«Այլևս... երբե՞ք»


Երբ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունն է ստանձնել Հայոց եղեռնապատումը միջազգային կինոէկրանին ներկայացնելու պատասխանատվությունը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ամենևին չզարմացան: 11 տարի անընդմեջ համանուն կինոփառատոնի ամենամյա 8-օրյա գերհագեցած ռիթմում ներգրավված լինելով` նրանցից շատերն էին յուրովի նպաստել ռեժիսոր Հարություն Խաչատրյանի, կինոգետներ Սուսաննա Հարությունյանի և Միքայել Ստամբոլցյանի նախաձեռնության հիմնահաստատմանը` ոչ միայն երևանյան մշակութային կյանքում, այլև համաշխարհային արդի կինոքարտեզին:

«Ոսկե ծիրանի» ամենամյա լիարժեք կայացումը ապահովելու մղումով ամբողջ տարվա ընթացքում անխոնջ գործել էր համախոհների թիմով ձևավորված աշխատակազմը: Ուշագրավ կինոմտահղացումների ծնունդը խթանելու նպատակասլացությամբ զարգացվել էր հարակից` «Վեբ ծիրան» փառատոնը: Նոր սերնդի շնորհալի ներկայացուցիչների մասնագիտացումը խորացնելու սրտացավությամբ հիմնվել էր «Ոսկե ծիրանի» կինոդպրոցը: Համահայկական իրազեկման միտումով կենսագործվել էր փառատոնի ավարտից հետո «Անիվների վրա» «Ծիրանաբովանդակության» շրջապտույտը ՀՀ մարզեր, Ջավախք...

«Այլևս երբեք...» խորագրով թեմատիկ խաղարկային և վավերագրական կինոժապավեններ ընտրելիս էլ փառատոնի հիմնադիր եռյակի ձևավորած թիմը խոհեմաբար դասդասեց յուրաքանչյուր երկրին հասցեագրված ֆիլմերի քաղաքական, մշակութային և գեղարվեստական յուրահատկությունները: 11-ամյա հարուստ փորձառությամբ կազմվեցին առանձին ծրագրեր և գործընկեր-փառատոնների սատարմամբ շարունակաբար ներկայացվում են Բելառուսում, Բուլղարիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Շվեյցարիայում:

Հայոց ցեղասպանության կինոհանրաճանաչման «Այլևս երբեք...» միջազգային նախագիծը կյանքի կոչվեց ս.թ. փետրվարի 25-ին` Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմի ցուցադրությամբ պաշտոնապես մեկնարկելով Մինսկի «Միռ» կինոթատրոնում: Ի դեպ, նախօրեին ֆիլմը դիտել էին Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողները: Բելառուսում այնուհետև ներկայացվել են Սյուզան Խարտալյանի «Տատիկի դաջվածքները», Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վեռնոյի «Մայրիկ», Արա Երնջակյանի «Խավարում», Ներսես Հովհաննիսյանի «Հանդիպում ցուցասրահում» և Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական կինոժապավենները:

Նշանավոր կինոօպերատոր, ռեժիսոր Ֆրեդ Քելեմենի համադրմամբ, Բեռլինում «Այլևս երբեք...» ծրագրի նախնական գաղափարը վերածվեց հայկական մշակույթի մեկամսյակի:

Սոֆիայի 19-րդ միջազգային կինոփառատոնում, ապա Պլովդիվում և Վառնայում փորձ արվեց Հայոց ցեղասպանության կինոհանրաճանաչումը ապահովել Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը», Ֆաթիհ Աքինի «Սպի», Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերի ցուցադրությամբ և «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրենի հանրային ելույթով:

Մինչ «Ոսկե ծիրանի» ստանձնած կինոարշավն ուղևորվում է նախանշված հաջորդ հանգրվան` փարիզյան «Եվրոպա ֆիլմ ակտ» փառատոն, «Այլևս երբեք...» ծրագրի ֆիլմացանկին լավատեղյակ հայաստանցիների մեծամասնությունը, կամա-ակամա, երկմտում է.

- Արդյոք, միջազգային կինոսրահների հավաքական տպավորությունները համամարդկային ընդվզման հուժկու խթան կդառնա՞ն: Արդյոք, մտահղացված մշակութային տարատեսակ միջոցառումների բովանդակային հարստությունն առավել նպատակասլաց կդարձնե՞ն: Արդյոք, առանց քաղաքագետների համախոհ միջամտության ի զորու կլինե՞ն խախտելու Հայկական հարցի արդարացի լուծումը` 100 տարի միտումնավոր պահածոյացնելով շրջանցելու շահագրգիռ գերտերությունների անմարդկային լռությունը: Արդյոք կարթնաց-նե՞ն համամարդկային խղճի խայթ, որի ձայնին անսալով աշխարհի ներկայիս տերերն ու բազմադեմ իշխանավորները հետամուտ կլինեն ոչ միայն հայերի, այլև Երկիր մոլորակը մյուս ազգերից որևէ մեկի կանխամտածված բնաջնջման բացառմանը:

Իսկապես հնարավո՞ր է` այլևս ... երբե´ք:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ