Ադրբեջանին զսպաշապիկ է հարկավոր


Չնայած համառ հորդորներին, այնուամենայնիվ, ԱՄՆ նաախգահ Ջորջ Բուշին Բուխարեստում չհաջողվեց Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներին համոզել` ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության գործընթաց սկսել: Եվրոպան, մասնավորապես, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան խուսափեցին հակադրվել Ռուսաստանին. Եվրամիությունը չի պատկերաց նում Եվրոպայի անվտանգությունն առանց Ռուսաստանի: Առանց այդ էլ Կոսովոյի անկախության հարցում Արևմուտքի հետ Ռուսաստանի տարաձայնությունները շատ խորն են, և դժվար է կանխագուշակել, թե ինչ զարգացումներ կհետևեին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը: Համենայն դեպս, Ռուսաստանը նախապես հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքին հետխորհրդային հիշյալ երկու պետությունների անդամակցության դեպքում ինքը չի կարող մենակ թողնել մասնավորապես Հարավային Օսիային ու Աբխազիային: Այս հայտարարությունն այլ կերպ, քան բացահայտ սպառնալիք, չես համարի: Եվ իրոք, վերջին ոչ մեծ ժամանակահատվածում Ռուսաստանն Արևմուտքին, թվում է, զիջումներ շատ է արել, և ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք, ընդհուպ մինչև իր հարավային սահմանները, Կրեմլը, թերևս, չէր հանդուրժի: Ինչևէ: Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը բավարարվեց միայն հայտարարելով, թե ՆԱՏՕ-ի դռները միշտ բաց են Ուկրաինայի և Վրաստանի համար: Այսքանով կարելի է համարել, որ Անդրկովկասում լարվածությունը փոքր-ինչ թուլացավ: Հակառակ պարագայում դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ մարտահրավերներ կառաջադրեին Հայաստանին աբխազավրացական և վրաց-հարավօսական հակադրությունների սրացումները: Սակայն, ինչպես երևում է, Հայաստանը ոչ մի րոպե չի կարող թուլացնել զգոնությունը Ղարաբաղյան հիմնահարցում: Հարևան Ադրբեջանի քաղաքական վերնախավում և նրանց համակիրների շրջանում կարծես փոքր թիվ չեն կազմում… մազոխիզմով տառապողները: Չէ, երբևէ նույնիսկ ցանկություն չեմ ունեցել հակառակորդների հասցեին արհամարհական, վիրավորական արտահայտություններ որոնել, սակայն ուրիշ ի՞նչ որակում կարելի է տալ չդադարող ռազմատենչ հայտարարություն ներին ու անիմաստ սադրանքներին: Օրերս էլ, ինչպես հաղորդում են էլեկտրոնային լրատվամիջոցները, ադրբեջանական վայրահաչոցների համույթում մեներգչուհու դեր է ստանձնել ոչ ավել ոչ պակաս, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի ազգությամբ թրքուհի կինը: Մի պահ կարող է թվալ, թե արյան կանչն է զտարյուն թրքուհուն ստիպել մոռանալ ամուսնու զբաղեցրած դիվանագիտական դիրքը, ու նա քարոզչական պատերազմում օգնության է շտապել ազգակիցներին: Բաքվում Մեթյու Բրայզայի տիկինն ասել է, որ ինքը հասկանում է արդբեջանցիներին, երբ նրանք տարակուսում են, թե ինչո՞ւ ամերիկացիներն իրենց կողքին չեն, եթե ընդունում են իրենց տարածքային ամբողջականության պահպանման իրավունքը: Ամերիկացի դիվանագետի թրքուհի տիկինն իր ազգասիրական մղումներում ավելի հեռուն է գնացել` քննադատելով ամերիկացիներին, ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձևին կողմ չքվեարկելու համար: Նա ասել է, թե հիմա ամերիկացիները շատ ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի Ադրբեջանին համոզեն, որ իրենք Երևանի կողմնակիցը չեն, այլ հակառակը: «Հակառակը», ասել է թե` թշնամի՞ն… Անկողմնակալ միջնորդի` Մինսկի խմբի համանախագահներից ցանկացածի կինը նման «շռայլություն» չէր կարող իրեն թույլ տալ: Լավագույն դեպքում կարելի է ենթադրել միայն, որ Մեթյու Բրայզան իր ընտանիքում կնոջ դաստիարակության կամ սանձահարմանն (ինչպես կուզեք) խնդիր ունի: Նրա կինը, ոգևորվելով քարոզչական-հռետորական իր տաղանդով, իրեն թույլ է տվել մոռանալ, որ սեփական ամուսինը պաշտոնապես հայտարարել է, թե ԱՄՆ-ը ընդունում է Հայաստանի նախագահի ընտրության արդյունքները: Եվ ահա, բարձրաստիճան դիվանագետի կողակիցը բարձրաձայնում է, թե Սերժ Սարգսյանը լեգիտիմության խնդիր ունի: Իհարկե, այդ թրքուհին չի մոռանում հիշել, որ Ս. Սարգսյանի Ղարաբաղյան ծագումը տհաճ ասոցիացիաներ է առաջացնում Ադրբեջանում: Ահա, այսպիսի բաներ… Այս ամենն ինչպե՞ս անվանես, եթե ոչ` ՄԱԶՈԽԻԶՄ: Հաշված օրեր են մնացել մինչև ապրիլի 24-ը: Եվ բնական է` տափաստանից եկած գորշ գայլի ոռնոցն այդ օրերին ավելի բարձր է լինելու. նա այլ միջոց չունի աշխարհում արդարության ձանը խլացնելու համար: Այս ամենի դեմն առնելու մեկ միջոց է մնում մեզ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Հայաստանը կամ պաշտոնապես կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ նրա հետ միջպետական պայմանագիր կստորագրի` պաշտպանության ոլորտում ագրեսիայի դեպքում փոխօգնության մասին: Ռ. Քոչարյանի կարծիքով, նման պայմնագիրը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների զսպաշապիկ կլինի: Իսկ թե ո՞ր քայլը կկատարի Հայաստանը` ԼՂՀ ճանաչումը, թե՞ հիշյալ պայմանագրի ստորագրումը, կորոշի ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ