Ջո՞ւր ենք լցնում թշնամու ջրաղացին


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը օրերս մի հայտարարություն էր տարածել` հայի արյան ծարավ ադրբեջանցի ելուզակների քարոզչական աճպարարությունների մասին: Թվում էր` բոլորս գիտենք մեր ոխերիմ հարևանների զառանցանքների մասին: Թվում էր` մեզանից յուրաքանչյուրը իր հնարավորությունների չափով պիտի փորձի կանխել հնարավոր խուճապը և անտեղյակ օտարներին ներկայացնել իրականությունը: Մինչդեռ պարզվում է` մոլագար բարբաջանք ները նաև մեր որոշ լրատվամիջոցներով ու սոցցանցերի առանձին օգտատերերի «ջանքերով» են տիրաժավորվում:

Հիշյալ հայտարարությամբ Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ փաստում է.

- Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող ապատեղեկատվության տարածումը:

Ավելին` իրականությանը չհամապատասխանող կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի` հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելու և փաստերը խեղաթյուրելու` Բաքվի քարոզչամեքենայի գործելաոճը վերագրվում է հայկական կողմին:

Առավել քան զավեշտալի է, որ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գոտում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող քարոզչական խայծերը, ամբողջովին կեղծ և ակնհայտ ապատեղեկատվությունը տարածվում են նաև հայրենական որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերի օգտատերերի միջոցով:

Նման լուրեր տարածողներին խորհուրդ ենք տալիս տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին և զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց:

ՀՀ պաշտպանության նախարարությունը որդեգրել է բաց, թափանցիկ և օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականություն` հասարակությանը հաշվետու լինելով հայկական զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել ևս` բացթողումների համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ շփման գոտում լարվածության աճը Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության արկածախնդիր, ռազմական տեսանկյունից չհիմնավորված և վրեժխնդրությամբ տրամաբանված նենգ քաղաքականության արդյունքն է, որը հանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանում մարդկային զգալի կորուստների:

Հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում` միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Ընդգծենք, ՀՀ ՊՆ-ն իսկապես թափանցիկ տեղեկատվական քաղաքականություն է վարում` բարեխիղճ օբյեկտիվությամբ հասարակությանը իրազեկել մեր Զինված ուժերի հաջողությունների և բացթողումների մասին: Նախարարն անձամբ և, իհարկե, համակարգի բարձրաստիճան ղեկավարները օրնիբուն զինվորների կողքին են` հաշվետու հանրությանը: Այս պարագայում արժե՞ ջուր լցնել թշնամու ջրաղացին: Առավել ևս` սահմանին մեր հասարակության ծնունդ զինվորն է. մի՞թե կարելի է է´լ ավելի հիվանդացնել հասարակությանը, որի բարքերը` զինվորն իր հետ բանակ է «տանում»: Քաղաքացիական հանրությունը կարող է նաև օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհություններ ունենալ, բայց Բանակին երկյուղածորեն զորավիգ լինել պարտավո´ր ենք: Բանակը մարտնչում է, որ թիկունքը խաղաղ ապրի, և թիկունքն էլ պարտավոր է ողջամիտ ու բարոյական լինել այնքան, որ անհանդուրժողականության զենքով ետաթռիչք ինքն իրեն չհարվածի: