Հե՞շտ է կրկնորդ լինելը
Ոնց որ թե` չէ: Մանավանդ, եթե «օրիգինալդ» Օբամայի նման անվանի գործիչ է:
40-ամյա ջակարտացի Իլհամ Անասը հանգիստ կշարունակեր որպես լուսանկարիչ աշխատել երիտասարդական ամսագրում, եթե մի օր ընկերները չասեին, որ նա շա˜տ նման է Միացյալ Նահանգների նախագահին: Երևի հետո ինքն էլ ուսումնասիրել էր իր ու Օբամայի նմանությունը, և այդ օրից փոխվեց նրա կյանքը: Անասը սկսեց շրջագայել աշխարհում ու անընդհատ զգուշանալ:
Համեստ ինդոնեզացու նոր կյանքը սկսվեց 2009 թ., երբ իշխանության եկավ Բարաք Օբաման: Իսկ երբ այցելեց Ջակարտա, Անասի բոլոր ծանոթները միաբերան նրան նմանեցրին ամերիկյան առաջնորդի հետ` ինչպես ջրի երկու կաթիլ: Տղամարդը մտածեց, թե կարող է օգուտ քաղել այդ նմանությունից և սկսեց շրջագայել` ժամանցային ծրագրերում կերպավորելով Օբամային: Այդ կերպ վաստակած գումարով Ջակարտայում տուն կառուցեց ու երեխաներին ուսման ուղարկեց:
Երբեմն Անասը պարծենում է, որ իրեն ճանաչում են ամենուր` փողոցում, օդակայաններում, և շատերն էլ շփոթում են Օբամայի հետ (տեղեկացրել է Mirror-ը):
Կարծես թե բախտը բերել է, բայց...
- Ես շատ եմ զգուշանում, նույնիսկ կասեի` վախենում եմ: Նախ, աշխարհում բազմաթիվ հոգեգարներ կան, որոնց Օբաման դուր չի գալիս: Ես մշտապես վախենում եմ հարձակումներից: Բացի այդ, ես ջանում եմ ինձ արժանապատվորեն պահել, որպեսզի իմ պատճառով նրա հեղինակությունը չընկնի,- խոստովանել է ջակարտացին:
Մարդը մտահոգ է Օբամայի հեղինակության համար, իսկ Օբաման տեսնես գիտե՞ նրա մասին: Իսկ եթե իմանա՞... Գուցեև թիկնապա՞հ հատկացնի: Օրինակ, իր թիկնապահներից մեկի նմանակին: