Այն տարիներին էր դժվար…


Ամենափխրուն, քնքուշ ու առեղծվածային կին-էակը և զինվորականի մասնագիտությունն` իր դժվարություններով, առաջին հայացքից կարող են անհամատեղելի թվալ: Այսօր, սակայն, մեր Զինված ուժերում իրենց բարեխիղճ ծառայությամբ աչքի են ընկնում կին զինծառայողներ, ովքեր բանակի կազմավորումից ի վեր եղել են շարքերում, դարձել նրա վերելքի և առաջընթացի անմիջական կերտողն ու մասնակիցը: Մեր ժողովրդի համար ամենածանր ու բախտորոշ իրադարձությունների ժամանակ հայ կինն իր վեհանձնությամբ ու հաստատակամությամբ, մշտապես առանցքային և վճռորոշ դեր է ունեցել: Քիչ չեն եղել հայրենի հողի համար մարտնչած ազատամարտիկ կանայք, և այսօր էլ սպայի պատվավոր կոչումը հպարտությամբ կրող կին զինծառայողները: ՀՀ ԶՈՒ Անձնակազմի պարգևատրումների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Աիդա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հարուստ զինվորական կենսագրություն է հյուսել` ծառայության անցնելով 1990¬ից: Ծնունդով սյունեցի է` լեռների գրկում ծվարած գողտրիկ Ագարակից: Երբ սկսվեցին Պղնձամոլիբդենային գործարանի կառուցման աշխատանքները, նոր աշխատատեղերի ստեղծմանը զուգընթաց` այստեղ բնակություն հաստատեցին մեծ թվով երիտասարդ ընտանիքներ: Բնակչությունը երիտասարդացավ: Դպրոցն ավարտելով Ագարակում, Աիդան տեղափոխվեց մայրաքաղաք` ուսումը շարունակելու Մանկավարժական ինստիտուտում, ապա աշխատանքի անցավ նախ Հոկտեմբերյանի, ապա Վարդենիսի մանկապարտեզներում: 1992 թվականն էր` մեր պատմության ամենադաժան ու ծանր շրջաններից մեկը: Երկու կողմից ադրբեջանական տարածքների միջև սեղմված Ագարակն անմիջապես զգաց պատերազմի դառը շունչը: Բնակչությունը մի բռունցք դարձավ, ոտքի կանգնեց: Ստեղծվեց կամավորականների վաշտ: Ով ինչպես կարողանում` աջակցում էր` անելով նույնիսկ անհնարինը: Ձևավորվեց մոտոհրաձգային գումարտակ, որի հիման վրա էլ ստեղծվեց Մեղրու զորամասը` Ղևոնդ Հովհաննիսյանի հրամանատարությամբ: Այդ օրերին շատերն էին իրենց օգնությունն առաջարկում: Աիդա Կարապետյանն առաջիններից էր: Սկզբնական շրջանում բուժքրոջն էր օգնում, ապա նշանակվեց զորամասի ակումբի պետ: Նա դժվարությամբ ու մեծ ցավով է հիշում այն ծանր տարիները: Հրադադարից հետո տեղափոխվեց Երևան և աշխատանքի անցավ Պաշտպանության նախարարությունում` նշանակվելով Կադրերի բաժանմունքի պետ: Ամեն ինչ դեռ նոր էր. հաստիքներ էին ստեղծվում, բաժիններ կազմավորվում… Ժամանակի ընթացքում բազմաթիվ փոփոխություններ եղան: Նրա ղեկավարած բաժինը ևս փոխվեց` վերանվանվելով Պարգևատրումների բաժանմունք: Այսօր արդեն մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ է փոխգնդապետը վարում իր աշխատանքները` բաժանմունքի պետի պաշտոնում: - Զինվորական մասնագիտություն չունեմ, բայց քաղաքացիական մասնագիտությունս` հոգեբանությունը, շատ է օգնում այն առումով, որ այստեղ անընդհատ մարդկանց հետ եմ հաղորդակցվում, ծանոթանում նրանց կենսագրությանը, հարկ եղած դեպքում` խորհուրդներ տալիս և այլն: Կարծում եմ` հատկապես այս ոլորտում կին զինծառայողի համար հաջողությունները կախված են հենց իրենից: Եթե նա էությամբ կազմակերպված ու պարտաճանաչ է, հաջողության կհասնի և դժվարությունների առաջ կանգ չի առնի: Երբեք չեմ հիասթափվել իմ ընտրած ոլորտից: Եթե հիմա այլ աշխատանքի հնարավորություն լիներ` չէի ցանկանա ուրիշ գործով զբաղվել: Այս բնագավառը հարազատ է ինձ,¬ ասում է Ա. Կարապետյանը: Միակ դուստրը` Մարինան, ևս ընտրել է նույն ուղին, ու արդեն ավագ լեյտենանտ է: 19-ամյա երկար, դժվարություններով ու խոչընդոտներով լի ուղի է անցել մեր բանակը` արձանագրելով բազմաթիվ հաջողություններ, որոնք բոլորին են տեսանելի: Սակայն երբ դրանց մասին փաստում է բանակի հետ այդ ուղին անցած զինծառայողը, խոսքերը դառնում են ավելի հավատընծա և իրական: - Այսօր շատ է բարեփոխվել մեր բանակը: Բոլոր առումներով` սկսած զինվորական համազգեստից, սննդից: Ամեն ինչ արմատապես փոխվել է: Ա´յն ժամանակ էր դժվար: Ով ինչպես կարողանում` աջակցում էր, ինչը, որոշակի առումով տարերային էր: Հիմա ամեն ինչ այլ է: Արդեն մի քանի փուլով ընթացող բարեփոխումները շարունակվում են: Բանակն օրեցօր կատարելագործվում է: Այսօր ունենք կիրթ ու գրագետ սպայակազմ, ինչը շատ կարևոր է: Ռազմական գիտելիքների տիրապետող ղեկավարը, բնականաբար, ունենում է ավելի կարգապահ և օրինակելի ենթականեր,¬ փաստում է փոխգնդապետը և հավելում. - Բողոքողներ միշտ էլ կան և կլինեն: Ինչի՞ց են այդքան դժգոհ: Ամեն տեղ էլ դժվարություններ կան, պարզապես մենք փոքր ազգ ենք, ամենաաննշան թերացումն անգամ անմիջապես երևում է: Ոմանք ուղղակի շատ են սիրում բողոքել: Ամեն մարդ պետք է փորձի ինչ¬որ չափով օգտակար լինել, կամ գոնե հասկանալ, որ հաջողությունները երկնքից չեն թափվում: Վերջին հաշվով` բանակը մեր հասարակության հայելին է, և այնտեղից են վատ բարքերը Զինված ուժեր թափանցում: Մյուս կողմից էլ` չեմ կարծում, թե դժգոհողներն այդքան շատ են. պարզապես մարդիկ ժողովրդի անունից են խոսում, իսկ ոմանք էլ հակված են ասեկոսեներն արագ տարածել: Թերթեր կան, որ փաստերը խեղաթյուրում են` ավելի ցավեցնելով ժողովրդին: Մարդկանց մեջ պակասում է ներելու, շնորհակալ լինելու ունակությունը: Հիշենք, որ բանակը շատ մեծ նշանակություն ունի մեր ազգի, պետության համար: ՀՀ ԶՈՒ անձնակազմին պարգևատրելու անչափ կարևոր գործի պատասխանատուն ինքը ևս արժանացել է բազմաթիվ շքանշանների, գերատեսչական մեդալների, պատվոգրերի. «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», Անբասիր ծառայության I, II և III աստիճանների շքանշանների… Պարգևներ, որոնք նրա բարեխիղճ ծառայության ու նվիրվածության խոսուն վկան են…