1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Նախընտրական պայքարը մշտապես զուգորդվում է տարատեսակ սոցիոլոգների հայտնությամբ: Որքան էլ քաղուժերն ու հանրությունն անտարբերությամբ և վերապահումներով վերաբերվեն հայկական սոցիոլոգիայի ներկայացուցիչների հրապարակած թվերին ու տոկոսներին, այսուհանդերձ, անբարյացակամ վերաբերմունքը չի խանգարում նրանց` առիթ որոնել` իրենց ասելիքը հրամցնելու: Տպավորությունն այնպիսին է, որ հարցումների կազմակերպիչները ոչ այնքան հանրության վերաբերմունքն են փորձում ճշտել, այլ հատկապես նախընտրական շրջանում քարոզչության կամ հակաքարոզչության քաղաքական առաջադրանքներ են կատարում: Ահավասիկ ոչ անհայտ Ահարոն Ադիբեկյանն օրերս հայտարարեց, թե երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը 2,5 %¬ի սահմաններում է: Առաջին հայացքից` նշված քաղգործիչն անհուսալի վիճակում է, և անկախ նրանից, թե Ռ. Քոչարյանը խորհրդարանական ընտրություններում ինչ¬որ կուսակցության կկցվի, թե Նախագահի ընտրություններում ինքնուրույն կառաջադրվի` միևնույն է, հաջողության հասնելու հավանականությունը փոքր է: Չի բացառվում, որ նշված թիվը նվազեցված կամ ուռճացված լինի, որովհետև սոցիոլոգի հրամցված թվերին գրեթե հավատացողներ չկան: Ավելին, նրա պնդումներն ընկալվում են որպես քաղաքական պատվեր կամ` առնվազն իրեն նոր պատվեր տալու հրավերք: Ինչևէ: Այս պարագայում Ա. Ադիբեկյանը հավատացնում է, թե երկրորդ Նախագահի վարկանիշը շատ ավելի բարձր կարող էր լինել, եթե որպես արցախյան հերոսամարտիկ ներկայացող գործչի պարագայում Ղարաբաղյան հիմնահարցը և պատերազմի վերսկսման հավանականությունն օրախնդիր համարվեր: Այս տրամաբանությամբ` Ռ. Քոչարյանի ցածր վարկանիշի համար տվյալ դեպքում ուրախ կարող ենք լինել մեկ այլ առումով. ուրեմն` պատերազմի սկսման վտանգ մեր հասարակությունը փաստորեն չի տեսնում: Իսկ ինչ մնում է վարկանիշին, ապա այն հազիվ թե անհանգստացնի հասցեատիրոջը: Պաշտոնավարման տարիներին անգամ երկրորդ Նախագահի վարկանիշը 2,5 տոկոսից շատ բարձր չէր: Բայց, ինչպես հիշում ենք, ժողովրդականություն վայելելու հարցը Քոչարյանին չէր անհանգստացնում, իսկ ընտրություններում նա ևս հարցերը լուծելու սեփական մեթոդներն ուներ: