«ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ` ՉՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ» ՀՅՈՒՐԱՍՐԱՀ


«Ավանգարդ»-ի հյուրասրահի հերթական այցելուն հայ բեմի ապրող դասական. ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆՆ է -Տիկին Վարդուհի, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ` Կանանց տոնի առթիվ և մաղթել այն ամենը, ինչը ինքներդ Ձեզ կմաղթեիք: - Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Դե, ես ինձ ի՞նչ պիտի մաղթեմ. թերևս` առողջություն, որովհետև հիմա միայն առողջության մասին եմ մտածում, որպեսզի կարողանամ ապրել` ավարտին հասցնելու համար իմ երկար ճանապարհը, իմ ծրագրերը, որոնք, այո´, կան: - Ես չեմ զարմանում, որ Դուք խոսում եք ծրագրերի մասին: Դուք այն դերասանուհին եք, ով մշտապես ապրում է ստեղծագործական որոնումների և հաստատումների մեջ, անընդհատ մտածում նոր արարման մասին: - Չես սխալվում: Իմ ողջ ստեղծագործական կյանքը ես ապրել եմ որոնման ու հաստատման խաչմերուկում: Դադարը, հեռանալը ակտիվ ստեղծագործական կյանքից` արվեստագետի համար մահվանը համազոր է: Ես չեմ կարող նստել ձեռքերս ծալած, գերի` ժամանակին: Ես իմ ժամանակն եմ ստեղծում, իմ ընթացքը, իմ զբաղմունքը: Եվ միշտ այդպիսին եմ եղել: Դեռ այն ժամանակներից, երբ սկսեցի իմ ստեղծագործական կյանքը ինձ համար թանկ ու սիրելի Լենինական-Գյումրի քաղաքի թատրոնում: - Դուք այդ թատրոնի փառավոր ժամանակներում եք սկսել Ձեր կենսագրությունը: Երիտասարդ դերասանուհու համար դժվար չէ՞ր բեմ բարձրանալ այնպիսի դերասանների հետ, ովքեր արդեն դասական անուններ էին: - Անշուշտ, շատ էր դժվար: Հապա հիշեք, թե ովքե˜ր էին այդ թատրոնում. Լևոն Զոհրաբյան, Ցոլակ Ամերիկյան, Եկատերինա Դուրյան-Արմենյան… Մարդիկ, ովքեր Սիրանույշին էին տեսել բեմում, անգամ խաղընկեր եղել, հայ բեմի բոլոր մեծերի հետ բարձրացել ու իրենք էլ լրացրել էին այդ մեծերի շարքերը: Նրանցից հետո գալիս էր մյուս սերունդը` Արտավազդ Փաշայան, Ժաննա Թովմասյան, ուրիշներ… Հպարտություն էր նրանց հետ բեմում լինել, բայց` շատ պատասխանատու: Ես երբեք չեմ եղել այն դերասաններից, ովքեր առաջին հաջողությունից հետո մեծամտացել են, մոռացել մեծերի ներկայությունը: Ես միշտ նրանց կողքին աշակերտի հեզություն եմ ունեցել, ինձ աշակերտի պես եմ պահել: Խաղում էի շատ նշանավոր դերեր, բայց ինձ թվում էր, թե դեռ դպրոցական եմ, ստուդիայի սանուհի: - Թատրոնին կից ստուդիայում սովորել եք Մհեր Մկրտչյանի հետ: Ի՞նչ կասեք նրա մասին: - Մհերն իսկապես շատ մեծ դերասան էր, մեծ անհատականություն: Ստուդիայում նա արդեն ցույց էր տալիս իր տաղանդը, մասնակցում թատրոնի ներկայացումներին: Ինքը պատանի` ծերունիների դերեր էր խաղում, զարմացնում և հիացնում: Զվարճալի դեպքեր կան պահված Մհերի հետ: Նա ինձ սիրահարվել էր և իր սերը հայտնելու համար` մի օր համոզել էր ստուդիայի մեր ընկերոջը` հետագայում շատ շնորհալի դերասան դարձած Վազգեն Հակոբյանին ու եկել-կանգնել էին մեր տան պատուհանների մոտ: Վազգենը, որ հրաշալի ձայն ուներ, սերենադներ էր երգում… Մայրս լսեց երգը, զայրացած դուրս եկավ ու հարցրեց, թե ինչու՞ են եկել ու երգում: Մհերը համարձակ առաջ եկավ ու ասաց. «Ես սիրում եմ Վարդուհուն»: Մորս զայրույթն իր գագաթնակետին հասավ. «Կորիր այստեղից, իմ Վարդուկս մեծ դերասանուհի պիտի ըլլա»: Հետո Մհերը Վազգենին ասել է. «Դրա ջգրու` վերցնեմ ու ես էլ մեծ դերասան դառնամ»… Ու դարձավ: Նա մեծ ճանաչում ուներ ողջ Խորհրդային Միությունում, ամենուր սիրում ու գնահատում էին նրան: Նա այն եզակի հայ դերասաններից էր, ում այդպես ճանաչում ու գնահատում էին: - Անպայմանորեն կինոն էլ իր մեծ դերն է կատարել, որը ճանաչում է բերում: Դուք ևս կինոյում ունեցել եք հաջողություններ, մի շարք գլխավոր դերեր կատարել: Ինչպե՞ս էիք վերաբերվում կինոյին, նրա բերած ճանաչմանը: - Ես նկարահանվել եմ «Թռիչք անդունդի վրայով», «Ում է ժպտում կյանքը», «Հյուսիսային ծիածան», «Մոր սիրտը», «Պատվի համար», «Հայրիկ», «Կարինե», «Մսյո Ժակ և ուրիշներ» ֆիլմերում: Շատ չէ, իհարկե, սակայն դրանք իմ կյանքում շրջադարձային արժեքներ էին: Գյումրիի թատրոնում էլ էի Մարգարիտ խաղում` «Պատվի համար»-ում: Կինոյում հանդիպեցի Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետիսյանին: «Մոր սիրտը» ֆիլմում մի ամբողջ կյանք ներկայացրեցի… Կինոն չունի այսրոպեական ստեղծագործության հնարավորությունը, կենդանի թրթիռները. ինչ-որ նկարվեցիր` արդեն ժապավենի վրա է: Սակայն ինձ համար հաճելի էր նկարահանվել, որովհետև ես բոլորովին այլ արվեստի շրջանակներում էի, աշխատում էի լինել չափազանց կենտրոնացած, հասնել բարձրակետի, քանի որ հետո այլևս չէր կրկնվելու այդ տեսարանը… Ճանաչումն, իհարկե, մեծ էր, հատկապես այն տարիներին կինոն եզակի մի բան էր, մարդիկ բոլորովին այլ հայացքով էին նայում կինոյում նկարահանված դերասաններին, նրանք կարծես ուրիշ լինեին: Ես չեմ կարող ասել, թե կինոյում արեցի այն ամենը, ինչ ուզում էի և կարող էի: Մեր կինոբեմադրիչները հաճախ իրենց հայացքները հառում էին հարևան երկրներ, այնտեղից հրավիրում դերասանուհիների… Դա էլ ժամանակի բարքերից մեկն էր, գուցեև` հարկադիր մի բան… - Իսկ հիմա չէի՞ք ուզենա նկարահանվել: - Չգիտեմ, չեմ մտածել այդ մասին: Եթե, իհարկե, լիներ այնպիսի սցենար, որն արտացոլեր զորեղ կանացի բնավորություն, մեծ ճակատագիր` գուցե ուզենայի: Ես կինոյի բացը լրացրել եմ հեռուստաթատրոնում, ուր խաղացել եմ շատ նշանավոր դերեր: Բայց թատրոնում ես լիուլի բավարարվել եմ: Երբեք չեմ տրտնջացել դերերի պակասությունից: Եղել են դեպքեր, երբ հրաժարվել եմ ամենագայթակղիչ դերերից անգամ, որոնցից մեկը Ջուլիետն էր` Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության մեջ: Գեղարվեստական սկզբունքի և մեկնաբանության խնդիր է եղել, համոզմունքի խնդիր… Ես իսկապես երջանիկ դերասանուհի եմ, որովհետև հիմա էլ խաղում եմ և այն էլ այնպիսի մի դեր, ինչպիսին Կլարա Ցախանասյանն է` Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» բեմադրության մեջ, որի հեղինակը Վահե Շահվերդյանն է: - Սկսվել է կանանց միամսյակը: Սա այն ժամանակաշրջանն է, երբ բոլորս պատասխանատու ենք դառնում կանանց հանդեպ, նվերներ մատուցում… - Կանանց միամսյակ պետք չէ հորինել, որովհետև դա մի քիչ ձևական է: Հայ կինը հատկապես երկիր, հայրենիք և ընտանիք պահողն է: Ամեն օր էլ կնոջ օրն է, նրա չարչարանքի, տառապանքի, երջանկության և ուրախության օրը: Պետք չէ ամեն ինչ կենտրոնացնել մեկ ամսվա մեջ: Մեր հայրենիքի կանանց պետք է արժանին մատուցել, որովհետև նրանք են տարել ու տանում զրկանքները: Ես շատ կանանց գիտեմ, որոնց ամուսինները մեկնել են օտար երկրներ` ընտանիքի կարիքները հոգալու: Այստեղ այդ կանայք են պահում ընտանիքները, դաստիարակում երեխաներին: Ուրեմն, ամեն օր պիտի նրանց սիրո ու նվիրվածության բառեր ասել, մեծարել: Պատահական չէ, որ հայրենիքը մեզ համար մայր է… - Ի՞նչ կասեք հատկապես մեր թերթին ու նրա երիտասարդ ընթերցողներին: -«Ավանգարդն» ինձ համար նվիրական թերթ է, որովհետև իմ անցյալի ու ներկայի մեջ է: Ես ապրում եմ իրականությամբ` չմոռանալով անցյալը: Այդ խաչմերուկում է «Ավանգարդը»: Ուզում եմ, որ թերթը միշտ լինի այնպիսին, ինչպիսին իմ սերունդն է պատկերացրել: Ուզում եմ, որ ամեն առավոտ մարդիկ շտապեն կրպակներ և առաջին հերթին գնեն այս թերթը: Իսկ երիտասարդ ընթերցողներին մի բան եմ մաղթում. մի´ կտրեք ձեր կապն անցյալի հետ, ձեր ծնողների կենսագրության հետ: Ապրեք ձեր կենսագրությամբ, բայց միշտ հիշեք նաև նրանց կենսագրությունը: Այսպես են ճակատագիր և ընթացք ձևավորում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ