Ավելի քան 1 տոննա փող և այլն


Որ հարստությունը հասարակության աչքում մեծացնում է մարդու կշիռը, բարձրացնում հասակը` փաստ է: Բայց որ մարդ ունեցվածքը դրա կշռով չափեն...

Տեսնես միլիոնա կամ միլիարդատերերը փորձե՞լ են կշռել իրենց ֆինանսական ունեցվածքը: Չինաստանում, օրինակ, այդպես են վարվել թոշակառու գեներալ-գնդա պետի դոլարների հետ:

Կենտկոմի քաղբյուրոյի նախկին անդամ, ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի էքս-փոխնախագահ 72-ամյա Սյույ Ցայհոուին, ինչպես ասում են, մահը փրկեց բանտարկությունից: Մահը վրա հասավ այն պահին, երբ զինվորական դատախազությունն արդեն մեկ տարի քննում էր նրա դեմ հարուցված` անձնական շահի համար պաշտոնի չարաշահման գործը (տեղեկացրել է ՏԱՍՍ-ը):

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան տառապում էր քաղցկեղով: Դատական հետապնդումը, բնականաբար դադարեցվել է: Սակայն հետաքրքիրն այլ փաստ է: Գեներալն իր դիրքը չարաշահելով` այլ անձանց առաջխաղացման միջնորդություններ է կատարել` մեծ կաշառքների դիմաց: Արդյունքում... Լրատվամիջոցների հավաստմամբ` Սյույ Ցայհոուի տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 1 տոննա կանխիկ դոլար, եվրո և յուան: Երկու հազար քառակուսի մետր տարածքով նրա հսկայական նկուղում հայտնաբերվել է նաև մի քանի հարյուր տոննա ընտրագույն նեֆրիտ և անտիկվար իրերի եզակի հավաքածու: Առգրավվածը տեղափոխելու համար պահանջվել է տասնյակից ավելի զինվորական բեռնատարներ: