ՀԱ՞ որ....


Այնպես ստացվեց, որ տեղի ունենալիք գայլաորսը սահմանված ժամկետից էլ շուտ մեր որսորդների տարերքը դարձավ: Որևէ մեկը հավանաբար չէր կանխատեսել, որ յուրաքանչյուր սպանված կենդանու դիմաց տրվելիք 100 հազար դրամ պարգևավճարն այդ աստիճան կոգևորի մարզաբնակ հրացանակիրներին: Թվում էր, թե անելիքը բավական պարզունակ է. գիշատիչների քանակը փոքր¬ինչ նվազեցնելու ակնկալիքով` գործադիրը գումար էր հատկացրել, որպեսզի շնորհակալ այդ գործն իրականացնող որսորդներին փոքր¬ինչ խրախուսի… Մինչդեռ պարզվում է, որ 100 հազար դրամը բավական մեծ գումար է համարվել հրացանավորների շրջանում, և նրանք նշված թիվը տասով, քսանով բազմապատկելով` համոզվել են, որ գայլաորսը կարգին եկամուտ կարող է բերել: Իհարկե, հրաշալի է, երբ մարդիկ (տվյալ դեպքում կառավարությունն ու որսորդները) կես խոսքից իրար հասկանում են: Իսկ նման նախադեպը հնարավորություն է տալիս հույսեր փայփայել, որ ցանկացած առաջարկ փոխշահավետ լինելու դեպքում միանգամից փոխըմբռնման ու համագործակցության է հանգեցնում: Ո՞ւր էր թե բոլոր նախաձեռնություններն այդչափ հաջող ելքով ավարտվեին, ու բոլոր հոգսերն այդքան շուտ թոթափվեին: