ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ


Այսօր կկայանա ՀՀ նորընտիր նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ երդմնակալության արարողությունը: Վերստին շնորհավորելով նրան` երկրի ղեկավարի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթում ենք կենսական նոր լիցքեր` նախընտրական ծրագրերն իրագործելու ճանապարհին` ի փառս Հայոց պետականության: Հայրենի ընդդիմության` լուսանցքում հայտվնելու վերաբերյալ նախընտրական կանխատեսումները հայտնի իրադարձություններից հետո, այլևս կայացած փաստի են վերափոխվել: Ընտրություններում կրած անվիճելի պարտությունից հետո արմատականները վերոնշյալ տեղում հայտնվելուց խուսափելու թերևս մեկ ճանապարհ ունեին` ընդունել իշխանության կողմից բազմիցս արված երկխոսության առաջարկը: Առաջին հայացքից` էքս Նախագահն ու նրա թիմը կարծեք թե դեմ չէին առաջարկին, սակայն զուգահեռաբար այնպիսի նախապայմաններ էին նրանց կողմից «թելադրվում», որոնց ընդունելն անգամ պատկերացնելն էր անհնար: Ասել է թե` պարտված կողմը ըստ էության ի սկզբանե համագործակցության որևէ տարբերակ չէր պատրաստվում ընդունել: Ինչ խոսք, երկխոսությունը բնավ էլ չէր ենթադրում, թե Լ. Տեր-Պետրոսյանն էլ պետք է պարտավորվեր` կոալիցիայի կողմ դառնալ: Մյուս կողմից էլ` ինքնակամ չմեկուսանալու դեպքում թվում էր, թե գոնե արտաքուստ կայացած թվացող ընդդիմադիր այս բևեռը առնվազն նոր ձևավորված իշխանության լիարժեք հակակշիռը դառնալու կարևորագույն խնդիրը կարող է լուծել: Չպետք է անտեսել, որ առաջին Նախագահի գլխավորած հակաիշխանական շարժումը, ի տարբերություն ընտրություններից շատ ավելի վաղ տևական պայքար սկսած շատ ու շատ այլ ուժերի, անհամեմատ բարձր ցուցանիշ արձանագրեց` անվիճելիորեն գերազանցելով թե° քաղաքական խարդավանքների բովով անցած ՕԵԿ-ին, թե° լուրջ քարոզչական ու ֆինանսական ռեսուրսով մրցարշավի դուրս եկած բազմափորձ Դաշնակցությանը և թե° մյուսներին: Այսքանից, իսկ ավելի կոնկրետ փետրվարի 19-ից հետո, Լ. Տեր-Պետրոսյանին մնում էր միայն հաշտվել պարտության փաստի հետ ու կողմնորոշվել հետագա անելիքներում: Սակայն այդպես էլ, չընդունելով պարտությունը, հաջորդաբար անորոշ թողեց հետագա անելիքները, իսկ ստեղծված քաոսը ուղղակիորեն հանգեցրեց նրան, ինչն այն ժամանակ կասկածելի, իսկ արդեն մեկ ու կես ամսվա հեռավորությունից այլևս անխուսափելի է երևում: Նույն այդ քաոսի հետևանքով նշանավորված արյունոտ գարնանամուտը ակնհայտորեն չի փոխել իրերի դրությունը: Նախ, քանի որ երկխոսությունից Լ. Տ.-Պ.-ն գուցեև արդեն ուշացել է, և, որ պակաս կարևոր չէ, քաղաքական ինքնամեկուսացման շաբաթները աստիճանաբար խորացնում են անջրպետը այս դեպքում ոչ միայն իշխանության, այլ նաև հանրության հետ թերևս արդեն գոյություն չունեցող հարաբերություններում: Սա էլ հենց ենթադրում է, որ դեպի հասարակություն կատարելիք արմատականների քայլերը (եթե, իհարկե, այդպիսիք երբևէ լինեն, նմանվելու է այլևս հանգած հրաբուխը վերաակտիվացնելու` աննշան հավանականություն ունեցող փորձի: Եվ որքան էլ փոքր լինի դրա հնարավորությունը, այնուամենայնիվ, նկատելի է, որ ինչ-որ ժամանակ նշված հրաբխի հետ խաղալու` ընտրազանգվածին նորից ակտիվացնելու փորձերին վերջիններս կփորձեն դիմել: Այլ հարց է, թե այլևս ինչ մնացած կլինի Լ. Տ.-Պ.-ի 21 տոկոսանոց ընտրազանգվածից: Առավել ևս` եթե նոր իշխանությունները կյանքի կոչեն նախընտրական ծրագրերի գոնե մի մասը: Իսկ առայժմ այս ճամբարի համար գերադասելին քաղաքական ինքնամեկուսացումն է: Եվ դա օրըստօրե ավելի ու ավելի ցցուն է դառնում: Առաջին նախագահին պաշտպանող միակ քաղաքական ուժը, որ ներկայացված է ԱԺ-ում, արդեն մանդատներից հրաժարվելու հարց է քննարկում: Արդյունքում, եթե, օրինակ, վրացական ընդդիմությունը հնարավորն անում է` նոր խորհրդարանում ավելի շատ տեղի ունենալու համար, մերոնք եղածից էլ են նախատեսում հրաժարվել: Այնպես որ, ամեն մի հացադուլ իր նպատակն ունի, և այդ նպատակները որքան էլ քաղաքական, բայց հաճախ տրամագծորեն հակասում են միմյանց: