Գործելու ժամանակը


Վիեննայում մասնակցելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հերթական անգամ ստիպված է եղել դիմագրավելու թուրք-ադրբեջանական հակահայ ոտնձգություններին: Այդ քննարկումների ընթացքի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին սպասվող մարտահրավերների և դրանց դիմագրավելու համար անհրաժեշտ անելիքների մասին է հարցազրույցն այդ միջազգային կառույցում մեր պատվիրակութ յան ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:Գործելու ժամանակը - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում քննարկվածներից մեզ համար իրենց նշանակությամբ կարևոր հատկապես ո՞ր հարցերը կառանձնացնեիք: - Ուշադրություն եմ հրավիրում երեք խումբ հարցերի վրա: Առաջինը Բելառուսում ընտրությունների հարցն էր, երկրորդը` ԵԱՀԿ բարեփոխումներին առնչվող քննարկումները և երրորդը` ԵԱՀԿ տարածքում միգրացիայի ու ինտեգրացիայի խնդիրը: Առաջին օրը Մարդու իրավունքների և հումանիտար համագործակցության կոմիտեում աննախադեպ սրությամբ քննարկվեց Բելառուսում ընտրությունների հարցը: Հնչում էին առաջարկություններ, նաև պահանջներ` Բելառուսը մեկուսացնելու, նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, նրան եվրոպական գործընթացներից առանձնացնելու վերաբերյալ: Ես արտահայտել եմ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների կարծիքը` որ անթույլատրելի է Բելառուսը մեկուսացնել եվրոպական գործընթացներից… -Բայց որքանո՞վ է Հայաստանի համար շահավետ միջազգային կառույցում բարձրաձայնել մի երկրի պաշտպանության օգտին, որտեղ վերջերս անցկացված ընտրութ յուններն արժանացել են միջազգային հանրության դժգոհությանը: - Խնդիրն այն է, որ եվրոպական գործընթացներից Բելառուսին մեկուսացնելը կհանգեցնի Արևելք - Արևմուտք առճակատման սրմանը և նորից պատնեշներ կդնի միջազգային հարաբերություններում` ուժեղացնելով բլոկային մտածելակերպը, ինչից մենք փորձել ենք խուսափել վերջին 18 տարիներին: Ես ասել եմ, որ անհրաժեշտ է վերականգնել ԵԱՀԿ-ի համագործակցությունը Բելառուսի հետ` նախընտրական մակարդակի վրա և հետևողականորեն աշխատել` երկխոսությունն առաջ մղելու նպատակով: Մեզ համար այս հարցը կարևորվում էր այնքանով, որքանով Հայաստանին ձեռնտու չի, որ Արևելքի և Արևմուտքի միջև առճակատումը մեծանա, որ ուժեղանա անջրպետը ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև: Դա մեզ անցանկալի ընտրության առջև կկանգնեցնի: Բավական խոսակցություններ ծավալվեցին նաև ԵԱՀԿ բարեփոխումներին առնչվող քննարկումներում: Դրանց ժամանակ ադրբեջանցիները նորից հարց բարձրացրեցին ամռանը նախատեսվող քաղաքական զեկույցի մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող դրույթներ ներառելու մասին: Նպատակը` այս միջազգային կառույցում, որտեղ 2005 թ.-ից սկսած որևէ բանաձև Ղարաբաղի վերաբերյալ չի ընդունվել, քաղաքական զեկույցի մեջ նորից մի բանաձև կամ դրույթ մտցնելն է: Ես ելույթ եմ ունեցել նաև այդտեղ` նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները կոչ են արել զսպվածության և կառուցողական աշխատանքը հրապարակային բանավեճերի չվերածելու: Նաև հիշեցրել եմ ՌԴ արտգործնախարար Լավրովի` վերջերս արած հայտարարությունը, որով կոչ է արվում` մի ընդհանուր լուծում գտնել: Իհարկե, ասել եմ, որ եթե պետք լինի, ապա մենք պատրաստ ենք նման հրապարակային քննարկումների, բայց գերադասում ենք կառուցողական աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում: Ի դեպ, այսպիսի դիրքորոշումն ավելի լավ է ընկալվում միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների կողմից, քան ԵԱՀԿ և նրա Մինսկի խմբի հանդեպ Ադրբեջանի թերահավատ մոտեցումը: - Չէ՞ որ բանակցությունների ընդհատումը պատերազմի վերսկսում կարող է նշանակել: - ԵԱՀԿ-ում Ադրբեջանն աշխատում է իր հզոր նավթային, գազային լոբբիի ներկայացուցիչների ձեռքերով: Իսկ այդ ներկայացուցիչներն իրենց 100 միլիոնավոր դոլարներով բավական մեծ ազդեցություն ունեն եվրոպական խորհրդարանների վրա: Հուսալքության և հուսախաբության առիթ չկա. պարզապես հարկավոր է աշխատել: Մեր պատվիրակությունը` Արտակ Դավթյան` ՀՀԿ-ից, Խաչիկ Հարությունյան` ՕԵԿ-ից և ես` ԲՀԿ-ից, որոշել ենք հարց բարձրացնել ՀՀ խորհրդարանի ղեկավարության առջև (ինչպես դա արեցին ադրբեջանցիները վերջերս և Թուրքիայի ներկայացուցիչները)` լինել Կոպենհագենում` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում և աշխատել համապատասխան կոմիտեների նախագահների ու զեկուցողների հետ: Որպեսզի ամռանը` տարեկան քննարկման ընթացքում ընդունվելիք քաղաքական զեկույցի բանաձևի մեջ չընդգրկվեն կետեր, որոնք սկզբունքորեն անընդունելի են Հայաստանի համար: Եվ երրորդ հարցը: Գլխավոր դեբատներում առաջնայինը ԵԱՀԿ տարածքում միգրացիայի և ինտեգրացիայի հարցն էր: Հատուկ միգրացիայի հարցերով զեկուցող հոլանդուհի Կետլին Ֆերիեյի զեկույցն ընդհանուր դատողություններից բացի, պարունակում էր նաև միայն Հայաստանի դրական փորձի օրինակը: Մենք շատ մեծ խնդիրներ ունենք միգրացիայի գործընթացում: Հատկապես Հայաստանի անկախության առաջին 10 տարիների ընթացքում ժողովրդագրական, ես կասեի` աշխարհացունց խնդիրներ են եղել մեր երկրի համար, և հիմա էլ դրանք գոյություն ունեն, ու անհրաժեշտ է կառավարելի դարձնել: Ես այս կապակցությամբ գլխավոր դեբատներում պատմել եմ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից սկսած արտագաղթի և ներքին վերաբնակեցման խնդիրների մասին, պատմել եմ Ղարաբաղյան շարժման ընթացքում Ադրբեջանից 420 հազար գաղթած հայերի տեղավորման դժվարությունների, աշխատանքային միգրացիայի խնդիրների մասին, ներկայացրել եմ պաշտոնական տվյալներ: Ինձնից հետո երեք ադրբեջանցի հայատյաց իրենց ելույթներով խոսում էին, թե Հայաստանում ազգային փոքրամասնություններ չկան, որ Հայաստան ներգաղթողներ չկան, որովհետև այստեղ չեն սիրում փոքրամասնություններին, միայն հայերին են ընդունում, և Հայաստանը շատ առանձնանում է ԵԱՀԿ տարածքում իր բացասական կեցվածքով: Հետաքրքիր էր, որ Թուրքիայի ներկայացուցիչները, ովքեր մինչև հիմա երբեք այսպես չէին վարվել. ադրբեջանական ամեն ելույթից հետո ցուցադրաբար ծափահարում էին: Սա խոսում է այն մասին, որ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցված գործողությունները ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ընդունել են նոր որակ, դարձել են անթաքույց: Սա տեղի է ունեցել` երբ Հայաստանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրությունների ժամանակ բացահայտ հայտարարեց, որ չի պաշտպանելու Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությունը: Ու քանի որ հարցերը կոնսենսուսի սկզբունքով են ընդունվում, Թուրքիայի թեկնածուն դուրս մնաց: Այնինչ` նա ուներ ամենամեծ շանսերը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար դառնալու: Այս առճակատումը սկսել է ընդունել բացահայտ բնույթ: Մենք պետք է սրան պատրաստ լինենք: Խուճապի ոչ մի պատճառ չեմ տեսնում, որովհետև մինչև այդ էլ մեր հանդեպ առանձնապես լավ կամ դրական վերաբերմունք նրանց կողմից չի եղել: Կարծում եմ, որ մինչև հուլիս ամիս պետք է լինենք Կոպենհագենում և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շտաբ-գրասենյակում ներկայացնենք Հայաստանի պաշտոնական տեսակետները: Բացի այդ, պետք է հնարավորություն գտնենք` Հայաստանի տեսակետները քաղաքական փաստաթուղթը ստեղծող մարմիններին, քաղաքական կոմիտեի ղեկավարին, զեկուցողին հասկանալի, հասանելի և ընդունելի դարձնելու համար: Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակություններն արդեն հասցրել են լինել Կոպենհագենում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ