ԽՈՇՈՐՆԵՐԸ խելքի՞ են գալիս


ՀԵՏԶՀԵՏԵ ավելի ընդգծված քայլերով խոշոր բիզնեսի խոշոր եկամուտներից հարկային մուտքերն ապահովելու հարցում գործադիրի խոստումները որոշակի արդյունքներ են գրանցում: Պետեկամուտների կոմիտեի կողմից նախորդ տարվա առաջին խոշոր հարկատուների հազարյակի ամփոփումը բավական տպավորիչ տոկոսներ է արձանագրում` հօգուտ երկրի առաջատար տնտեսվարողների: Նկատելի առաջընթացն, իհարկե, հեռու է բավարար, առավել ևս` գոհացուցիչ համարվելուց: Սակայն միայն այն հանգամանքը, որ 15 ամենախոշոր հարկատուների վճարումներն ավելացել են 9.8, հարյուր ամենախոշորներինը` 13, հազարյակինը` դարձյալ 13 տոկոսով, դրական միտումների շարունակականության հույսեր է ստեղծում: Միաժամանակ փաստվում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը մեր երկրում լիարժեքորեն հաղթահարվել է: Է´լ ավելի ոգևորող է, որ առաջատար 15 կազմակերպությունների շարքում ներկայացված միայն երկու տեղական արտադրողները` «Գրանդ Տոբակոն» և «Մասիս Տաբակը», համապատասխանաբար` 16,8 և 30,4 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները: Պատկերն, իհարկե, ավելի ոգևորող կլիներ, եթե աննախադեպ 14,5 տոկոսանոց հետընթաց գրանցած չլիներ մշտապես իրեն ամենաարագ զարգացող կառույցներից մեկը ներկայացնող «Ղ Տելեկոմը»: Թե ինչու է հետընթացն այստեղ այդչափ մեծ, իհարկե, միայն Ռ. Յիրիկյանը կիմանա ու այդ մասին նա երբեք հրապարակավ չի խոսի: Սակայն խնդիրն այնքան էլ պատճառի հայտնի կամ անհայտ լինելը չէ. «Հայռուս գազարդի» դեպքում ամեն ինչ ավելի պարզ է թվում, բայց դրանով հարցը բնականաբար չի լուծվում: Վերջին տարիներին ՊԵԿ բոլոր տարեկան ամփոփումներում գազամատակարար կառույցի հարկային վճարումները կլորիկ թվերով նվազում են: Որքան գազը թանկանում է, այնքան քիչ է սպառվում, որքան նվազում է սպառումը, այնքան պակասում է «Հայռուսգազարդի» վճարելիք հարկերի չափը: Նման իրավիճակում մեծ կարելի է համարել հավանականությունը, որ տարեկան հաջորդ ամփոփման ժամանակ մի քանի տարի ընդգծված առավելությամբ հազարյակը գլխավորած կառույցը զիջի դիրքերը: Մյուս կողմից էլ, սակայն, երկրորդ տեղը պահպանած «Ալեքս Գրիգը» առաջատարի դափնին նվաճելու հարցում կարծեք թե մեծ ջանքեր չի գործադրում: Լֆիկ Սամոյի բիզնեսներն իհարկե ծաղկում են, սակայն հարկատուների ցուցակում նա գրեթե 1 տոկոսով նվազեցրել է պետությանը վճարվող գումարները: Իսկ 1 տոկոսը որքան էլ մեծ թիվ չլինի, միևնույն է, ստվեր է գցում ընդհանուր պատկերի վրա: Ի վերջո, թեև դանդաղ, բայց հարկեր թաքցնելու սովորույթը վերջապես արդեն գործնականում արմատախիլ է արվում: Համենայն դեպս, այս առումով ավելի խոսուն փաստ, քան վիճակագրությունն է, դժվար է գտնել: Մնում է ենթադրել, որ հազարյակում երբեմն հանդիպող անուղղելիները (՞) կա´մ օրինակ կվերցնեն հարկային վճարումների հանդեպ վերաբերմունքը փոխած իրենց գործընկերներից, կա´մ գոնե բարոյական առումով կպարտավորվեն իրենց ընկերությունների արձանագրած անկման վերաբերյալ տրամաբանությանը մոտ պարզաբանումներ ներկայացնել: