«Բրնձի գործը»` էքս-վարչապետուհու կոկորդին


Յինգլավ Չինավատը (ով 2011-2014 թթ. ղեկավարել է Թաիլանդի նախարարաց կաբինետը) կարծես թե լավություն է արել գյուղացիներին. նրա հրահանգով կառավարությունը հողագործներից բրինձը գնել է շուկայականից բարձր գներով, իսկ վարչապետն էլ ստանձնել է դրա արտահանման վաճառքի պատասխանատվությունը:

Սակայն բրնձի միջազգային գները կտրուկ ընկել են, և ծախսը հատուցել չի հաջողվել: Թաիլանդը զրկվել է բրինձ արտահանողի առաջատարը լինելուց, իսկ պետական պահեստներում ապրանքի անհարկի կուտակում է առաջացել: Ավելին, բացահայտվել են կաշառակերության և խարդախության դեպքեր:

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը` երկրի Գերագույն դատարանի որոշմամբ 2 ամսից կմեկնարկի «Բրնձի գործի» դատաքննությունը: Ըստ առաջադրվող մեղադրանքի` տիկին վարչապետուհուն 10 տարվա ազատազրկում է սպառնում, եթե ապացուցվի, որ նա անփութություն է ցուցաբերել` գյուղացիներից պետական գնումներ կատարելիս: Անփութություն, որի արդյունքում պետության կրած վնասը կազմում է 16,9 միլիարդ դոլար:

Չինավատն, իհարկե, մտացածին է համարում մեղադրանքը, իսկ հարուցված գործը` քաղաքական: Սահմանադրական դատարանը նրան պաշտոնանկ էր արել անցյալ տարվա մայիսի 7-ին, սակայն քաղաքական հակառակորդները մինչ օրս շարունակում են հետապնդել կնոջը: Առանց այս որոշման էլ, «Բրնձի գործով» արդեն իսկ մի պատիժ ստացել է Յինգլակը` 5 տարի նա իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել: