Հայաստանը խաչմերուկում ԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


Ժամանակը դուրս է եկել իր շավղից Շեքսպիր «Համլետ» Ֆրանսիացի մտածող Պիեր դե Ռոնսարը ընդգծում է. «Ամբողջ աշխարհը թատրոն է, մենք դերասաններ ենք ակամայից»: Ժողովրդավարական երկրներում բնակչության մեծ մասը նման մոտեցում է դրսևորում ընտրությունների, և հատկապես նախագահական ընտրությունների նկատմամբ, քանի որ պետական համակարգը գործում է, այսպես ասած, ինքնաբավ ռեժիմով: Այսինքն, ով էլ լինի նախագահ հասարակական-քաղաքական կյանքում, դժվար է ակնկալել արմատական փոփոխություններ: Մինչդեռ ժողովրդավարության կայացման փուլում գտնվող պետություններում հսկայական է երկրի նախագահի դերը, որի գործողությունների հետևանքով զգալի չափով կարող են փոփոխվել երկրի զարգացման ուղղվածությունը և պետության արտաքին կողմնորոշումները: Առանձին ազգերի հոգեբանությունում տարատեսակ մոտեցում է ամրագրված պետության ղեկավարի նկատմամբ: Օրինակ` Արևելքի ժողովուրդների մոտ ձևավորված է այն գաղափարը, որ երկրի ղեկավարը անթերի է և ժողովրդասեր, մինչդեռ նրա վեզիրները և ծառայակատարները խաբեբա են և շահամոլ: Հիշենք Շեհերազադեյի պատմությունները: Նույնը կարելի է նշմարել ժամանակակից, ոչ ամենևին արևելքի առանձին պետություններում: ԶԼՄ-ների միջոցով ստեղծվել է պարկեշտ և ժողովրդասեր նախագահի կերպարը, իսկ պետությունում առկա բացասական երևույթները բացառապես նախարարների և մարզպետների անբավարար գործունեության հետևանք են: Հայի հոգեբանության մեջ մշտապես տիրապետող է եղել այն գաղափարը, որ երկրում առկա բոլոր թերացումներում մեղավոր է պետության ղեկավարը: Մտաբերենք, որ պատմականորեն հայոց չորս թագավորների ենք երկրպագել մեծ տիտղոսով: Սակայն նրանք էլ զերծ չեն մնացել հայ պատմագիրների քննադատությունից: Նրանք Տիգրան II-ին հռչակում են մեծ, սակայն դաժան այլազգիների նկատմամբ: Ըստ նրանց` Տրդատ III-ը մեծահոգի չգտնվեց Գայանեի և նրա հավատակիցների նկատմամբ: Լևոն II-ը տուրք էր տալիս կաթոլիկությանը, իսկ Աշոտ II-ն էլ հավատարիմ չէր իր կնոջը: Նման հոգեբանություն երկրի ղեկավարի գործունեության գնահատման նկատմամբ առկա է և այսօր: Եթե Հայաստանի գյուղերից մեկում ընտրվում է ոչ ժողովրդասեր գյուղապետ, ապա համագյուղացիները մեղավորին փորձում են նշմարել հանրապետության ղեկավարության սխալ գործունեության մեջ. նշանակեցին անհաջող մարզպետ, սա էլ հովանավորեց ոչ պակաս անհաջող գյուղապետի ընտրությունը: Ներկայումս հանրապետության բնակչության տարբեր հատվածների միջև հակասությունը ոչ այնքան տնտեսական և սոցիալական բնույթի է, որքան մտածողության մշակույթի և ընդհանուր զարգացման միջև: Մինչև դրա արմատների բացահայտումը, ցանկալի է անդրադառնալ վերը նշված հակասության դրսևորումներից մեկին: Խոսքը վերաբերում է տարատեսակ իրողություններում ժողովրդի հաճախ անկանխատեսելի վարքագծի դրսևորմանը: Նապոլեոն Բոնապարտը իր հերթական հաղթանակներից հետո պալատականներից մեկի այն հաճոյախոսությանը, թե ժողովուրդը ցնծությամբ է Ձեզ դիմավորում, պատասխանեց. «Այլ պարագայում այս նույն ժողովուրդը նույն հիացմունքով ինձ դեպի կախաղան կուղեկցի»: Վերը նշված մոտեցումներով, սակայն ճիշտ հակառակ տրամաբանությամբ, ընդամենը տասը տարի ընդմիջումով, տեղ գտան մեր հանրապետությունում: Այսպես, 1988 թվականին ժողովուրդը գրեթե միասնաբար դատապարտեց Կ. Դեմիրճյանի ղարաբաղյան հիմնախնդրին մոտեցումը: Տաս տարի անց` այդ նույն ժողովրդի զգալի մասը ցնծությամբ մեծ քաղաքականութ յան կոչեց Կ. Դեմիրճյանին: 1998 թվականին նույնքան միասնաբար հայ ժողովուրդը դատապարտեց Լ. Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան պարտվողական մոտեցումները: 2008 թվականի նախագահական ընտրություններում զգալի թվաքանակ կազմեցին նրանք, ովքեր ձայն տվեցին Լ. Տեր-Պետրոսյանի օգտին: Նման դրսևորումները ունեն իրենց պատճառները: Ամենատեսանելին մեր հասարակության զգալի մասի ընդհանուր և քաղաքական մշակույթի թերացումներն են, որի արդյունքում դանդաղ է ընթանում ժողովրդավարական համակարգի ձևավորումը: Հանրապետությունում քաղաքացիական հասարակության ձևավորման սաղմնային վիճակի և պետական համակարգի անկատերելիության մասին է վկայում այն փաստը, որ առանձին մարդկանց խմբակցություններ, կարճաժամկետ միավորվելով, կարողանում են հավաքել անհրաժեշտ քվեներ Ազգային ժողովում ներկայացվելու համար: Քաղաքական երկնակամարում ցոլացող աստղի նման ծագեցին և արագ մարեցին «Շամիրամը» և «Մակը»: Ցավալի է, որ ներկայումս ամենաընթերցող և գիտելիքներին ձգտող ազգից անցում ենք կատարել դեպի սպառողական արժեքները ամենից վեր դասող հանրության: Ժողովրդի կողմից ամենից բարձր գնահատվող անձինք ոչ թե գիտության և մշակույթի ճանաչված գործիչներն են, այլ հաջողակ գործարարները: Ամբողջ աշխարհում նկատելի է մարդկանց մոտ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության նվազումը: Սակայն զարգացած ազգերը այն փոխհատուցում են` ինտերնետից ավելի շատ օգտվելով, մշակութային օջախներ հաճախելով և այլն: Մեզ մոտ ժողովրդին կարելի է բաժանել ոչ այնքան սոցիալական, որքան կրթվածության աստիճանով: Ստեղծվում է տպավորություն, որ ներկա պահին հայ երիտասարդության զգալի մի հատված փորձում է ինքնուրույն գործոնի դեր ստանձել քաղաքական դաշտում, որն ինքնին խրախուսելի է: Միաժամանակ մենք ակնկալում ենք այն հարցի պատասխանը, թե որքանով է հանրապետության երիտասարդությունը պատրաստ իր վրա վերցնելու այդ պատասխանատու դերակատարումը: Բազմաթիվ բուհերի առկայությունը դեռևս չի ապահովում իրականում կրթված մարդկանց պատրաստումը: Դպրոցը և բուհը հայտարարված է ապաքաղաքական: Այդ կնշանակի, որ կրթական հիմնարկներում արգելվում է քաղաքական գործիչների կամ կուսակցությունների գովազդը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դպրոցներում և բուհերում աչքաթող պետք է արվի սովորողների հայրենասիրական և բարոյական դաստիարակության խնդիրը: Տարիներ առաջ հանրային, քաղաքային և շրջանային գրադարաններում մշտական ընթերցողներ էին բարձր դասարանցիները և ուսանողները: Այսօր նրանց փոխարինելու են եկել թերսնված մտավորականները: Ինչ վերաբերում է բարեկեցիկ կյանքով ապրող ինքնագոհ մարդկանց, ապա նրանցից շատերը այնքան հեռու են ընթերցանությունից, որքան երկինքը երկրից: Այսօր մեր ժողովրդի համար գերխնդիրը ինքնաճանաչման հարցն է, այսինքն ազգային, համաշխարհային գիտության և մշակույթի արժեքների յուրացումը և այդ ամենը սեփական ազգի առաջընթացին ծառայեցնելը: Ազգի կողմից ինքնաճանաչումը այն հենարանն է, որը մեր ժողովրդի բոլոր հատվածներին կօգնի արժանավայել պահվածք դրսևորել ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարբեր ժողովուրդների հետ ունեցած առնչություններում: Միաժամանակ հանդես բերել բարձր գիտակցություն` քաղաքական ցանկացած անցուդարձի պայմաններում: Ազգային ինքնագիտակցության բարձրացման, քաղաքակրթության և ժողովրդավարության արժեքներին հավատարմագրվելու խնդրում մեր ժողովրդի առջև ծառացել են մի շարք խոչընդոտներ, որոնց հետևանքների թեկուզև մասնակի հաղթահարումը օրախնդիր է: Այսպես, նկատելի է, որ թուլացել են հանրապետության բնակչության ներընտանեկան կապերը, որոնք անցյալում ամուր էին և ավանդաբար փոխանցվում էին մի սերնդից մյուսին: Ամրակուռ ընտանիքում մարդկանց մեջ դաստիարակվում էր սերը և հարգանք շրջապատի նկատմամբ: Ցավալի է, որ նվազել է հայ առաքելական սուրբ եկեղեցու` ազգը միավորողի և համախմբողի գործոնը: Դրա հիմնական պատճառներից է այն, որ մեր եկեղեցին դեռևս պառակտված է երկու մասի: Սուրբ Էջմիածինը հանդես է գալիս Անթիլիասի հետ միաձուլման գաղափարով, մինչդեռ Կիլիկիո կաթողիկոսությունը` ընդամենը համագործակցության: Տեղին է հիշել, որ նույն իրավիճակում հայտնված ռուսական ուղղափառ եկեղեցին ձեռնամուխ է եղել ռուսական պատրիարքության ներքո միաձուլմանը: (Շարունակելի) Սերգեյ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր