ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ Է


Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19-րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես Այվազովս կին, միջազգային ճանաչում են վայելում: 20-րդ դարում բնության էությունը նոր լույսի ներքո պատկերեց Մարտիրոս Սարյանը, իսկ Արշիլ Գորկին Նյու-Յորքում մեծ ազդեցություն ունեցավ երիտասարդ ամերիկյան նկարիչների սերնդի վրա: Մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ ու համբավ վաստակեցին Ֆրանսիայում... Այցելությունը Սարյանի այգի` ձեզ կծանոթացնի հայ ժամանակակից նկարիչների հետ:

Հենց այնտեղ էլ զրուցեցինք սիրված նկարիչ Սևադա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

- Երևի թե ամեն ինչ սկսվում է վաղ տարիքից: Մանկության տարիներին ամառային արձակուրդս անցկացնում էի տատիկիս ու պապիկիս մոտ` Գորիսի Քարաշեն գյուղում: Հենց այդ ազատության զգացողությունը և բնության հետ անմիջական կապը իմ մեջ սեր արթնացրեցին նկարչության` գեղեցիկի հանդեպ: Ինձ վրա մեծ ազդեցություն էր թողել մի միջադեպ, երբ երկու նկարիչ իրենց ներկապնակով այցելել էին գյուղ և պատրաստվում էին նկարել գյուղական համայնապատկերը: Ես երեխա էի և մեծ հետաքրքրությամբ վազեցի տեսնելու, թե ինչպես են աշխատում նրանք: Նկարիչները, սակայն իրենց կտավում չպատկերեցին մեր տունը: Եվ հենց այս դիպվածը առիթ հանդիսացավ, որպեսզի ես դառնամ նկարիչ և անմահացնեմ պապիկիս տունը:

- Մտավորականի ու նկարչի Ձեր բնորոշումը:

- Նկարչի աշխատանքը դա մտավոր աշխատանք է: Այն, ինչ ես հանձնում եմ կտավին, թղթին` իմ ապրած տարիներն են, իմ մտքի արգասիքն է և ցանկացած աշխատանքում ես փորձում եմ անկեղծ լինել: Բնական է, որ այն, ինչ կատարվում է հասարակության մեջ, մեր շրջապատում, ես չեմ կարող անմասն մնալ, և դա անջնջելի հետք է թողնում ինձ վրա ու վերարտադրվում իմ աշխատանքներում: Ազգի մասին պատկերացումը կազմում են իր մշակույթով, և նկարչի դերը շատ կարևոր է այս հարցում:

- Ի՞նչը կարող է միավորել նկարիչներին:

- Նկարչության մեջ նրանց ուղղվածությունը, ընդհանուր գաղափարը: Ինչպես հավաքվել են այդ գաղափարի շուրջ իմպրեսիոնիստները, Բարբիզոնյան դպրոցը, Պերեդվիժնիկները, ստեղծվել է տոտալիտար արվեստ, սոցռեալիզմ և այլն: Ըստ իս, նկարիչը մինչև կյանքի վերջ պետք է անկեղծ լինի և մնա ինքն իր հետ, իր զգացմունքների հետ:

- Հավատու՞մ եք, որ կգան համախմբման ժամանակները:

- Ես լավատես եմ, բայց մի քիչ թերահավատորեն եմ վերաբերվում ընդհանուր համախմբմանը. ավելին, դա համարում եմ անհնարին:

- Ի՞նչ հասարակական պահանջ է դրված նկար-չի առջև:

- Ցավոք, այսօր նկարչի աշխատանքը հասարակության լայն խավերին հասանելի չէ: Ես ինքս սոցցանցերի միջոցով փորձում եմ իմ արվեստը հասանելի դարձնել և, իմ կարծիքով, դա այսօր շատ ավելի հեշտ, մատչելի ու արդյունավետ միջոց է: Գոնե մարդիկ վիրտուալ կարող են շփվել գեղեցիկի հետ:

- Ո՞րն է մտավորականի ու նկարչի առաքելությունը:

- Թե ուզում ես ձայնդ լսեն` ժամանակիդ շունչը դարձիր...

- Ի՞նչն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:

- Արտագաղթը:

- Ին՞չ երազանքներ ունեք:

- Երազում եմ իմ արվեստը դուրս բերել միջազգային ասպարեզ, որպեսզի հայ ազգի մշակույթը մատչելի և սիրելի դարձնեմ մյուս ազգերի համար:

- Ձեր կարծիքով ինչպիսի կարգավիճակում են գտնվում մեր երկրի երիտասարդ նկարիչները:

- Բոլոր ժամանակներում էլ նկարիչները հիմնականում դժվար կյանք են ունեցել: Մնում է չհուսահատվել ու նվիրվել ստեղծագործական որոնումներին:

- Եթե Ձեզ առաջարկեին ավելի եկամտաբեր աշխատանք, կհրաժարվեի՞ք նկարելուց:

- Ոչ:

- Հնարավորության դեպքում ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

- Ոչինչ:

- Մի քանի խոսքով պատմեք Ձեր առաջիկա ծրագրերի մասին:

- Առաջիկայում պատրաստվում եմ մեկնել Չինաստան: Ստեղծագործական տան հրավերք եմ ստացել` վեցամսյա ժամկետով: Ներկայումս իմ աշխատանքներից ցուցադրվում է Շանհայում: Հետագայում պատրաստվում եմ անհատական ցուցահանդեսների` Չինաստանի տարբեր արվեստի կենտրոններում:

-Իսկ ո՞վ է Ձեր սիրած նկարիչը:

- Ինձ շատ նկարիչներ են ոգեշնչել` Ռաֆայել, Էլ Գրեկո, Վան Գոգ... Կարելի է շարունակել, բայց ամենակարևորը` արվեստագետը պետք է գտնի ինքնիրեն և իր ոճը:

- Ձեր հորդորը այսօրվա խոստումնալից երիտասարդներին ու սկսնակ նկարիչներին:

- Մի հուսահատվեք, աշխատեք գտնել ինքներդ ձեզ, և հաջողությունն անպայման կգտնի ձեզ:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ