ՏԽՐԵՑՆՈՂ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


 

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մարդահամարի նախնական արդյունքները: 2011 թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում առկա է եղել 2 մլն 871 հազ. 509 մարդ: Հաշվեգրված բնակչության թիվը (ներառում է ինչպես ներկաներին, այնպես էլ հանրապետությունից բացակայողներին) 3 մլն 285 հազ. 767 է: 2001 թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում հաշվեգրված բնակչության թիվը 3 458 303 էր, իսկ հանրապետությունում առկա էին 3 002 598-ը:

Այդպիսով` 10 տարվա ընթացքում հանրապետությունից մշտապես հեռացել է 173 հազ. մարդ, իսկ ներկայում հաշվեգրված 414 հազ. մարդ կամ բնակչության 12.6 %-ը բացակայել է հանրապետությունից: Անկախ տարածված այն կարծիքից, որ այնքան էլ հավատընծա չեն 2001-ի մարդահամարի արդյունքները, այնուհանդերձ գործ ունենք տխրեցնող վիճակագրության հետ: Իհարկե, ոմանք կարող են ասել, թե տասը տարում 173 հազար մարդու հեռացումը ողբերգություն չէ, աշխարհի շատ երկրներում առավել զարհուրելի տվյալներ են հրապարկվել: Այսպես, Վրաստանից 10 տարվա ընթացքում հեռացել է մոտ 750 հազար մարդ, Ադրբեջանից հեռացածների թիվն անցնում է 1,5 միլիոնից, Ռուսաստանի Դաշնությունից` ավելի քան 10 միլիոն մարդ: Սակայն մենք չենք կարող այս համադրությունից ոգևորվել, կամ էլ` մխիթարվել: Հայաստանը փոքր երկիր է, այն հայության միակ հանգրվանն է, որտեղ համախմբված ապրում է ունիտար ազգային միավոր, ինչը նշանակում է, որ հենց Հայաստանում են լուծվում էթնիկական, ռազմավարական և այլ խնդիրներ: ՀՀ բնակչության թիվը ոչ միայն ազգապահպանման երաշխիքն է, այլև` նրա հզորությունը: Աշխարհում ապրող մոտ տասը միլիոն հայերից 3 միլիոնն է հայրենիքում: Իսկ ազգի գոյատևման, շարունակականության էթնիկական առանձնահատկությունների պահպանման համար առաջին հերթին դիտարկվում է հայերով բնակեցված և նրանց հայրենիքը համարվող պետությունը: Ուրեմն, այսօր կանգնած ենք ժողովրդագրական լուրջ խնդրի` ինքնության կորստի առջև ողջ աշխարհում:

Լ.Մ.