ԳՆԱՃՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿԴԱՌՆԱ


 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հաստատել է Էներգետիկայի նախարարի ավելի վաղ հնչեցրած հայտարարութ յունը` ընթացիկ տարում Հայաստանին մատակարարվող գազի սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Երկու հավաստիացումներն էլ վկայում են այն իրողության մասին, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել` գներն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Տարօրինակ է սակայն, որ այս մասին ո´չ Էներգետիկայի նախարարը, ոչ էլ Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ոչինչ չեն մանրամասնում:

Ռ. Նազարյանի հայտարարությունում, այսուհանդերձ, հետաքրքիր մի նրբերանգ կա. նա նշել է, որ գործող սակագները կպահպանվեն` բնակիչ-բաժանորդների համար այդպես էլ անորոշ թողնելով, թե ինչ արժեքով է վառելիք հրամցվելու հայրենի տնտեսվարողներին: Չի բացառվում, որ նախընտրական տարում մեր իշխանություններին գերագույն ճիգերի գնով հաջողվել է «Գազպրոմի» հետ գործող գներն անփոփոխ թողնելու խոստում կորզել: Թեև այս դեպքում էլ եթե գազը թեկուզ խոշոր սպառողների համար միայն թանկանա, ապա անխուսափելի գնաճի հետևանքով բնակչության կրելիք նյութական վնասը դարձյալ շոշափելի է լինելու: