ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ Փրկեք անիրազեկների ճիրաններից


Տեղական և տարածքային կառավարման մարմինների ստեղծման շրջանում ժամանակի հրամայականներից և տրամաբանությունից ելնելով` մեր երկրում տեղի ունեցավ լիազորությունների և սեփականության ձևերի բաժանում: Հատկապես մեծ ուշադրություն դարձվեց մշակութային օջախներին, որոնց պատկանելության ճշգրտման հարցում կիրառվեցին մի շարք ձևաչափեր: Մասնավորաբար, հանրապետությունում առկա մշակութային օջախներն ու հաստատությունները բաժանվեցին համայնքային, մարզային և պետական սեփականության ձևերի մեջ: Ինչպես ժամանակին հավաստում էին այս բաժանումների «ճարտարապետները» և մասնավորաբար Մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը` սա առաջավոր քայլ էր, որը հնարավորություն էր տալիս հստակորեն տեղաբաշխելու բյուջետային միջոցները, ՏԻ մարմիններին օժտել որոշակի իրավասություններով և նրանց նույնպես ներգրավել մշակույթի կառավարման ոլորտում: Նման մոտեցումները որքան արդարացված ու արդիական էին, նույնքան էլ մեծ ռիսկեր էին պարունակում, որովհետև նորաստեղծ տեղական ինքնակառավարման մարմինները չունեին մշակույթի կառավարման փորձ, չափազանց աղքատիկ էին տեղական բյուջեները: Իսկ պետությունն էլ, գուցե սուղ հնարավորությունների թելադրանքով` չէր պատրաստվում սուբսիդավորել ՏԻՄ-երին հանձնված մշակութային օջախները: Մինչդեռ հանձնվել էին արվեստի, գեղարվեստի ու երաժշտական դպրոցները, գրադարանային համակարգերը, խոշոր համայնքներում գործող մի շարք թատրոններ, պատկերասրահներ, թանգարաններ, երաժշտակատա րողական հանրույթներ: «Հանձնման-ընդունման» գործընթացները հաճախ կրել էին շտապողականություն, ձևական բնույթ, երբեմն Մշակույթի նախարարությունը պարզապես «կուլ էր գնացել» մարզպետների և համայնքապետերի ցանկություններին` նրանց իրավասությանը թողնելով պետական նշանակության մշակութային օջախներ, ազգային մշակութային հարստություններ: Անտարակույս, մշակութային օջախների առատությամբ երկրում առաջատար էին համարվում Գյումրի և Վանաձոր քաղաքները, որտեղ էլ իրականացվեցին սեփականության վերաբաժանման մեծ թվով գործողություններ: Գյումրիում քաղաքապետարանի ենթակայությանն անցան Տիկնիկային պետական թատրոնը, Երկրագիտական թանգարանը, Արմեն Տիգրանյանի և Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանները, 8 երաժշտական, Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցները, գրադարանների կենտրոնացված համակարգը, այլ մշակութային օջախներ: Ի սկզբանե խոշոր մշակութային կենտրոն հանդիսացող քաղաքը մշտապես հարստացրել է ազգային գեղարվես տական իրականությունը, ձևավորել ուրույն մտածողություն, ստեղծել մշակույթի հարուստ ավանդույթներ: Ի դեպ, քաղաքապետարանի ենթակայությանն անցած պետական Տիկնիկային թատրոնը, նկարչական դպրոցը և Ն. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցն ազգային արժեքներ էին, որովհետև Հայաստանում ստեղծված առաջին հաստատություններն էին: Տարիների ընթացքում, չունենալով մշակույթի զարգացման ծրագիր և հայեցադրույթներ, քաղաքային իշխանությունները գեղարվեստական կյանքն ու նրա բաղադրիչները հանդիսացող մշակութային օջախները մատնեցին անուշադրության ու անհոգության` ի վերջո, այսօր քաղաքում տիրապետող դարձնելով մշակութային խառնափնթորը: Մշակույթ ասվածն էլ տեղավորելով ընդամենը հերթական միջոցառումների շրջածիրում: Լուծարվեցին Տիգրանյանի և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցները, և նրանց հենքի վրա ձևավորվեց արվեստի դպրոց` անծրագիր ու անհեռանկար: Լուծարվեց թիվ 8 երաժշտական դպրոցը, որը մի հսկայական միկրոշրջանի էր սպասարկում: Գյումրիում երաժշտական դպրոցները կարևոր նշանակություն ունեն նաև այն առումով, որ դրանք են կադրեր պատրաստում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի համար: Պակասեց գրադարանների թիվը, իսկ եղածներն էլ հայտնվեցին «աղքատ ազգականի» կարգավիճակում. նրանք հիմնականում տեղավորված են անբարենպաստ, տարրական պայմաններից զուրկ շենքերում, մի քանիսը մոտ երեսուն տարի չեն վերանորոգվել, իսկ գրադարանային ֆոնդերը մնացել են 20-րդ դարում ձեռք բերվածի մակարդակին: Ինչպես տեղեկացանք, նոր գրքերի գնման համար ֆինանսական միջոցներ չեն տրամադրվում, գրադարանները չեն ստանում թերթեր և հանդեսներ: Անմխիթար վիճակ է տիրում երաժշտական դպրոցներում, որտեղ գրեթե բացակայում են նոր նվագարանները, երաժշտական գրականությունը, մեթոդական ձեռնարկները: 1935 թ. հիմնադրված Տիկնիկային թատրոնն էլ մի կերպ է կարողանում գոյատևել, քանի որ շենքում 1985-ից ի վեր չեն կատարվել վերանորոգումներ. քաղաքապետարանը միայն չնչին միջոցներ է տրամադրում աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար, իսկ աշխատավարձերն այստեղ շատ քիչ են տարբերվում ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձից: Խոսակցություններ կան, թե քաղաքային իշխանություններն արդեն օտարել են տիկնիկայինի շենքը… Համաշխարհային բանկի միջոցներով վերակառուցված «Հոկտեմբեր» կինոթատրոնն էլ վաճառվեց «Պարադիզ» ընկերությանը` այսպես «թեթևացնելով» քաղաքային իշխանությունների հոգսերը: Տարիներ շարունակ մշակույթի կառավարումը վստահվել է պատահական մարդկանց, որոնք էլ աստիճանաբար մշակույթը տարել են դեպի անորոշություն և անտերունչություն, ծավալել այնպիսի գործունեություն, որն այս դեպքում համազոր է չգործունեության… Ստեղծված կացությունը պարտադրում է այսօր մտահոգվել մշակութային օջախների ճակատագրերով և առաջարկություն ներկայացնել կառավարությանը` վերանայելու սեփականության ձևերը, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությանը հանձնելու վտանգված հաստատությունները, որոնք 1-2 տարուց հետո կարող են այլևս գոյություն չունենալ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտ երեք տարի առաջ հայտարարում էր, որ պետական ծրագիր է մշակվում` Գյումրին մշակույթի տարածաշրջանային կենտրոն դարձնելու մասին: Այդ ծրագիրն, իհարկե, տակավին գոյություն չունի, սակայն դրա ստեղծումը հրամայական է, որպեսզի մշակույթի այս հնամենի հանգրվանը փրկվի ավերածություններից և անիրազեկ մարդկանց օրապակաս որոշումներից ու լուծումներից:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ