ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Հեղափոխության զարգացող օջախ դառնալու վերաբերյալ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը վերլուծող զեկույցներն այս երկրի իշխանություններին կատարյալ հուսահատության են մատնել: Հետզհետե սրվող և թափ առնող հակաալիևյան տրամադրությունները վերջինիս ստիպում են այլևս ոչնչի առաջ կանգ չառնել ու ճնշել նույնիսկ ամենափոքր գործողությունները, որոնք կարող են թեժացնել աստիճանաբար լարվող իրավիճակը: Եվ չնայած թույլ զարգացած այս երկրում ինտերնետը դեռ նոր¬նոր է տարածում ստանում, և Ադրբեջանում համացանցը քչերին է հասանելի, այդուհանդերձ, օրերս ձերբակալվել է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված «Մարտի 11` Մեծ ժողովրդական օր» խմբի ակտիվիստներից մեկը` Բախտիար Հաջիևը: Տեղական լրատվամիջոցներն արդեն հաղորդել էին, որ խումբը կոչ է անում մասնակցել առաջիկա ուրբաթ կայանալիք բողոքի ակցիային: Իսկ նախքան այդ` արդեն համացանցից օգտվող 20 հազար ադրբեջանցի է միացած եղել նշված խմբին: Բ. Հաջիևի նախատեսած միջոցառմանը հաջորդելու է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության մեծ հանրահավաքը: Որքան էլ Ադրբեջանի զինդատախազությունը սարքովի հաղորդագրություններ տարածի, թե երիտասարդ գործչի ձերբակալման շարժառիթը զինվորական ծառայութ յունից խուսափելն է, այնուամենայնիվ, շատերն են կարծում, որ իշխանությունները նման քայլերի են դիմում` բողոքի հասունացող մեծ ալիքը կանխելու հույսով: Ձերբակալվածի փաստաբանը հաղորդել է, որ Հաջիևն ավելի վաղ հարցաքննության է կանչված եղել, սակայն Գյանջա քաղաքի դատարանն անսպասելիորեն նրան մեկ ամսով ձերբակալելու որոշում է կայացրել: Ադրբեջանական մամուլը գրում է, թե իշխանության վախն այնտեղ է հասել, որ նրանք Բաքվում զորքերի կուտակում են սկսել: Մայրաքաղաքում Պաշտպանության, Արդարադատության նախարարությունների, նախագահական գվարդիայի զինվորական մասերը մարտական առաջին պատրաստվածության են բերվում: Իսկ ինչ վերաբերում է Հարվարդի համալսարանի շրջանավարտ և պատգամավորության նախկին թեկնածու Բախտիար Հաջիևին, ապա նրա ողջ մեղքն այն է, որ համացանցային իր էջում համարձակվել է գրել, թե. «Արաբական աշխարհի իրադարձությունների շնորհիվ մենք իմացել ենք, որ երբ ժողովուրդն ազատություն է պահանջում, ապա ստանում է: Մենք կոչ ենք անում ձեզ ուժ չկիրառել մեր ժողովրդի նկատմամբ և միասին Ադրբեջանում կառուցել արդար, ազատ ու երջանիկ հասարակություն»: