Թվում էր` կորցրեց ամեն ինչ, սակայն գտավ երազանքն ու ավելին...


Կանացի ամուր կամքի մի պատմություն Լիանա Անթառանյանի` Կարեն Ջանիբեկյանի կնոջ կենսագրության շրջադարձային էջի սկիզբն եղավ երդումը, որն իր համար անգին էր ու սրբազան... - Երբ հայրս մահացավ, շիրիմի առջև երդվեցի, որ պիտի հավերժացնեմ նրա հիշատակը: Որոշեցի գրի առնել իր կյանքի պատմությունը, որը նաև արտացոլում էր իմ շատ սիրած Անթառանյան տաղանդավոր, բայց պարզ ու հասարակ ցեղի բնավորությունը: Իմ երազանքն էր այդ ամենը բեմադրված տեսնել: Սակայն Լիանան ավելի քան հեռու էր իր երազանքից. նա ապրում էր Մոսկվայում, զբաղվում արվեստի հետ ընդհանուր ոչինչ չունեցող աշխատանքով ու ստիպված էր հանդուրժել նյութապաշտ ամուսնուն, ով ոչ միայն չէր հասկանում կնոջ նուրբ հոգին, այլև ամեն կերպ խանգարում էր ու վշտացնում նրան. - Մոսկվայում ես առևտրով էի զբաղվում. մի աշխատանք, որը խորթ էր իմ էությանը: Սակայն ամենաանտանելին այն էր, որ ամուսնուս համար ոչ մի արժեք չունեին իմ ձգտումները, երազանքները: Նա ընդամենը մի նյութամոլ էր, ով հայրիկիս պատմությունը հավերժացնելու աշխատանքս անիմաստ էր համարում: Ես օրերով տքնում էր համակարգչի առջև` ամենայն խնամքով կազմելով այդ տեքստը, իսկ նա մի օր նույնիսկ դիտավորյալ շարքից հանեց համակարգիչը. ստեղծածս նյութը պարզապես ոչնչացավ: Հետո, մեծ դժվարությունների գնով, ես, իհարկե, պատառիկ առ պատառիկ այն վերակազմեցի... Մի գեղեցիկ օր էլ երդումս ինձ բերեց Հայաստան: Ես պիես գրել անգամ չեմ իմացել, բայց երբ ցանկությունդ մեծ է, ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել... Հանրաճանաչ արտիստ Կարեն Ջանիբեկյանին իր հորն անչափ նմանեցնելով` Լիանան իր գրած պատմությունը ներկայացնում է վերջինիս ու առաջարկում մարմնավորել հոր կերպարը: Ջանիբեկյանի ու Անթառանյանի ճանապարհներն այսպիսով խաչվում են ու հետագայում` միահյուսվում: Սակայն մինչ այդ դեռ բազում նեղություններ ու դժվարություններ շարունակաբար փորձության էին ենթարկելու երազանքի հետևից գնացող կնոջ կամքի ուժն ու երդմանը հավատարմությունը: - Մի օրում ես կորցրեցի ամեն ինչ. ինձանից երես թեքեցին քույրերս, արժանացա նաև մյուս հարազատներիս ու բարեկամներիս արհամարհանքին: Սակայն ինչի՞ համար... Նրա համար, որ ես չկարողացա՞ ապրել մի մարդու հետ, ով ինձ բնավ չէր հասկանում... Նրա համար, որ հավատարի՞մ մնացի երդմանս... Միայնակության զգացումն այնքա˜ն անտանելի էր. այն գիտակցումը, որ ողջ մոլորակում միան դու ես, երեխադ ու մի պիես... Այլևս վերջին կոպեկներս էի ծախսում. անգամ երթուղայինի գումար համարյա չունեի: Պայուսակիս մեջ միակ արժեքավոր իրն ամուսնական մատանիս էր, որը պահել էի ծայրահեղ նեղ օրվա համար: Սակայն վաղ թե ուշ ամեն ինչ իր տեղն է ընկնում. ինչպես ասում են, ամեն փոթորկոտ գիշերի հաջորդում է խաղաղ ու արևոտ առավոտը... - Երազանքս կատարվեց` պատմությունս վերածվեց պիեսի ու բեմադրվեց. «Սարերում կյանք կա» ներկայացման մեջ գլխավոր դերը ստանձնեց Կարեն Ջանիբեկյանը: Մենք ամուսնացանք: Հրաշալի ամուսին ունեմ հիմա` հանձին Ջանիբեկյանի: Ուզում եմ Աստծո կամոք նրա համար մի արու զավակ ծնել, ով կշարունակի իմ Անթառանյան ցեղը, և Ջանիբեկյաններն էլ կավելանան ևս մի արժանավոր հետնորդով: Կյանքում մի հետաքրքիր օրինաչափություն կա. միշտ, երբ փակվում է մի դուռ, փոխարենը բացվում են երկուսը…

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ