Բոլորի հայացքը դեպի Հայաստան ուղղենք


Ղրիմի և Ռուսաստանի վերամիավորման փաստը որքան էլ դատապարտվի Արևմուտքի կողմից, կամ հակառակը` ծափահարություններով ընդունվի ազգերի ինքնորոշ ման իրավունքով առաջնորդվող և անկախացման ճանապարհն ընտրած երկրների համար, այնուամենայնիվ, հարց է ծագում. ինչո՞ւ նույն երկիրն իր դեպքում այն համարում է օրինաչափ և իրավաչափ, իսկ ուրիշի դեպքում` ոչ: «Ավանգարդ»-ի այս և այլ հարցերին է պատասխանում քաղաքագետ Լևոն ՇԻՐԻՆՅԱՆԸ:

- Միջազգային իրավունքի տեսանկյունից օրինաչափ էր Ղրիմը Ռուսաստանին միավորվելու հարցը: Բայց ինչու Արցախի դեպքում դա նույն ձևով չի ընկալվում օրինակ` հենց Ռուսաստանի կողմից:

- Նորանկախ պետությունները, նաև երիտասարդ ազգերը` թուրքերը, ուկրաինացիները միշտ մեծ հավակնություններ են ունենում: Որպես քաղաքագետ, ես իրադարձությունները դիտարկում եմ Երևանի ոսպնյակով և, եթե Ղրիմի բնակչության 80-90 տոկոսը ռուսներ են, պարզ չէ՞, որ նրանք պետք է ձգտեն Ռուսաստանի կազմում լինել: Ի դեպ նորանկախ պետությունները և նոր ձևավորված ազգերը շատ ավելի ագրեսիվ են և կլանող:

Այդ բոլորով հանդերձ կա հետևյալը` խախտվել է ինքնորոշման իրավունքի կիրառումը, ճիշտ այնպես, ինչպես Արցախում է եղել: Կարծում եմ, որ ճիշտ պատմական պրոցես է տեղի ունեցել, որը միանշանակ Հայաստանի շահերից է բխում, քանի որ մենք երկար ժամանակ է` պայքարում ենք ազգի ինքնորոշման իրավունքի ընդունման համար և այլ կարծիք չենք կարող ունենալ:

- Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը Արցախի ինքնորոշման հարցում նույնպես գոնե հիմա այլ մոտեցում ցուցաբերի:

- Ռուսաստանը տարբեր վեկտորներում տարբեր քաղաքականություն է վարում, ինչպես ցանկացած պետություն և երկիր: Ուկրաինան ինքնորոշման իրավունք է կիրառում, բայց Ադրբեջանի թուրքերին ահռելի քանակությամբ զինամթերք մատակարարեց, այն էլ` մեր ամենածանր ու վատ օրերին: Բացի այդ, այսօր էլ կարող եմ ենթադրել, որ Արցախյան ճակատում Ադրբեջանի կողմից գործող դիպուկահարների մի մասը ուկրաինացիներ են: Այսինքն` ոչ մի պետություն միանշանակ քաղաքականություն չի վարում: Ուկրաինան բացարձակապես մերժում է ազգերի ինքնորոշման իրավունքը, Ռուսաստանը մասամբ ընդունում է: Օրինակ դա կիրառեց Հարավային Օսեթիայի հանդեպ, Աբխազիայի հանդեպ, և Ռուսաստանի կատարած քայլերը մեր քայլին համահունչ են: Եթե մենք էլ ունենայինք միջուկային զենք, մենք էլ կպարտադրեինք այն ընդունել: Ռուսաստանը Կովկասում հավասարակշռման քաղաքականություն է վարում Ադրբեջանի, Թուրքերի և Հայաստանի միջև` շահարկելով նաև մեր ռուսական կողմնորոշում կոչվող հիվան-դությանը: Այնպես որ, մենք պետք է հարցերին նայենք մեր ազգային շահերի ներքին բովանդակության տեսանկյունից:

- Նման իրավիճակում մեր հակաքայլը ո՞րը պետք է լինի, որպեսզի հավասարակշռման այդ քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողանա արդարության հասնել:

- Մենք պետք է այդ ուղղությամբ շատ ակտիվ ու լավ աշխատենք: Օրինակ, երբ Ղրիմը միավորվում էր Ռուսաստանին, Խրուշչովի տղան, ով ԱՄՆ-ում է ապրում, ելույթ ունեցավ «Ռոսիա 24» հեռուստաալիքով և տեսակետ հնչեցրեց, թե «Ղրիմի միացումը Ռուսատանին տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի հիման վրա և հետո՞ ինչ, որ աշխարհն այն չի ընդունում»: Նա ասաց նաև, որ սա նույն հարցն է, ինչ որ հայերն են կիրառել դեռևս 1990-ական թվականներին: Ո՞րն է խնդիրը: Մենք պետք է նրանց հետ կապ ստեղծենք, աշխատենք նման մարդկանց հետ, բայց դա չենք անում: Մենք հոգնած ազգ ենք, երիտասարդ ազգերն ուրիշ ձևով են պայքարում: Հիմա մեզ ո՞րն է ձեռնտու, այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք:

- Ուկրաինայի հայերի միության նախագահը տեսակետ էր հայտնել, թե իրենք կողմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, իսկ Ղրիմի և Արցախի հարցերն իրար հետ կապ չունեն: Այս մասին ի՞նչ կասեք, նորմա՞լ է, երբ հայերի միության նախագահը նման կարծիք է հայտնում:

- Իմ կարծիքով լավ կլիներ, որ ցանկացած երկրում գործող հայերի միություններն աշխատեին ավելի չեզոք մնալ, քան խառնվեին պետական քաղաքականությանը: Ի դեպ, տարբեր երկրներում գործող հայկական միությունները այն գլխարկն են դնում, որտեղ գտնվում են: Ուրիշ ի՞նչ տարբերակ ունեն և դրան պետք չէ շատ լուրջ վերաբերվել: Նույն հարցը տվեք այնտեղ ապրող հայերին և կտեսնեք, թե նրանք ինչ կպատասխանեն: Համայնքներն իրենց պետությունների հետ համահունչ տեսակետ են հայտնում, որ կարողանան ապրել: Օրինակ Ուկրաինայում մենք տարածք չունենք, իսկ Վրաստանում` ունենք: Դրա համար էլ ուրիշ է Ուկրաինայի հայությունը, ուրիշ է ջավախքահայությունը: Այստեղ տեղին է հիշել այն առակը` «Մի եղիր արդարացի, այլ եղիր խելացի»:

- Այսինքն ուկրաինական հայ համայնքի կարծիքը խելացիության արդյո՞ւնք է: Չէ՞ որ այն պառակտում է հայկական իրական տեսակետը, եթե չասենք, որ 100 տոկոսով հակասում է:

- Մենք պետք է իմանանք, որ Ուկրաինայի հայերի միությունը այդ տեսակետը կունենա, իսկ վիրահայությունը ուրիշ: Օրինակ, եթե այսպես շարունակվի` չի բացառվում, որ Ուկրաինայի և Լեհաստանի միջև կոնֆլիկտ առաջանա` Լվովի մարզի պատճառով: Եթե Լեհաստանը և Ուկրաինան բախվեն, բնականաբար, լեհահայությունը պետք է պաշտպանի Լեհաստանի տեսակետը, իսկ ուկրաինահայերը` Ուկրաինայի:

- Այո, բայց Արցախյան հարցի վերաբերյալ նրանց կարծիքները պետք է միանշանակ լինեն: Չէ՞ որ նման միությունները այլ տարածքում գործող ինքնանպատակ կառույցներ չեն, այլ կոչված են ներկայացնելու և´ տվյալ պետությունում ապրող իրենց հայրենակիցների շահերը, և´ ինչ-որ տեղ նպաստեն իրենց հայրենիքի պետական շահերի տարածմանը կամ քարոզչությանը:

- Դուք ճիշտ եք նկատում, բայց եթե Հայաստանն էլ այնքան ուժեղ լիներ, որքան Իսրայելն է, այն ևս կկարողանար աշխարհի բոլոր ծայրերում հայերին պաշտպանել: Ոչ թե աղքատության և կոռուպցիայի ճիրաններում գտնվող արհամարհված մի երկրի կարգավիճակում լիներ: Եթե Հայաստանն էլ կարողանար նրանց շահերը պաշտպանել, ապա այդ պետությունները ստիպված կլինեին այդ համայնքների հետ հաշվի նստել: Օրինակ, Իսրայելը կանգնում է իր միությունների թիկունքին, իսկ Հայաստանը քանի դեռ վարկեր է մուրում աշխարհից, ոչ մի նշանակություն չի ունենա աշխարհի համար: Դրա համար էլ ամեն համայնք, ինչպես կարողանում է, իր գլխի ճարը տեսնում է: Համայնքի ուժը բացառապես կախված է մայր հայրենիքի հզորությունից, հիմա Հայաստանը հզո՞ր է, թե` չէ, արդա՞ր է, թե` չէ:

- Իսկ ընդունելի՞ է արդյոք Ուկրաինայի հայերի միության նախագահի այն տեսակետը, թե Ղրիմի և Արցախի միջև զուգահեռներ անցկացնելը ճիշտ չէ և դրանք տարբեր բաներ են:

- Եթե հրեա լիներ, նման բան չէր ասի, հայերը հարմարվող են: Բացի այդ, հայերից 10-ից մեկը քաղաքագետ է և սկսում է ասել այնպիսի բաներ, որ իր հասկանալու բանը չէ, և ինքը չպետք է նման բան ասի: Դա նշանակում է հարգանք հայրենիքի հանդեպ: Չի բացառվում նաև, որ նրան պարտադրել են:

- Բայց այդ դեպքում ավելի ազնիվ չէ՞ր լինի, եթե ասեր, որ ինքն այդ մասին կարծիք չի կարող հայտնել, քան այնպիսի տեսակետ հայտներ, որը հավասարազոր է թուրք-ազերական ջրաղացին ջուր լցնելուն:

- Իմ կարծիքով պետք չէ նման կազմակերպությունների հայտարարությունները լուրջ ընդունել:

- Ո՞րն է մեր թույլ կողմը, որի պատճառով կարող ենք նման անհեթեթ իրավիճակի առջև կանգնել:

- Կազմակերպական ցածր մակարդակը: Պետք է բոլորին կոորդինացնենք և բոլորի հայացքը ուղղենք դեպի Հայաստան: Ոչ թե պետք է հայկական միությունները փորձեն հայրենիքն իրենց շահին ծառայեցնել, այլ` հակառակը: Սա և´ դաստիարակության հարց է, և´ ազգային բնավորություն: Ես հրեաների պատրիոտը չեմ, բայց որ նրանք այդ ոլորտում համաշխարհային կազմակերպվածություն ունեն, փաստ է: Հայերն այլ երկրներում, որտեղ մի քիչ փողատեր են դառնում, աշխատում են իրենց եղբորը, քրոջը, փեսային կամ բարեկամին այդ երկրում պատգամավոր դարձնել ու վերջ: Հրեաների մոտ նման բան չկա, իրենք իրենց պետության համար են աշխատում:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ