«Կոալիցիան ստեղծվել է արդյունավետ գործող իշխանությունների ձևավորման համար»


Հայաստանի քաղաքական կոալիցիան ստեղծվել է արդյունավետ գործող իշխանությունների ձևավորման, ժողովրդավարական բարեփոխումներն ամրապնդելու և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման համար: Այս մասին «Նովիե իզվեստիա» ռուսական թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով քառակողմ քաղաքական կոալիցիայի նպատակների մասին: Նրա խոսքով, նոր կառավարությունը կներկայացնի քաղաքացիների մեծ մասի շահերը: «Ներկայում իրականացվում է թեկնածուների նախընտրական ծրագրերի համատեղման գործընթացը` կառավարության գործունեության միասնական ծրագիր ստեղծելու նպատակով»,-նշել է նա: Ս. Սարգսյանը ընդգծել է, որ բոլոր կողմերը իրենց վրա քաղաքական պատասխանատվություն են վերցրել նախորդ տարիների ձեռքբերումների կայուն զարգացմանը, երկրի քաղաքացիների կյանքի որակական բարելավմանը, համարձակ և ռեալ բարեփոխումների իրականացմանը, Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայմանն ուղղված իշխանությունների գործունեության համար: Նորընտիր նախագահը հավատացրել է, որ նոր ղեկավարության բոլոր գործողություններն ուղղված են լինելու հասարակության մեջ առաջացած բևեռացման վերացմանը, հանդուրժո ղականության զարգացմանը, ընդդիմախոսի կարծիքը հարգելուն: «Հասարակությունը շուտով կզգա դրական փոփոխությունները` առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարում»,-ընդգծել է Ս. Սարգսյանը: Նրա խոսքով, քաղաքական կոալիցիան հիմնված է փոխադարձ հարգանքի, ըմբռնման և համերաշխության սկզբունքների վրա: «Մենք որոշել ենք, որ տարաձայնությունները լուծելու ենք բանակցությունների և քննարկումների ճանապարհով, կուսակցությունների միջև քաղաքական երկխոսության միջոցով` համագործակցելով երկրի նախագահի հետ: Քաղաքական կոալիցիան հաշվի կառնի քաղաքացիական հասարակության ինստիտուտների կարծիքը, կաշխատի թափանցիկության սկզբունքով և կապահովվի պատշաճ վերահսկողություն ողջ աշխատակազմի գործունեության նկատմամբ»,-եզրափակել է երկրի նոր ղեկավարը: