Հյուծող այդ ախտը` անտարբերություն


Հիվանդությունն անբուժելի է դառնում անտարբերության մատնվելու պատճառով: Իսկ անտարբերությունը ոչ միշտ է անփութության հետևանք: Չար ախտը հարմարվում է օրգանիզմում, հետո օրգանիզմն է հարմարվում կամ լուրջ չի վերաբերվում դրա թույլ ազդակներին: Եվ ախտը պարարտանում է, «ճյուղեր» ձգում, լափում է առողջ բջիջներն ու կոչնակ հնչեցնում: Ու որքան էլ դատապարտված հիվանդը ճգնի հասկանալ իր օրգանի՞զմն էր տկար, որ չհաղթահարեց հիվանդությունը, թե՞ ախտն էր զորավոր` արդեն էական չէ:

Գրեթե նույնը կատարվեց մեր հասարակության հետ, երբ քաղաքական ուժեր և կրոնական աղանդներ կոչվածները առատորեն ներմուծվեցին նրա օրգանիզմ: Չափաքանակի գեր-գերազանցումը դեռ ոչինչ (չնայած ամենաբարձր դիմադրողականությունն անգամ դժվարանում է պայքարել գերադոզավորման դեմ): Անհաշվելի քանակի չափ դրանց «տեսականին» էր տարաբնույթ: Եվ սկսվեց հյուծման գործընթացը: Հիմա արդեն դժվար է ասել` ինչ-որ պահի՞ց սկսվեց դա, թե՞ անառողջ մղումներն ի սկզբանե հյուծախտի էին դատապարտել այդ դաշտը…

Հարցերը շատ են, հարցականներն ավելի կորամեջք են դառնում, երբ փորձում ես պատասխանները գտնել: Եվ հարցերի հարցը մնում է հետևյալը. քաղուժե՞րը արատավորեցին հասարակությունը, թե՞ հասարակության արատները աղավաղեցին քաղաքականություն ու քաղաքական դաշտ ասվածները: Մի բան հստակ է. երկուսն էլ տկար են, անդեմ, պատասխանատվություն չգիտակցող ու միայն դժգոհ, պահանջող: Քաղգործիչները վերջին հաշվով հասարակության ծնունդ են, սակայն պիտի որ ջանային նպաստել իրեն ծնող հանրության առողջացմանը: Բայց այդ հանրությունը նրանց նեղմիտ հայացքում վերածվել է ընդամենը քվեատուի, ում առջև ոչ միայն հաշվետու չեն, այլև մարդկային բնազդով չեն էլ ձգտում դրական կարծիք ստեղծել իրենց մասին: Ամբիոններից ճամարտակելով ասում են, թե իրենք «պուպուշ» են, բայց քաղաքական ետնաբեմը հո անջրպետված չէ՞ ժողովրդի ամենատես աչքից: Այն նույն ժողովրդի, որն անարժանավորին քվե է ընծայում` քաջ գիտենալով, որ այդ պահից սկսյալ ինքն արհամարհված-անճար է մնալու մինչև հաջորդ «կկվի ձեն ածելը»: Ու այդպես` արդեն երկուսուկես տասնամյակ:

Չէ˜, ժողովրդավարություն կոչվող խաղը մեզանում չի ստացվում, բայց միապետությունն էլ մեր «հագով» չէ:

Ի՞նչ անենք, ուրեմն: Նախ հստակեցնենք, թե ինչ չանենք: Ամենից առաջ` չհուսահատվենք: Դադարենք միմյանց ատել, չվստահել: Ամենակարևորը` վերագտնենք մեր հանդուրժողականությունը, որը քաղաքակիրթ ազգերին է բնորոշ. չմոռանանք, որ համաշխարհային քաղաքականության ակունքներից ենք գալիս: Ինչ վերաբերում է մեր քաղգործիչներին, իրենցից բացի բոլորը գիտեն, թե նրանցից ով է ապաշնորհ, ո՞վ` կաշառակեր, ո՞վ է մտքի սահմանափակությամբ տառապում, ո՞վ` ուրիշի նվագ փնտրում, որ տակը պար գա… Նրանք, այո, այս նույն հասարակության ծնունդն են, նրա «անառակ որդիները»: Ստացվում է, որ հանրությունն է պատասխանատու նրանց համար: Բայց ինքնակազմակերպվող հասարակություն լինո՞ւմ է: Արտաքին թշնամու դեմ պայքարելիս ժողովրդի ինքնակազմակերպման բազմաթիվ օրինակներ ունի մեր պատմութ յունը: Սակայն ներքին թշնամին շատ ավելի վտանգավոր է:

Ի՞նչ անենք, ուրեմն: