Անհեթեթ իրավիճակ` կին պաշտոնյա փնտրելիս


Հնդկաստանում կարծես թե հանկարծ են հասկացել, որ ամբողջ աշխարհում կանայք իրավահավասար են տղամարդկանց: Հասկացել և օրենք են ընդունել, որ ընկերությունների գոնե ղեկավար մեկ պաշտոն պետք է կին զբաղեցնի: Ու պարզվում է` դա այնքան օտարոտի է հնդիկներին, որ դժվարացել են կին պաշտոնյա գտնել: Հնարամիտ մի քանի մեծահարուստներ իրենց ընկերություններում պաշտոնյա են կարգել հարազատ դուստրերին, կանանց ու նույնիսկ խորթ մայրերին, որպեսզի հասցնեն կարճ ժամկետներում կատարել օրենքի պահանջը:

Այդ պահանջի կատարման վերջնաժամկետ էր նշանակված անցյալ երեքշաբթի կեսգիշերը: Սակայն հարյուրավոր ընկերություններ այդպես էլ չեն հասցրել ենթարկվել օրենքին ու հավանաբար կտուգանվեն: Զարմանալի է, որ դրանց տերերը չեն օգտվել հնարամիտների փորձից. ճկուն մի՞տք չեն ունեցել, թե՞ չեն վստահել սեփական ընտանիքի կանանց:

Հնդկաստանի արժեթղթերը և բորսաների խորհուրդը այդ նորամուծության մասին հայտարարել էր 13 ամիս առաջ և վերջնաժամկետը երկարաձգել էր անցյալ տարի հոկտեմբերին: Օրենքի հիմնական գաղափարը երկրում տիրող հայրիշխանության մեղմումն է:

Հետաքրքրական է, որ Ինդիրա Գանդիի նման ղեկավար ունեցած երկրում կանայք շարունակում են երկրորդվել տղամարդկանց: Ստացվում է, որ 1,2 միլիարդ բնակչություն ունեցող երկիրը համապատասխան որակավորում ունեցող կանանց պակասորդ կա: Ահա թե ինչու 2013 թ. աշխատանքային ոլորտում սեռային հավասարության 131 երկրների վարկանիշային ցանկում Հնդկաստանը զբաղեցրել էր 120-րդ հորիզոնականը: