Ահա թե ով է հայը` այն էլ շարքային


Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մեներգիչ Արսեն Գրիգորյանն ահա արդեն շուրջ մեկ տասնամյակ ոչ միայն հանդես է գալիս համերգներով, այլև հիացնում է ամենքին: Բարի եղեք նայել նրա հենց թեկուզ աչք-ունքին, շարժ ու ձևին: Այդքան յուրօրինակ և ուշագրավ մի այլ անձ ոչ միայն չեմ տեսել, այլ երևակայել իսկ չեմ կարող: …Սիրելիդ իմ Արսեն, ինքդ էլ հիրավի ոչ միայն խիստ շնորհալի մեկն ես, այլ իրոք որ հրաշք ես: Եվ քեզ ոչ միայն գնահատել, այլ գերագնահատել է անհրաժեշտ: ...Արսեն Գրիգորյանը ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 7-ին, այն էլ ոչ թե մեր մայր հայրենիքում, այլ Սիրիայի և Արևմտյան Հայաստանի սահմանագծին գտնվող Ղամիշլի քաղաքում` Սասունցիների ընտանիքում: Եվ միայն տարիներ անց...1987թ. հոկտեմբերի 27-ին Արսեն Գրիգորյանը վերադառնում է Հայաստան և ընդունվում Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ` նախապատվությունն էլ թողնելով իր առավել սիրելի մասնագիտությանը` երգ-երաժշտությանը` ընդունվելով նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` ճանաչված երգիչ Հովհաննես Բադալյանի դասարան: Կոնսերվատորիայում սովորելիս Արսենը հանդես է գալիս «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթում` աշակերտելով Հայրիկ Մուրադյանին: 1993 թվականին Արսենը կարմիր դիպլոմով ստացել է «Արվեստի վարպետ» որակավորումը, իսկ 1998 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Հետո էլ, որոշ ժամանակ անց 2001 թ.` արժանացել է Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ. Կաթողիկոսի գիր-գնահատանքին և «Շողակաթ» շքանշանին: 2004 թվականին հանրային հեռուստաընկերության «Կռունկ» ամենամյա երաժշտական փառատոնում Արսենին շնորհվել է նաև լավագույն ժողովրդական երգիչ տիտղոս: Իսկ 2008-ի սեպտեմբերի 20-ին` ՀՀ նախագահի հրամանով` 20-ամյա բեղմնավոր գործունեության համար Ա. Գրիգորյանին շնորհվում է ՀՀ Վաստակավոր Արտիստի կոչում: 2009 թվականի մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով երիտասարդությանը ազգային, հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ցուցաբերած վաստակի համար և նաև Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի առիթով Արսեն Գրիգորյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Նույն` 2009 թվականին լույս է տեսել երգչի անդրանիկ «Մրրո» ձայնասկավառակը, որն էլ ճանաչվել է որպես տարվա լավագույն ժողովրդական ալբոմ: Ահա°, ահա° թե ով է ոչ միայն եղել, այլև իրականում էլ կա ու հավիտյան էլ կլինի մեր այնքան սիրելի և° գործընկեր, և° ականավոր հայորդին: Շավիղ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր