչում հանդես կգան միմիայն Խաչատրյանով` հնչեցնելով Ջութակի և Թավջութակի կոնցերտները Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) հետ միասին£ Վերջինիս հետ կորեացի տաղանդավոր ջութակահարուհի, ամենահեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Սոյունգ Յունի համերգային ելույթը տոնական բարձրարվեստ երաժշտաշուք հաղորդեց թե° Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա նշանավորմանը, թե° անունը ապրեցնելու դժվարին առաքելությունը ստանձնած այս մրցույթի մեկնարկին` «Արամ Խաչատրյան» համերգասրահի մատույցներից փողային նվագախմբի ազդականչով և գրիգորովիչյան «Սպարտակի» պարախմբի ուղեկցությամբ դահլիճ տեղափոխված£ Կրակոտ ու անթերի մենանվագով հմայիչ կորեուհին իր հազվագյուտ ջութակի (Թուրինի` 1783 թ. «ex-Buckeburg J. B. Guadanini») հոգեթով կախարդանքով առաջին իսկ ակորդներից ձերբազատեց հանդիսասրահում հավաքվածներին մուտքի խոսքերի անհարթ խճողումների «կորամեջք» ձանձրատաղտուկից և անսայթաք կենդանացրեց Խաչատրյանի հուզառատ ու խրոխտ երաժշտագոհարը` զարմանալիորեն նուրբ զգացողությամբ վերապրելով հայկական հնչերանգները իրենց խորունկ արտահայտչականությամբ£ Անմահներին լիարյուն ապրեցնելու հրաշալի օրինակ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ