ՀՈՒՅՍՆԵՐԸ` ԱՄԱՆԱԿԻ ՎՐԱ


 

Այս տարվա ընթացքում լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկ հավաքագրելու` վարչապետի հանձնարարականը Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության շրջանում թարմացրել է լարվածությունն ու անհանգստությունը: Իրենց իսկ կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկի դիտարկումը բացահայտել է, որ հակառակ գործադրված ակնհայտ ջանքերին 2011-ին նրանց հաջողվել է նախորդից ընդամենը 50 միլիարդով ավելի շատ հարկեր հավաքագրել:

Ընդ որում, նման ցուցանիշի հաջողվել է հասնել հատկապես հանքարդյունաբերության վերելքի հաշվին: Իսկ նման իրավիճակում միայն լավատեսությանն ապավինելով` հուսալ, թե հանքերն այս տարի էլ են նույն ինտենսիվությամբ շահագործվելու, իհարկե իրատեսական չէ: Բացի այդ, գրեթե անհայտ է, թե նույնիսկ հանքարդյունահանման ծավալների պահպանման դեպքում որտեղի՞ց է հայթայթվելու ու հավաքագրվելու 101 միլիարդի մյուս կեսը: Ըստ տեղեկությունների` ՊԵԿ ղեկավարությանն այն փոքր հույսն է միավորում, որ տարին դեռ նոր է սկսվում, ու ելքեր որոնելու ժամանակ իրենք դեռ ունեն: