ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ


Արտահերթ ընտրությունների տեսլականը հայրենի արմատականների համար չհաղթահարվող բարդույթի է վերածվել: Ոչ այնքան ցանկալի իրավիճակում նրանք հայտնվել են իրենց իսկ կողմից ընտրազանգվածին տրված անիրականանալի (ու փոքր հավանականության հետևանքով այդպես էլ չիրականացվող) խոստումների արդյունքում: Այլևս ակնհայտ է, որ Հայաստանում ընտրությունները տեղի են ունենալու այն ժամանակ, երբ ԿԸՀ¬ն պաշտոնապես կհայտարարի հերթական համապետական քվեարկության նախապատրաստական աշխատանքներն սկսելու մասին: Թե այս պարագայում ինչպես կդրսևորեն իրենց արմատականները` ավելի ուշ կերևա: Ավելի հավանական է, թե ընտրությունների կոնկրետ ժամկետը նրանց համար այնքան անկարևոր կդառնա, որ ժամանակը նրանց, միևնույն է, չի կարող օգնել: Այլ հարց է, որ ընտրազանգվածին տրված խոստումն է օդում կախված մնում: Եթե ընդդիմությանը հաջողվեր հասնել արտահերթ ընտրությունների ու եթե դրանք տեղի ունենային թեկուզև պաշտոնապես նախանշված ժամկետից նույնիսկ մեկ ամիս առաջ, ապա նրանք զանգվածներին կկարողանային ոգևորել` պնդմամբ, թե արտահերթ «կորզելն» իրենց հաջողությունն է և մոտալուտ հաղթանակի կարևորագույն նախանշանը: Ինչպես տեսնում ենք, այս առումով ժամանակն «ապարդյուն» է անցնում` հետզհետե մոտեցնելով ընտրությունների վաղօրոք նախանշված ժամկետը: Իսկ արտահերթի հավանականությունը, նախկինի պես հիմա էլ նույնքան անիրականանալի է: Եվ այստեղ Լ. Տեր¬Պետրոսյանին ոչինչ չի մնում, քան խնդիրը հակառակ ծայրից լուծելու ճարահատյալ փորձը կիրառել: Առաջին նախագահն, իհարկե, այնքան հետևողական գործիչ չէ, որ գոնե ինքն իրեն ու իր խոստումների համար հաշվետու լինի: Իսկ ջրից չոր դուրս գալու նրա ջանքերը ոչ այլ ինչ են, քան հերթական անգամ ծիծաղելի իրավիճակում հայտնվելուց խուսափելու ձգտում: Այսպես, մարտիմեկյան հանրահավաքում, կարելի էր կարծել, թե շատ կոնկրետ հարցադրումներ ու պահանջներ էին ներկայացվել: Բայցևայնպես, մեկ ու կես տասնյակ կետից կազմված հայտարարությունն ընդամենը բոլոր հանրահավաքներում հնչածի վերաշարադրանքն է: Այն, որ կրկնաբանությունը ընտրազանգվածին վերջնական հիասթափության է հասցնում` Լ. Տ.¬Պ.¬ի խնդիրն է: Ուշագրավ է, որ վաղուց հնչած պահանջները վերաձևակերպելով` Առաջին նախագահը ոչ միայն 2008¬ի իրադարձությունների տրամաբանությունից չի շեղվում, այլ դեռ մի բան էլ փարիսեցիական շանտաժ կիրառելով` իշխանությանը երկշաբաթյա ժամկետ է տալիս` վստահ, որ իր ներկայացրած մտացածին «դրույթները», միևնույն է, չեն իրականանալու: Այսուհանդերձ, իշխանությանը տրվող` այսպես կոչված ժամկետը, դարձյալ ժամանակ շահելու միտումն ունի: Հաջորդ հանրահավաքին ավելի երկար ժամկետ կտրվի ու նորից կհետաձգվի: Իսկ պահանջագրերի վերջնակետը հենց քարոզչության ամենաբուռն շրջանում նախընտրական նպատակներով օգտագործվող հոխորտանք կդառնա: