Վաղեմի բարեկամության շարունակականությունը
Խորագնա արմատներ ունեն հայ-ռումինական մշակութային առնչությունները: Պատմական հանգամանքների բերումով: Ռումինիայի հայկական գաղութը հնագույններից է` V-XII դարերում Բյուզանդական կայսրության կազմակերպած բռնագաղթերի հետևանքով նրա տարածքում բնակեցված հայերի հոծ զանգվածներով կազմավորված: Արդեն XIV դարում, Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից հետո, Ռումինիայի Բոտոշան, Ռոման, Յուշ (Յասսի) բնակավայրերում կառուցվել են քարաշեն հայկական եկեղեցիներ, գործել է հոգևոր թեմը: Հայկական այս գաղութը այնուհետև ստվարացել է Լեհաստանից, Կ. Պոլսից, Ղրիմից, Արևմտյան Հայաստանից բռնագաղթած հայերով: Ժամանակի ընթացքում հայերը կարևոր մասնակցություն են ունեցել երկրի քաղաքական և մշակութային կյանքում, ռումին ժողովրդի հետ պայքարել օտար նվաճողների դեմ: Պատահական չէ, որ XV-XVII դարերը ռումին պատմաբանները գնահատում են որպես հայկական առևտրի տիրապետության շրջան: Բազմաթիվ եկեղեցիներին, վանքերին ու մատուռներին կից կառուցվել են հայկական դպրոցներ: Մի շարք քաղաքներում գործել են հայկական տպարաններ, որոնցում լույս են տեսել շուրջ 50 անուն պարբերականներ: Հայազգի շատ գիտնականներ, քաղաքական ու մշակութային գործիչներ են լուրջ ներդրում ունեցել Ռումինիայի հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքում: Մինչ օրս: Եվ Ազգային պատկերասրահի նորաբաց ցուցահանդեսը, փաստորեն, վաղեմի մշակութային կապերի շարունակության վկայություններից է` ձևավորված Վարդան Բարաքյանի, Գրիգոր Զամպագճյանի հավաքածուներից առանձնացված գեղանկարչական աշխատանքներով, կիրառական արվեստի հնամենի ուշագրավ նմուշներով: Առաջին ցուցասրահում ներկայացված են ռումինահայ ավագ սերնդի նկարիչները` Սիրարփի Թորոսյանը («Հայերի գաղթը», «Մանգալիա»), Պարուհի Թեփելիկյանը («Նատյուրմորտ Իգդիրի կարպետով», «Տիկին Մարի»), Օլգա Կոպըչանոն («Ինտերյեր. իմ արվեստանոցը», «Բնանկար. աշուն»), Բարթուղ Վարդանյանը («Բանվորական թաղամաս Բուխարեստում», «Տեսարան հին Երևանից. ձմեռ»), Արամ Ղարիբյանը («Կամուրջ Աշտարակում»), Հրանտ Ավագյանը («Առագաստանավը ափին», «Նատյուրմորտ. ծաղիկներ», «Կնոջ դիմանկար»): Ապակեպատ ցուցափեղկերից իրենց յուրօրինակ գրավչությամբ հրապուրում են XVII դարի իսպանական տափաշիշը, XIX դարի չինական գեղազարդ սկուտեղները, XIX դարի մերձավոր-արևելյան գրակալն ու բաժակը, արձանիկն ու զամբյուղը: Առանձին ցուցադրված են XVIII-XIX դդ. Բալկաններում պատրաստված զարդատուփերն ու ապարանջանը, ճարմանդներն ու գոտին: Այլ է տպավորությունը XIX-XX դդ. տրանսիլվանական կԺերից ու քասաներից: Իրենց վրա են սևեռում ուշադրությունդ Նիկոլաե Գրիգորեսկուի և Նիկոլաե Տոնիցայի մատիտանկարները: Էուստացիու Ստոենեսկուի, Ելենա Պոպեայի, Ալեքսանդրու Չուկուրենկուի կտավները: Իսկ արվեստաբան Գրիգոր Զամպագճյանի հավաքածուից ընդգրկված արևմտաաեվ րոպական XVI-XX դդ. նկարչական տարբեր դպրոցների ներկայացուցիչների գործերից շատերը, ծանոթ լինելով մշտական ցուցադրությունից, պարզապես մի ուրիշ աշխարհ են տեղափոխում իրենցում պարփակված բովանդակությամբ, գունային այլ լուծումներով: Նիկոլա Լանկրեի «Իտալացի կատակերգակները», Իոս Վան Կլեվե I-ի «Հովիվների երկրպագությունը», Ալբեր Բենարի «Հայդարաբադի շուկան», Ադոլֆ Մոնտիչելիի «Զբոսանքը», Լուի Անկետենի «Կապույտ զգեստով կինը», Մարիանո Ֆորտունիի «Ընթերցելիս»-ը… Անմիջական հաղորդակցությունը մարդկային քանքարի տարբեր դարաշրջաններում երկնած մնայուն արժեքներին` վերստին ապրեցնող քնարականությամբ է լցնում ներաշխարհդ: Եվ յուրաքանչյուր նոր հանդիպում, ասես ակամա, բարության գեղեցկացնող նոր լիցքերով է գոտեպնդում հավատդ համամարդկային արժանապատիվ հարատևության հանդեպ: