Ճանապարհ դեպի մեր հավատի տաճարը...


Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանում ներկայացված «Իմ Հայաստանը իմ հայրենիքն է» յուրօրինակ ցուցահանդեսի հեղինակը ճանաչված նկարիչ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գունանկարի ամբիոնի դասախոս Սարգիս ԹԵՐԶՅԱՆՆ էր: Նկարիչը հայրենի չքնաղ բնաշխարհի գեղեցկությունը, քնքշությունն ու մաքրությունը ավելի արտահայտիչ դարձնելու համար այս անգամ օգտագործել էր միայն ջրաներկը: Եվ դա նրան լիովին հաջողվել էր, չնայած տեխնիկական բարդություններին, քանի որ առանց մատիտանկարի, միանգամից ջրաներկով աշխատելը մեծ հմտություն և կոմպոզիցիայի նուրբ զգացողություն է պահանջում: Աշխատանքներն, իսկապես, գերել էին բոլորին. դա հաստատեցին ցուցադրությանը ներկա արվեստագետները` նկարչի ուսանողները, ընկերներն ու բարեկամները: - Ս. Թերզյանի նկարներում հայկական բնաշխարհը սոսկ բառացիորեն արտապատկերում չէ, այլ` ավելի շատ ներհայեցողական: Նրա կտավները և° քնարական են, և°, միաժամանակ, էպիկական. այսինքն լայնաշունչ են, համայնապատկերային, երազային, թռիչքային: Եվ դժվար է պատկերացնել, թե ինչպես է նկարիչը հասել այդպիսի հիասքանչ համադրության: Հոգու ներքին ձայնն է ավելի շատ դրոշմվել, քան արտաքին պատկերը: Երկինքը յուրահատուկ է նրա նկարներում: Այդպիսի առատ և արտահայտիչ երկինք ես դեռ ոչ մի նկարչի աշատանքում չեմ տեսել,- իր արվեստակցին այսպես է ներկայացնում Վարդիթեր Գամաղելյանը: Իսկ արվեստաբան Սարո Սարուխանյանը, մատնացույց անելով բարձունքում պատկերված եկեղեցին, ասում է. - Այս նկարը երբեք չէր ստեղծվի, եթե նկարիչն այս արահետով չբարձրանար և չիջներ ներքև, նորից չբարձրանար ու նորից չիջներ… Բայց զարմանալի մի բան էլ կա այս նկարում: Երբ նայում ենք այնտեղ պատկերված եկեղեցուն, այդ նույն ցանկությունն առաջանում է նաև մեր մեջ. այդ արահետով բարձրանալ դեպի ո՞ւր` դեպի մեր հավատի տաճարը… Ժամանակի մեջ արվեստագետն աճում է, և գալիս է մի պահ, երբ նա առանձնանում է, ստեղծում ինքն իրեն, իր պատկերը, իր էությունը… Սա վերադարձ է դեպի Ինքը: Այս ցուցահանդեսը հոգու ինքնամաքրման գեղեցիկ պահեր է պարգևում: Նկարիչը չի առանձնացնում իր նկարներից որևէ մեկը, նրանց անուններն էլ վերջին վայրկյանին է որոշել. - Կարևորը հոգին է, որ նկարների մեջ դրվել է, իսկ անուններն իրենք իրենց են ստացվել: Արվեստանոցում ուրիշ է, ցուցասրահում` նկարին նայում ես դիտողի աչքով: Դա ինձ համար շատ կարևոր է: Նույնիսկ սխալներ տեսա իմ նկարներում, որոնք կաշխատեմ ուղղել իմ հետագա ստեղծագործություններում,- ասում է նկարիչը և ավելացնում. - Նախապատվությունը տալիս եմ յուղաներկին, բայց ջրաներկով աշխատելն ինձ համար եղել է հոգու տուրք: Սա արել եմ հիմնականում մեր ուսանողության համար, որպեսզի նրանք տեսնեն ու ոգևորվեն: Իսկ ուսանողներն, իրոք, ոգևորվել էին: Խանդավառված այդ հրաշալի ցուցահանդեսով` յուրաքանչյուրն իր սրտի խոսքն էր ասում սիրելի ուսուցչի, լավ մարդու բոլորի կողմից սիրված ու հարգված դասախոսի մասին: - Հրաշալի մարդ է, հրաշալի դասախոս: Չկա մեկը, որ նրան չսիրի: Անմնացորդ մեզ է փոխանցում նկարչական արվեստի բոլոր գաղտնիքներն ու նրբությունները: Եվ ամենակարևորը` նյութը մատուցում է շատ հեշտ ու մատչելի: Նրա կտավները հրաշալի են: Պիտի ձգտենք` նրան արժանի աշակերտ լինել,- ասում է գեղարվեստի բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արման Մկրտչյանը: «Տերյան» մշակութային միության գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանն էլ այսպես է բնորոշում իր գործընկերոջը. - Ճիշտ, ճշմարիտ, ճշմարտախոս դասախոս, հիանալի ընկեր, կարեկից մարդ: Ավետարանի պատվիրաններով ապրող մարդ է Սարգիս Թերզյանը: Հավելենք, որ արվեստագետի գեղանկարչական աշխատանքները ցուցադրվել են նաև Մոսկվայում, Փարիզում, Լիոնում և այլուր` արժանանալով բարձր գնահատականի:

Գալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ