Դասախոսների ռեյտինգային գնահատականները վնասում են նրանց
«Ե՞րբ կաշխատեն համակարգիչները», «Իսկ տեսախցիկները ե՞րբ եք սարքելու»,«Գրատախտակները փոխե°ք», «Իջեցրե°ք վարձերը», «Փոխե°ք դասացուցակը»: Նման պատառիկներ հաճախ կարելի է կարդալ ԵՊՀ ուսանողների շրջանում անցկացված անանուն հարցումներում: Արդեն վաղուց գնահատման մենաշնորհը դասախոսներինը չէ: 2001-2002 ուս. տարվանից ուսանողները կարող են վայելել գնահատման հաճույքը` շնորհիվ դասախոսների ռեյտինգային հարցումների: «Այս մեթոդը գործում է 2001-2002 ուս. տարվանից: Քանի որ արտասահմանյան գրեթե բոլոր երկրները կիրառում են այդ մեթոդը, մենք այդ ամբողջ ինֆորմացիան մշակելուց հետո որոշեցինք այն կիրառել նաև համալսարանում:Ուսանողների ակտիվ մասնակցությունը ակնհայտ էր, և այդ մեթոդը մինչև հիմա գործում է»,-ասաց ուսումնական վարչության տեղեկատվական -վերլուծական բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը: Դասախոսների ռեյտինգային գնահատման համակարգը գործում էր դեռեւս ԽՍՀՄ վերջին տարիներին: Սակայն այդ շրջանում այն իրականացվում էր միայն ֆակուլտետի մակարդակով: Անկախությունից հետո անանուն հարցումների մասին հիշատակվում է նաեւ ՀՀ Կրթության մասին օրենքում, որտեղ նշված է, թե ուսանողի իրավունքներից է դասախոսական կազմին գնահատելը: «Հարցումներն անցկացվում են ամեն կիսամյակի վերջում նախորդ կիսամյակի տվյալների հիման վրա»,- ավելացրեց պարոն Սարգսյանը: Հարցաթերթիկները պարունակում են մոտ 14 հարց, որոնք հնարավորություն են տալիս ուսանողին գնահատելու դասախոսի մասնագիտական, մանկավարժական և մարդկային որակները, իսկ հարցաթերթիկի մյուս կողմում ուսանողները կարող են ներկայացնել իրենց առաջարկները: Հարցումներն անցկացվում են կենտրոնացված, ԵՊՀ-ում այն իրականացնում է ուսումնական վարչությունը: Տվյալների մշակում բացառում է մարդկային գործոնը, քանի որ այն հատուկ ծրագրով անցկացվում է համակարգիչ: Սակայն ուսանողները լուրջ չեն վերաբերում այս հարցումներին, ինչի արդյունքում տուժում են դասախոսները, չէ որ սա լավ առիթ է չսիրած դասախոսից ազատվելու համար: Սակայն, Արմեն Սարգսյանի խոսքերով, գոյություն ունի սոցհարցումների անցկացման կանոնակարգ, որի համաձայն` հարցումները կանցկացվեն միայն այդ դեպքում, երբ ներկա լինի լսարանի երկու երրորդը, իսկ սա արդեն որոշ չափով բացառում է սուբյեկտիվությունը: «Անմիջապես ոչ մի արդյունք չկիրառվեց, քանի որ մեթոդը նոր էր, և մենք գիտակցում էինք, որ ուսանողները դեռ չեն գիտակցում այդ հարցումների լրջությունը, և անպայման կլինեն նաև սուբյեկտիվ կարծիքներ: Արդյունքները կրիառվեցին միայն 4-5 տարի հետո»: «Մենք լուսանկարչություն առարկան նորմալ չէինք պարապում և ոչ մի նոր բան դասախոսը մեզ չէր տալիս, առավել ևս որ այդ առարկան մասնագիտական էր: Մենք էլ հարցումների ժամանակ այդ դասախոսին ցածր գնահատեցինք և հետո միայն իմացանք, որ նրան հեռացրել են աշխատանքից»,- պատմեց ԵՊՀ ուսանողուհի Անահիտ Նաղդալյանը: Իսկ ուսանողական վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի վարիչ Արմեն Սարգսյանի հավաստմամբ միայն սոցհարցումների արդյունքների հիման վրա դասախոսին չեն հեռացնում, բայց այս արդյունքները հաշվի են առնվում պրոֆեսորադասախոսական բոլոր պաշտոնների զբաղեցման համար անցկացվող մրցույթներում: Հարկ է նշել, որ այս համակարգը փորձված է արտասահմանյան շատ երկրներում, եւ փորձագետները կարծում են, որ այն կոռուպցիայի դեմ պայքարում ունի մեծ ազդեցություն: